Empire V
«Empire V։ Վիպակ իսկական գերմարդու մասին» (ռուս.՝ «Ампи́р «В». По́весть о настоя́щем сверхчелове́ке»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի ութերորդ վեպը (2006)։
Empire V | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | vampire fiction? |
Ձև | վեպ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 2006 |
Հաջորդ | Բեթման Ապոլլո |
Վեպը լույս է տեսել 2006 թվականի նոյեմբերի 2-ին։
Ձևականորեն «Empire V»-ի գործողությունը տեղի է ունենում մեր ժամանակներում, իսկ գլխավոր հերոսը, որի անունից արվում է շարադրանքը, մոտ 20 տարեկան է։ «Empire V»-ի տարածքում («Հինգերորդ կայսրություն») առանձնահատուկ տեղ են գրավում կորպորացիաները և կորպորատիվ մշակույթը։
Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2019 թվականին[1], բայց դեռ չի կայացել։
Սյուժե
խմբագրելՌոման Ալեքսանդրովիչ Շտորկին անունով մի երիտասարդ դառնում է վամպիր։ Դա տեղի է ունենում, երբ Ռոման պատահաբար հանդիպում է մեկ այլ վամպիրի՝ Բրամային, որը վամպիրական մենամարտից հետո որոշել էր ինքնասպանություն գործել։ Բայց մինչ այդ նա պարտավոր է մեկ այլ մարդու փոխանցել լեզուն՝ հատուկ էությունը, որը մարդուն դարձնում է վամպիր։ «Լեզվի» օգնությամբ վամպիրը կարող է կարդալ մարդու կամ մեկ այլ վամպիրի միտքը` փորձելով նրա արյունը։ Ինչպես վամպիրներն են ասում՝ «դեգուստացիա» («համտեսում»)[2]։
Այդպես Ռոման դառնում է վամպիր։ Վամպիրների ավանդույթի համաձայն անունը փոխելով Ռամայի՝ նա այժմ պետք է փոխի իր մտածելակերպը։ Դա անելու համար, ինչպես յուրաքանչյուր երիտասարդ վամպիր, նա ուսումնասիրում է երկու հիմնական վամպիրական գիտությունների՝ գլամուրի և դիսկուրսի դասընթացը։ Վամպիրի սոցիալականացումը պարադոքսալ է. մի կողմից նա եղել է և, որոշ չափով, մնում է մարդ։ Մյուս կողմից՝ նա դառնում է վամպիր, որն իր բնույթով պետք է վերահսկի գլամուրն ու դիսկուրսը՝ փոխանակ ենթարկվելու դրանց։ Վամպիրի համար դա մարդկությունը վերահսկելու և, միևնույն ժամանակ, սնվելու հիմնական միջոցն է[2]։
Ռաման արագորեն ընտելանում է վամպիրների հասարակությանը։ Աստիճանաբար նա ավելի ու ավելի է հարմարվում այն փաստին, որ իր բոլոր նոր ծանոթները և ինքը կրում են աստվածների անուններ, որ «արյուն» բառը բարձրաձայն արտասանելն անպարկեշտ է, և որ նա այլևս մարդ չէ։ Վամպիրների հասարակությունն ապրում է գրեթե առանց մարդկային հասարակության հետ հատվելու և կառուցված է մարդկային արժեքների հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող արժեքների վրա։ Միևնույն ժամանակ մարդկությունը ներթափանցված է վամպիրների գործակալներով` «քաղդեացիներով», որոնք հաղորդում են վամպիրների համար անհրաժեշտ մշակութային և սոցիալական կյանքի ուղղությունը։ Վամպիրը կարող է լիարժեք սիրային կապ ունենալ միայն իր տեսակների հետ. գրքում նկարագրվում են Ռամայի բարդ հարաբերությունները Հերա անունով նոր վամպիրուհու հետ[2]։
Ռաման իմանում է, որ չնայած այն ամենին, ինչ ասվում է, գրվում և նկարահանվում վամպիրների մասին, նրանք ներկայացնում են արարածների հատուկ ռասա՝ սիմբիոնտներ, որոնց վամպիրական մասը՝ «լեզուն», ժամանակի ընթացքում անցնում է մի կրողից մյուսին։ Մարդկային մտքերը կարդալու ունակությունը վամպիրներին հնարավորություն է տալիս վերահսկելու մարդկանց, իսկ դիսկուրսն ու գլամուրը վերահսկելը նրանց թույլ են տալիս նույնը անել ամբողջ հասարակության հետ։ Իրականում ցանկացած վամպիրի հիմնական նպատակը մարդկությանը վերահսկելն է, հիմնական միջոցը՝ «կարմիր հեղուկը» համտեսելը[2]։
Դարձի գալուց հետո Ռամայի կյանքը բաղկացած է ոչ միայն ուսումից։ Նրա համար դժվար է վամպիր լինելը, նա խորհում է հավերժական հարցերի շուրջ՝ «Որտեղի՞ց է հայտնվել աշխարհը», «Ի՞նչ կլինի մահից հետո», «Ի՞նչ է ճշմարտությունը», «Ի՞նչ է Աստված» և ակտիվորեն փնտրում է դրանց պատասխանները։ Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ, նա նշումներ է անում, որոնցից էլ բաղկացած է գիրքը։ Ավագ վամպիրները նման զգացմունքները համարում են երիտասարդներին բնորոշ դատարկ քմահաճույք, բայց դա չի խանգարում Ռամային, որը փորձում է ավելին իմանալ իր կյանքի իմաստի մասին, այժմ արդեն` վամպիրի կյանքի։ Որոշակի օգնություն է ցույց տալիս ոչ տիպիկ վամպիր-տոլստոյական Օզիրիսը, որն օգտագործում է արյուն և սիրում է զրուցել փիլիսոփայական թեմաներով[2]։
Գրքի վերջում պարզվում է, որ Ռամային կիսակրթված են թողել կանխամտածված, բայց հենց դա է նրան թույլ տալիս մնալ ավելի շատ մարդ, քան վամպիր[2]։
Հրատարակություններ
խմբագրել- 2006 թ. ՝ Виктор Пелевин. Ампир «В». — Эксмо, 2006. — 416 с. — 150 100 экз. — ISBN 5-699-19085-6
- 2007 - Виктор Пелевин. Ампир «В» (аудиокнига MP3). — СиДиКом, Эксмо, 2007. — ISBN AB-02085-HB-0-RU
- 2008 - Виктор Пелевин. Ампир «В». — Эксмо, 2008. — 416 с. — 7100 экз. — ISBN 978-5-699-19085-0
- 2009 - Виктор Пелевин. Empire «V». — Эксмо, 2009. — 448 с. — 8000 экз. — ISBN 978-5-699-36990-4
- 2010 - Виктор Пелевин. Empire «V». — Эксмо, 2010. — 416 с. — 10 000 экз. — ISBN 978-5-699-42420-7
- 2012 - Виктор Пелевин. Empire «V». — Эксмо, 2012. — 448 с. — 10 000 экз. — ISBN 978-5-699-59375-0
Տես նաև
խմբագրել- Բեթման Ապոլլո (2013) - «Empire V» վեպի շարունակություն
- V կայսրություն (ֆիլմ) - «Empire V» վեպի էկրանավորում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Стала известна дата выхода фильма с Oxxxymiron по роману Пелевина». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Анализ произведения «Empire V»». studwood.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Empire V Արխիվացված 2013-01-20 Wayback Machine վեպի տեքստը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում
- Ընթերցողների գրառումները «Empire V»-ի լուսանցքներում. Քսենյա Դյակովայի հոդվածը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում