Granny (անգլ. թարգմանաբար՝ «Տատիկ»), Survival horror ժանրի ինդի-խաղ։ Մշակվել և թողարկվել է DVloper շվեդական ընկերության կողմից։ Համարվում է սփին-օֆֆ Slendrina խաղերի շարքում։ Խաղում առկա է անանուն գլխավոր հերոս, որը հայտնվել է թակարդում և արթնացել հին տանը, և հիմա նրան անհրաժեշտ է լուծել հանելուկային գլուխկոտրուկները՝ փախչելով խաղի գլխավոր խոչընդոտ տատիկից, որպեսզի կարողանա լքել տունը 5 օրվա ընթացքում[1][2]։

Granny
Изображение логотипа
ԴիստրիբյուտորSteam, Google Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն
Թողարկման թվական2017
ՊլատֆորմներմաքՕՍ, Անդրոիդ, iOS և Windows
ՇարժիչUnity
Ժանրսարսափ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կրիչթվային բաշխում և թվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐grannyhorror.com(անգլ.)
 Granny (video game) Վիքիպահեստում

Խաղը մեծ ճանաչում է ձեռք բերել այնպիսի մեդիա հարթակներում, ինչպիսիք են YouTube-ը և Twitch-ը։ Խաղը հիմնականում հիմնված է ձայնի վրա։ Գլխավոր խոչընդոտը՝ տատիկը, մշտապես արձագանքում է խաղացողի կողմից հնչեցված ցանկացած ձայնի։ Խաղի ընդհանուր նպատակն այն է, որ խաղացողը կարողանա հուշումների և հանելուկների միջոցով դուրս գալ տնից։

Սյուժե խմբագրել

Խաղի սյուժեն չի նշվում բջջային տարբերակում։ Steam տարբերակում (Windows-ի համար) խաղը սկսվում է այն տեսարանից, որտեղ խաղացողը շրջում է անտառով։ Նա գտնում է տատիկի տունը և շարժվելով դրա ուղղությամբ՝ կորցնում գիտակցությունը։ Նա արթնանում է անկողնում, որտեղից էլ սկսվում է խաղը։ Համաձայն նկուղի պատերից գտնված գրության՝ հերոսը միակը չէ, ում տատիկը գցել է թակարդը։ Պարզ չէ, թե նախկին զոհին հաջողվել է փախչել տնից, թե ոչ, սակայն գրությունը հաստատում է, որ նա ծանր վիրավոր է եղել և հասկացել է, որ ունի փրկվելու շատ քիչ շանսեր։

Խաղի ընթացք խմբագրել

Խաղը կենտրոնացած է տարբեր իրերի օգտագործման միջոցով հինգ օրվա ընթացքում տնից փախչելու վրա՝ խուսափելով միակ ակտիվ սպառնալիքի՝ տատիկի հետապնդումից։ Խաղացողը կարող է փախչել՝ հանելով կողպեքը մուտքի դռնից, կամ վերանորոգելով ավտոտնակում գտնվող մեքենան, որը կպահանջի լրացուցիչ իրերի հավաքածու։ Խաղում կա 16 իր, որոնք անհրաժեշտ է հավաքել փախչելու համար։

Տատիկը շրջում է տանը խաղացողի փնտրտուքներով՝ իր նպատակին հասնելու համար օգտագործելով ցանկացած բարձր ձայն և գցելով թակարդներ, որպեսզի խանգարի խաղացողին առաջ շարժվել։ Եթե տատիկը նկատի խաղացողին, ապա կսկսի հետևել նրան։ Վերին ձեռնահարկում ապրում է հսկա սարդ, որը հսկում է կարևոր իր, սակայն չի կարողանում շրջել տանը։ Եթե խաղացողը նախապես չի շեղում կամ սպանում սարդին, ապա երբ նա ցանկանում է վերցնել իրը, սարդը հարձակվում է նրա վրա։ Տատիկն ունի նաև ագռավ, որը նստած է վանդակում և հսկում է իրը։ Եթե խաղացողը փորձում է վերցնել իրը, ագռավը կտցահարում է նրան, և 3,5 վայրկյան խաղացողի էկրանին հայտնվում է արյուն։ Ագռավին կարելի է շեղել կերի միջոցով կամ սպանել որսորդական հրացանով։ Գտնվելով տանը՝ խաղացողը ևս վնասվածքներ է ստանում, որոնք արտահայտվում են էկրանին ժամանակագրության կամ արյան հայտնվելով։

Եթե խաղացողը հայտնաբերվում է, տատիկը հարվածում է նրան, արդյունքում օրն ավարտվում է։ Խաղացողին նաև կարող են վնասվածքներ հասցնել այլ գործոններ, որոնք հանդիպում են ողջ խաղի ընթացքում։ Եթե խաղացողը հայտնաբերվում է վերջին օրը, նա հայտնվում է վատ ավարտի 4 տեսարաններից մեկում և վերադառնում գլխավոր մենյու։ Խաղացողը կարող է տատիկին ժամանակավորապես հանգեցնել գիտակցության կորստի կամ սպանել՝ օգտագործելով տարբեր թակարդներ կամ զենք։

Հավելյալ «մղձավանջային ռեժիմը» ավելացնում է խաղում առնետ, փոփոխում է տատիկի արտաքին տեսքը և առանձնատան մակերեսի տեքստուրան։

Շարքի շարունակություն խմբագրել

Granny: Chapter Two խմբագրել

Granny շարքի երկրորդ խաղը՝ «Granny: Chapter Two» անվանումով, թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Android բջջային սարքերի համար։ iOS-ի համար թողարկվել է հաջորդ օրը, իսկ Windows-ի համար՝ նույն թվականի դեկտեմբերի 30-ին[3]։

Ինչպես առաջին մասում, երկրորդում նույնպես գլխավոր հերոսը հայտնվում է թակարդում՝ տատիկի տանը։ Առաջին խաղում հակառակորդներից էին միայն տատիկը և նրա տնային սարդը, իսկ «Granny: Chapter Two» սիքվելում նրանց միացել է նաև պապիկը։ Խաղացողը կարող է գլխավոր մենյուից ընտրել «մարզման ռեժիմը», որում տատիկն ու պապիկը տանը չեն գտնվում, իսկ բուն խաղում տատիկը և/կամ պապիկը գտնվում են տանը։

Այս տարբերակում առկա են նաև մի քանի նոր իրեր և զենքի տեսակներ, և բացի դռնից խաղացողը կարող է փախչել նաև ուղղաթիռի կամ շարժիչային նավակի օգնությամբ։ Խաղացողի համար վտանգ են սպառնում նաև երկու նոր հրեշները։

Granny 3 խմբագրել

Granny շարքի երրորդ խաղը՝ «Granny 3» անվանմամբ, թողարկվել է 2021 թվականի հունիսի 3-ին Android-ի համար, և օգոստոսի 22-ին՝ Windows-ի համար։

Apple-ի թողարկման քաղաքականության պատճառով «Granny 3»-ը ներկա դրությամբ հասանելի չէ iOS-ի համար։ DVloper շարքի մշակողը Թվիթերում գրառում է կատարել այն մասին, որ Apple-ը խաղը համարում է «սպամ» նախկին երկու խաղերի հետ նմանության պատճառով[4]։ DVloper-ը հայտարարել է, որ խաղի նոր տարբերակը՝ «Granny 3 1.1»-ը, այլևս չի կարող հասանելի լինել App Store-ում Apple-ի վարած քաղաքականության պատճառով։

Ինչպես նախկին մասերում, այս տարբերակում ևս խաղացողը առևանգվում է տատիկի և պապիկի կողմից։ Սակայն այս անգամ նրանց միանում է նաև թոռնուհի Սլենդրինան։ Հիմնական խաղը նման է նախկին տարբերակներին, սակայն նոր քարտեզով է, նոր իրերով և նոր հանելուկներով, ինչպես նաև հակառակորդի պահվածքի փոքր փոփոխություններով, օրինակ, պապիկը որսորդական զենքը օգտագործում է որպես հեռահար զենք, և որոշ նոր խաղային մեխանիզմներով, ինչպիսիք են, օրինակ, կողպեքներ ջարդելը։ Հիմա առանձնատնից կարելի է փախչել երկու տարբերակով՝ գլխավոր դարպասներից կամ գնացքի/մետրոյի միջոցով։

Ընդունում խմբագրել

2018 թվականի մայիսի ընթացքում Granny խաղը զբաղեցրել է առաջին հորիզոնականը iOS-ի խաղային հարցումներում, այլ ժամանակահատվածներում ևս գտնվել է թոփ-հարցումներում[5]։

Խաղը դարձել է վիրուսային հիթ տարբեր հարթակներում՝ 2018 թվականի մայիսին դառնալով YouTube-ում բջջային տեսախաղերի դիտումների թվով երկրորդը[6]։ Հայտնվել են խաղի բազմաթիվ կլոններ, որոնցից շատերը ստեղծվել են վատ նպատակով, օրինակ, Scary Granny խարդախ խաղը, որը ստեղծվել է խաղացողի սարքը վնասակար ԾԱ-ներով վարակելու համար[7]։ 2019 թվականի հունիսի դրությամբ խաղը ներբեռնել են ավելի քան 100 միլիոն անգամ։

Indie Game Critic-ից Վիլյամ Լևինսկին խաղը գնահատել է 10-ից 10 աստղով՝ գովաբանելով նրա կառավարումը որպես «շատ լավ իրագործված» և ձայնային էֆեկտները որպես «աստղային», ինչպես նաև նշել է, որ այն արդյունավետորեն վախեցնում է խաղացողին[8]։ Common Sense Media-ից Նիլի Ջոնսոնը խաղին տվել է բացասական գնահատական՝ գնահատելով 5-ից 2 աստղ։ Նա հայտարարել է, որ այն «նման է ավելի ավարտուն հավելվածի նախատիպի»՝ համարելով նրա գրաֆիկը «անճաշակ», թեև նշել է, որ խաղը վախեցնում է[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Granny, el juego de terror más popular de los smartphones» (իսպաներեն). El Comercio Perú. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  2. «How to beat Granny - Where to find all the keys and escape items». VG247. 2018 թ․ հուլիսի 4. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  3. «Game Review: Granny Chapter 2 (Mobile - Free to Play)» (անգլերեն). Games, Brrraaains & A Head-Banging Life. 2019 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  4. «DVloper on Twitter: "Hi all. I am still having trouble with Apple. They think Granny 3 is spam and it's to similar to my other Granny games. That's why they can not approve the game. It does not look promising. But i am still trying." / Twitter». Twitter. 2021 թ․ հունիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «AdvertMobile: топы самых популярных игровых iOS-запросов (май 2018)» (ռուսերեն). app2top.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 20-ին.
  6. Vesander, Heini (2018 թ․ հունիսի 15). «How the indie horror game "Granny" became the 2nd most viewed mobile game on YouTube». Matchmade. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. Matthews, Lee (2019 թ․ հունիսի 30). «This Scary Game Stole Passwords From Thousands of Android Users». Forbes. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  8. Lewinsky, William (2018 թ․ հուլիսի 19). «Review of Granny by DVloper». Indie Game Critic. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Johnson, Neilie (2018 թ․ մարտի 16). «Granny». Common Sense Media. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել