Summertime, Ջորջ Գերշվինի 1934 թվականին գրած արիան 1935 թվականին բեմադրված «Պորգին և Բեսը» օպերայի համար։ Տեքստը գրել է «Պորգի» վեպի հեղինակը՝ Դյուբոս Հեյուորդը, թեև Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և հրատարակիչների ասոցիացիան համարում է, որ Իրա (Իսրայել) Գերշվինը՝ Ջորջ Գերշվինի ավագ եղբայրը նույնպես երգի համահեղինակ է[1]։ Երգը շուտով դարձավ սիրված և շատ ձայնագրվող ջազ ստանդարտ, նկարագրվելով որպես «անկասկած․․․ կոմպոզիտորի երբևէ գրած ամենահրաշալի երգերից մեկը։ Գերշվինի խորը արտահայտչականությունը հիանալիորեն միաձուլել է ջազի տարրերը և քսաներորդ դարասկզբի Միացյալ Նահանգների հարավ-արևելյան սևամորթների երգերի ոճերը»[2]։ Կոմպոզիտոր և լիրիկ Սթիվեն Սոնդհայմը Հեյուորդի «Summertime» և «My Man's Gone Now» երգերի տեքստերը բնութագրում է որպես երաժշտական թատրոնի լավագույն տեքստեր[3]։

«Summertime (երգ)»
Abbie Mitchell?ի երգը
Ժանրջազ և օպերա
Լեզուանգլերեն
ՀեղինակDuBose Heyward?, Dorothy Heyward? և Ira Gershwin?
ԿոմպոզիտորՋորջ Գերշվին
ՏոնայնությունԼա մինոր

Պորգին և Բեսը խմբագրել

Գերշվինը երգը սկսել է հորինել 1933 թվականի դեկտեմբերին, փորձելով ստեղծել իր սեփական սփիրիթը՝ այդ ժամանակաշրջանի աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտության ոճով[4][5]։ Մինչև 1934 թվականի փետրվարը Գերշվինն ավարտել էր Դյուբոս Հեյուորդի պոեմի երաժշտությունը և հետագա քսան ամիսներին զբաղված էր ապագա օպերան նվագախմբավորելով[6]։ «Պորգին և Բեսը» օպերայի ընթացքում երգը հնչում է մի քանի անգամ։ Տեքստը հնչում է օպերայի առաջին գործողության մեջ՝ Կլարան այն կատարում է որպես օրորոցային։ Երգի թեման վերափոխվում է զառախաղի տեսարանում, ապա երրորդ գործողության մեջ մեկ անգամ ևս վերափոխվում է․ այն այժմ կատարում է Բեսը՝ Կլարայի որբացած երեխայի համար, երբ նրա երկու ծնողներն էլ մահանում են փոթորիկի հետևանքով։ Երգն առաջին անգամ ձայնագրվել է 1935 թվականի հուլիսի 19-ին Էբի Միտչելի կատարմամբ և Գերշվինի դաշնամուրային նվագակցությամբ։ 1959 թվականին երգը Լուլի Ջին Նորմանի կատարմամբ հնչեց մյուզիքլի գեղարվեստական ֆիլմ տարբերակում։ Լուլի Ջին Նորմանի կատարումը երգի համար 52-րդ հորիզոնականը ապահովեց ամերիկյան կինոակադեմիայի AFI's 100 Years...100 Songs ցանկում։

Վերլուծություն խմբագրել

Տեքստ խմբագրել

Ամառ, և ապրելն այնքան հեշտ է
Ձկները խայտում են և բամբակենին բարձրացել է,
Օ, քո հայրիկը հարուստ է, մայրդ բարետես,
Այնպես որ, սու՛ս, փոքրիկս, հերիք լաց լինես։

Մի այսպիսի առավոտ դու երգելով հասակ կառնես
Ապա կտարածես թևերդ և կգրավես երկինքը,
Բայց մինչ այդ առավոտ ոչի՛նչ չի սպառնում քեզ,
Կողքիդ կանգնած են հայրիկդ ու մայրիկդ։

Summertime-ը գրելիս Հեյուորդի ներշնչանքի աղբյուրը եղել է հարավային «All My Trials» օրորոցայինը, որից մի հատված Կլարան կատարում է «Պորգին» պոեմում[8][9]։ Տեքստի մասին գովեստի խոսքեր է ասել Սթիվեն Սոնդհայմը։ Առաջին տողի մասին նա գրել է․

  Այդ «և»-ը արժանի է մեծ ուշադրության։ Ես կգրեի «Ամառ է, երբ․․․», բայց այդ «և»-ը հաղորդում է տոնայնություն, ամբողջական պոետիկ տոնայնություն, էլ չխոսենք այն գեղազարդ ոճի մասին, որն ուղեկցում է ամբողջ պոեմի ընթացքում՝ մի մտերմիկ, անկիրթ ոճ և գիտակցության հոսք, որն առկա է «My Man's Gone Now» և նմանատիպ այլ երգերում։ Դա հենց այն ճիշտ բառն է, որը ոսկու արժեք ունի։ «Ամառ, երբ ապրելն այնքան հեշտ է»՝ ձանձրալի տող է «Ամառ, և…»-ի համեմատությամբ։ Տեքստ գրելիս «և»-երի ու «բայց»-երի ընտրությունը դառնում է համարյա ցավագին, քանզի յուրաքանչյուրը այնքան մեծ կշիռ ունի իր մեջ[10]։  

Երաժշտություն խմբագրել

Երաժշտաբան Ջեյ ՄաքԷլռայթը երգի մասին գրել է[6]

  Գերշվինին իսկապես հաջողվել է երգին հաղորդել ժողովրդական հնչողություն։ Սա առավել ուժեղացնում է նրա լա մինորի համատեքստում օգտագործած պենտատոնիկան՝ բլյուզ հիշեցնող տոնայնությամբ և դանդաղ զարգացող մեղեդայնությամբ։ Հենց այդ մեղեդայնության շնորհիվ է այն տասնամյակներ շարունակ մնացել ջազ կատարողների սիրելի երգը, որը կարելի է կատարել բազմազան տեմպերով և ոճերով։  

Մինչդեռ, Գերշվինը իր սեփական նկարագրությամբ, իր օպերայի համար չի օգտագործել նախկինում մշակված որևէ հոգևոր (սփիրիչյուել) մեղեդի։ «Summertime»-ը հաճախ համարվում է աֆրոամերիկյան «Sometimes I Feel Like a Motherless Child» երգի կրճատ տարբերակ, որով էլ ավարտվում է «Պորգին»[9][11][12]։ Մեկ այլ տեսակետ պնդում է, որ «Summertime»-ը այդ երգի և ուկրաինա-իդիշական մի օրորոցայինի խառնուրդ է[13]։ Ուկրաինական ծագմամբ կանադացի կոմպոզիտոր և երգչուհի Ալեքսիս (Օլեսյա) Կոխանը ենթադրում է, որ այդ հատվածը գրելիս Գերշվինը հավանաբար ներշնչված է եղել ուկրաինական «Oi Khodyt Son Kolo Vikon» («Երազը սահում է պատուհանի մոտով») օրորոցայինով, որը լսել էր Ալեքսանդր Կոշեցի գլխավորած Ուկրաինայի ազգային երգչախմբի Նյու Յորքյան հյուրախաղերի ժամանակ 1929 (կամ 1926) թվականին[14]։

Այլ կատարումներ խմբագրել

«Summertime» ձայնագրվել է շուրջ 25․000 անգամ[15]։ 1936 թվականի սեպտեմբերին երգի ձայնագրությունը Բիլլի Հոլիդեյի կատարմամբ առաջինն էր, որ հիթ դարձավ, զբաղեցնելով փոփ աղյուսակների 12-րդ հորիզոնականը[6]։ Փոփ աղյուսակներում տեղեր զբաղեցրած այլ կատարումներից են Սեմ Կուկի (1957, ԱՄՆ), Օլ Մարտինոյի (1960, ՄԹ), Մարսելսի (1961, ԱՄՆ), Ռիկի Նելսոնի (1962, ԱՄՆ) և Քրիս Կոլումբոյի (1963, ԱՄՆ) կատարումները[16][17]։ Կոմերցիոն առումով ամենահաջողակը Բիլլի Ստյուարտի կատարումն էր, որը 1966 թվականին Billboard Hot 100-ի ցանկում զբաղեցրեց 10-րդ և R&B ցանկում՝ 7-րդ հորիզոնականը[18]։ Երգը կատարել են նաև Ջենիս Ջոպլինը[19][20], Էլլա Ֆիցջերալդը և այլք։ Մեծ Բրիտանիայում Ֆան Բոյ 3-ի կատարումը 1982 թվականին ՄԹ սինգլների ցանկում հասավ 18-րդ հորիզոնականին[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Summertime" at ASCAP Արխիվացված 2006-02-11 Wayback Machine
  2. «Description of song by Robert Cummings at Allmusic.com». Answers.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «A Century of Creativity: DuBose and Dorothy Heyward». Loc.gov. 1926 թ․ օգոստոսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Pollack, Howard (2006). George Gershwin: His Life and Work. University of California Press. էջ 589. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին. «Gershwin summertime spiritual style.»
  5. Hyland, William (2003). George Gershwin: A New Biography. Greenwood Publishing Group. էջ 171. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 «"Summertime" at». Jazzstandards.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Porgy and Bess piano vocal score, "Summertime", Chappell, New York 1935, p. 35
  8. Edward Jablonski, Lawrence Delbert Stewart, The Gershwin Years: George and Ira, Da Capo Press, 1996, 0-306-80739-4, p. 202
  9. 9,0 9,1 Jeffrey Paul Melnick, A Right to Sing the Blues, Harvard University Press 1999, 0-674-76976-7, pp. 129–133
  10. Joanne Lesley Gordon, Art Isn't Easy: The Achievement of Stephen Sondheim, Southern Illinois University Press, Carbondale, Illinois, 1990, p. 13
  11. Samuel A. Floyd Jr., ed. (1990). Black Music in the Harlem Renaissance: A Collection of Essays. New York: Westport. ISBN 0-313-26546-1., p. 22
  12. Rosenberg, Deena (1991). Fascinating Rhythm: The Collaboration of George and Ira Gershwin. Penguin Books USA. ISBN 0-525-93356-5., p. 281
  13. Jack Gottlieb, 'Funny, it doesn't sound Jewish, SUNY Press, 2004, 0-8444-1130-2, pp. 42–43. The author displays the three songs aligned to each other.
  14. Helen Smindak Dateline New York: Kochan and Kytasty delve deeply into musical past Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, The Ukrainian Weekly, 24 May 1998
  15. Joe Nocera (2012 թ․ հունվարի 21). «Variations on an Explosive Theme». The New York Times.
  16. Whitburn, Joel (2003). Top Pop Singles 1955–2002 (1st ed.). Menomonee Falls, Wisconsin: Record Research Inc. էջ 914. ISBN 0-89820-155-1.
  17. 17,0 17,1 Betts, 2004
  18. Whitburn, Joel (1996). Top R&B/Hip-Hop Singles: 1942–1995. Record Research. էջ 421.
  19. Paul Friedlander, Rock and Roll: A Social History, Westview Press, Boulder, Colorado, 1996. p. 207.
  20. Maury Dean, Rock and Roll: Gold Rush, Algora, New York, 2003, p. 248.

Աղբյուրներ

Արտաքին հղումներ խմբագրել