Հատկացուցիչ
Հատկացուցիչ, նախադասության երկրորդական (ստորադաս) անդամ, գոյականով արտահայտված (նաև գոյականաբար առնված) գերադաս անդամի լրացում։ Արտահայտում է ստացականություն՝ պատկանելություն, հատկացում, վերաբերում, սերում (ծագում), ինչպես նաև ամբողջը` մասի հարաբերությամբ, պատճառ, տարածական, խնդրային, ենթակայական ու համատիպ այլ հարաբերություններ։ Սեռական հոլովի հիմնական կիրառություններից մեկն է։ Հատկացուցիչ ունեցող լրացյալը (գերադաս անդամը) կոչվում է հատկացյալ։ Շարադասությամբ հատկացուցիչը նախորդում է հատկացյալին։ Եթե հատկացուցչի և հատկացյալի միջև առկա է նախադասության այլ անդամ (օրինակ` որոշիչ), ապա հատկացուցիչն այդ անդամից տրոհվում է բութով։
Հատկացուցիչը պատասխանում է ու՞մ, ինչի՞, ինչերի՞ հարցերին։
Լինելով գոյականական անդամի լրացում՝ հատկացուցիչը ևս իր բնույթով գոյականական է։ Այն արտահայտվում է՝
- գոյականով - Արևը չորացնում է գետի խոնավությունը: (Ակսել Բակունց)
- դերանունով - Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են... (Ավ. Իսահակյան)
- գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, ոչ առարկայանիշ դերանուններ, որոշ դերբայներ և առհասարակ լեզվական ամեն արտահայտություն, տարր) - Կեղծավորի մի աստղ էր//Որ ձևացավ ամբողջ կյանքում//Առաքինի, ազգասեր... (Հովհ. Թումանյան)։
Աղբյուրներ
խմբագրել- Ս. Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975։
- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։