Ագուլիսի բարբառ
Ագուլիսի բարբառ, զոկերեն արևելյան՝ ում ճյուղի անտեղաշարժ բաղաձայնական՝ եռաստիճան համակարգ ունեցող բարբառ։ Խոսվել է Ագուլիսում և շրջակա բնակավայրերում[1]։
Ձայնավորներն են՝ ա, է, ը, ի, օ, ու, â, ö, ու՛։ Կան երկբարբառացումներ։ Առկա է ձայնավորների ներդաշնակության երևույթը։ Բաղաձայնական (պայթականների ու կիսաշփականների) համակարգը՝ եռաշարք (գրաբարակերպ)։ Ետնալեզվային պայթականներն ունեն քմայնացած տարբերակներ։ Շեշտը՝ վերջընթեր վանկում։ Գոյականն ունի թվի, հոլովի, առկայացման կարգեր։ Հոգնակիակերտներն են՝ -ար/-äր, -նէր, -ք, -äտիք, -նäտիք ևն։ Հատկացուցիչը որոշիչ հոդ է ստանում։ Բացառականում՝ -ից, գործիականում՝ -ավ, ներգոյականում՝ ամ (նաև՝ -ում) վերջավորությունները։ Կա նաև բացառականի վերլուծական ձև։ Առկա է անձի ու իրի քերականական տարբերակում (կրող խնդրի հետ կապված)։ Օժանդակ բայը չունի անցյալի ձևեր։ Բայի անցյալի վերլուծական կաղապարում գործառում է նէլ օժանդակ բառը (բառ-մասնիկը)։ Անցյալ կատարյալը համադրական ձև չունի։ Անկատար դերբայը ձևավորված է -ամ մասնիկով։ Սահմանական ներկան կազմվում է անկատար դերբայով և օժանդակ բայով։ Ձայնավորասկիզբ բայերը ստանում են ն նախահավելվածը. նօտամ ըմ «ուտում եմ»։ Ունի յոթ հոլով, հինգ եղանակ[1]։
Անցյալում այս բարբառով խոսողներին կոչել են զոկ, որից էլ բարբառի երկրորդ՝ զոկերեն անվանումը, որն այժմ գործածական չէ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 2։
- ↑ Հ. Զ. Պետրոսյան (1987). Հայերենագիտական բառարան. Երևան: «Հայաստան». էջ էջ 11-12.
Գրականություն
խմբագրել- Ս. Սարգսյանց, Ագուլեցոց բարբառը (զոկերի լեզուն), մ. 1-2, Մոսկվա, 1883։
- Հրաչյա Աճառյան, Քննություն Ագուլիսի բարբառի, Երևան, 1935։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 61)։ |