Ազգային լեզու
Ազգային լեզու, ազգորեն կազմավորված ժողովրդի լեզուն, պատմականորեն ձևավորված լեզվական այն ընդհանրությունը, որը միավորում է տվյալ ժողովրդի լեզվական միջոցների ամբողջությունը՝ գրական լեզվի հետ ներառելով նաև բարբառները, խոսվածքները և սոցիալական ժարգոնները։ Ազգի գրական լեզուն դիտվում է որպես ազգային լեզվի բարձրագույն ձև, արտահայտություն, որ կարող է լինել նաև պետական լեզու, եթե պաշտոնական լեզվի ճանաչում է ստանում տվյալ ազգի, ժողովրդի պետականության սահմաններում։ Ըստ այդմ էլ հաճախ գործածում են ազգային-պետական լեզու, ազգային-գրական լեզու[1]։ Որոշակի տարածքում որպես առաջին լեզու խոսվող մեկ կամ ավելի լեզուները կարող են համարվել ազգային լեզուներ։ Ազգային կամ պետական լեզուների մասին նշված է ավելի քան 150 երկրների սահմանադրություններում[2]։
Կոնրադ Բրաննը հիմնականում նկատի ունենալով Աֆրիկան՝ ենթադրում է, որ կան չորս միմյանցից տարբերվող ազգային լեզվի իմաստներ[3]
- «Տարածքային լեզու» (քթոնոլեկտ, chthonolect[4])
- «Շրջանային լեզու» (քորոլեկտ, choralect)
- «Հիմնական կամ համայնքային լեզու» (դեմոլեկտ, demolect) ամբողջ պետության տարածքում օգտագործվող լեզուն
- «Կենտրոնական լեզու» (պոլիտոլեկտ, politolect) կառավարության կողմից օգտագործվող և հավանաբար խորհրդանշական արժեք ունեցող լեզուն
Կենտրոնական լեզուն հաճախ անվանում են նաև պետական լեզու։ Ստանդարտացված լեզուները, օրինակ՝ ստանդարտ գերմաներենը, ֆրանսերենը և իսպաներենը կարող են լինել ազգային, տարածքային կամ միջազգային լեզուներ։
Ազգային լեզվի գաղափարը համընդանուր ընդունելի չէ։ Այսպես, Սամուիլ Բերնշտայնը մերժում էր հասկացության լեզվաբանական բովանդակությունը՝ համարելով այն զուտ գաղափարական կառույց[5]։ Դրան հակառակ՝ Վիկտոր Վինոգրադովը ազգային լեզուն համարում էր այն լեզվական իրականությունը, որի ներսում տեղի է ունենում լեզվական երևույթների վերախմբումը և հատկապես՝ բարբառների շարունակական տարբերակումը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
- ↑ Jacques Leclerc, L'aménagement linguistique dans le monde, CEFAN, Université Laval
- ↑ Brann, C.M.B. 1994. "The National Language Question: Concepts and Terminology." Logos [University of Namibia, Windhoek] Vol 14: 125–134
- ↑ Wolff, H. Ekkehard "African Languages: An Introduction Ch./Art: Language and Society p. 321 pub. Cambridge University Press 2000
- ↑ С. Б. Бернштейн. К изучению истории болгарского языка. // Вопросы теории и истории языка: Сборник в честь проф. Б. А. Ларина. — Л., 1963.
- ↑ В. В. Виноградов. Проблемы литературных языков и закономерностей их развития. — М., 1967. — С. 76-80.