Ստերեոզույգ, միևնույն օբյեկտի՝ դիտման 2 տարբեր կետերից ստացված երկու հարթ հեռանկարային պատկերների ամբողջությունը։ Եթե ստերեոզույգը դիտվի այնպես, որ յուրաքանչյուր աչք տեսնի այդ պատկերներից միայն մեկը, ապա կստացվի ծավալային (ստերեոսկոպիկ) նկար, որը վերարտադրում է իրական օբյեկտի խորությունը։ Ստերեոզույգը օգտագործում են ստերեոսկոպիկ կինոյում օբյեկտների տարածական պատկերներ ստեղծելու, ստերեոլուսանկարահանման, ստերեոսկոպիկ հեռուստատեսության մեջ, ինչպես նաև գիտական նպատակներով։ Ստերեոզույգ ստանում են ստերեոսկոպիկ կինոնկարահանման ապարատի, ստերեոսկոպիկ լուսանկարահանման ապարատի, երկու հաղորդիչ հեռուստատեսային խողովակների կամ սովորական լուսանկարահանման և կինոապարատների օբյեկտիվներին հատուկ կցուրդներ հարմարեցնելու միջոցով։ Բացի դրանից, ստերեոզույգի ստացման և ուսումնասիրման համար ծառայող մի շարք սարքեր կիրառվում են ստերեոլուսագրաչափական նկարահանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 121