Ազիլ-տարդենուազյան մշակույթ

Ազիլ-տարդենուազյան մշակույթ, միջին քարի դարին բնորոշ մշակույթ։ Այս ժամանակաշրջանը բաժանվում է իրար հաջորդող ազիլյան ու տարդենուազյան ժամանակների։

Մեզոլիթի ազիլյան փուլ խմբագրել

Ազիլյան բնակիչները զբաղվում էին վայրի կենդանիների որսով։ Ազիլի (Ֆրանսիայի Ազիլ քարայրի անունից) բնորոշ առանձնահատկություններից է կակղամորթների օգտագործումը։ Որսորդության հետ միասին նշանակալից դեր է կատարել հավաքչությունը։ Մարդիկ հավաքել են նաև զանազան մրգեր, հատապտուղներ, ընկույզ, արմատիք և այլն[1]։ Մեզոլիթի ազիլյան փուլում, մադլենյանի համեմատությամբ, ոսկրե գործիքները՝ եռաժանիները, ավելի խնամքով են մշակվում։ Վերին պալեոլիթին հատուկ բազմազան ձևերի ու տիպերի, ինչպես նաև կոպիտ ու մեծ չափերի վանակատի գործիքների փոխարեն լայնորեն տարածվում են միակերպ մանր ձևերը, այդ թվում՝ սեգմենտները, սրածայրերը, մանր կլոր քերիչները, ինչպես նաև վանակատի միկրոլիթյան երկրաչափական ձևի գործիքները, որոնք ծառայել են որպես եռաժանիների և տեգերի սայրեր, զետեղվելով փայտի կամ ոսկրի հիմքի մեջ։ Բնորոշ են նաև խոշոր սեգմենտաձև կոպիտ գործիքները, մասսիվ լայն շեղբերից պատրաստված կտրիչները, ծայրերը, քերիչներ-ջարդիչները և այլն[2]։

Մեզոլիթի տարդենուազյան փուլ խմբագրել

Ազիլյան մշակույթը հետագայում փոխարինվում է նոր, ավելի միակերպ՝ տարդենուազյան (Ֆրանսիայի Ֆերան-Տարդենուազ վայրի անունից) մշակույթով։ Տարդենուազյան հուշարձանների կապը ազիլյանի հետ այնքան պարզ ու անվիճելի է[3], որ այն անվանում են ազիլ-տարդենուազյան մշակույթ։ Վանակատի շինվածքները այժմ ավելի են փոքրանում և ստանում առավել բնորոշ երկրաչափական միկրոլիթյան բնույթ։ Տարդենուազյան բնակավայրերի տարածման բնորոշ գիծն է նրանց կապը գետերի երկայնքով ձգվող տերիտորիաների հետ, որտեղ հայտնաբերվել են տարդենուազցիների տևական բնակեցման հետքեր՝ կակղամորթների մեծ թվով խեցիներ, կենդա­նիների ոսկորներ և քարե, ոսկրե շինվածքներ, ձկների ոսկորների հետ միասին[4]։ Հանդիպում են ոչ մեծ բնակավայր կացարաններ (գետնափոր տներ), որտեղ կան ոչ խորը կլոր փոսեր՝ հատուկ օջախներով[5]։ Հարթավայրերում մշտական բնակավայրերը տարդենուազյան ժամանակի մարդիկ օգտագործել են միայն ձմռանը, իսկ ամռանը տեղափոխվել են բարձրադիր վայրեր (լեռներ)։ Դրանով կարելի Է բացատրել այն հետաքրքիր փաստը, որ տարդենուազյան բնակավայրերը գտնվում են բարձր տեղերում։ Մարդիկ բնակվել են գետերի ափերին, քարայրներում, անտառներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. П. П. Ефименко, Первобыное общество, էջ 634
  2. П. П. Ефименко, Первобыное общество, էջ 638
  3. П. П. Ефименко, Первобыное общество, էջ 632
  4. П. П. Ефименко, Первобыное общество, էջ 629, 635
  5. П. П. Ефименко, Первобыное общество, էջ 630-631
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 119