Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե

Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե, (ֆր.՝ Frédéric Dubois de Montpéreux, մայիսի 28, 1798(1798-05-28)[1], Môtiers, Նևշատել, Պրուսիայի թագավորություն[1] - մայիսի 7, 1850(1850-05-07)[1], Peseux, Նևշատել, Շվեյցարիա), ֆրանսիական ծագմամբ շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ և բնագետ: Հայաստանում առավելապես ճանաչված է 1831-1834 թթ. ձեռնարկած ճանապարհորդությամբ դեպի Ղրիմ, Կովկաս և Արևելյան Հայաստան, որի արդյունքում գրեց վեց հատորից բաղկացած «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում և Ղրիմում» աշխատությունը՝ կից ատլասով, նկարներով, գծանկարներով ու սխեմաներով, որոնք կատարել էր ինքը՝ հեղինակը, իր հետազոտությունների ընթացքում:

Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե
ֆր.՝ Frédéric DuBois de Montperreux
Frederic Dubois de Montpereux 3.jpg
Ծնվել էմայիսի 28, 1798(1798-05-28)[1]
Môtiers, Նևշատել, Պրուսիայի թագավորություն[1]
Մահացել էմայիսի 7, 1850(1850-05-07)[1] (51 տարեկան)
Peseux, Նևշատել, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of the Kingdom of Prussia (1803-1892).svg Պրուսիայի թագավորություն և Civil Ensign of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, բնագետ, հնագետ և պատմաբան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2]
ՊարգևներՍուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
Marie-Frédéric Dubois de Montpéreux Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ասկանայի ամրոցը՝ Վրաստանում

Ֆրեդերիկ Դյուբուան ծնվել է Շվեյցարիայի Նեվշատել լեռնային գավառում՝ բնիկ տեղացիների ընտանիքում: Սերում էր աղքատացած ազնվականների տոհմից. նրա նախնիները դեռևս 16-րդ դարում բնակության էին հաստատվել Մոնպերե գյուղում, Լը Լոքըլ քաղաքի մոտ: Ավելի ուշ այդ հանգամանքը Ֆրեդերիկ Դյուբուային հիմք է տալիս իր անվանն ավելացնել «դը Մոնպերե» մասնիկը, որ նշանակում է Մոնպերեացի: Նրա հայրը՝ Շարլ Դյուբուան էր, որ զբաղվում էր ժանյակավոր գործվածքների վաճառքով, իսկ մայրը՝ Մարի-Աննա Լարդի դ'Օվերնիեն էր: Ապագա գիտնականի մանկությունն անցել է Նեվշատելյան լճի ափին: Նրա ձեռագրերում գտնվել է հետևյալ գրառումը. «Եթե ես հպարտանալու բան ունեմ, ուրեմն այն միտքն է, որ ես բնիկ Նեվշատելցի եմ»: Ֆրեդերիկը նախնական կրթությունը ստացել է Նեվշատելում: Ապա երկու տարի (1817-1819 թթ.) ֆրանսերեն է դասավանդել Սենտ Գալլեն քաղաքում (գտնվում է Շվեյցարիայի արևելքում): Դրանից հետո նա երկու տարի եղել է Կուրլյանդիայի դքսության (գտնվել է ժամանակակից Լատվիայի արևմտյան հատվածում) գուվերները (համապատասխանում է հայկական մարզպետի պաշտոնին), իսկ 1821-1829 թվականներին՝ կառավարիչը: 1829-1831 թթ. Ֆրեդերիկ Դյուբուան սովորել է Բեռլինի համալսարանում՝ այնպիսի հայտնի գիտնականների ղեկավարությամբ, ինչպիսիք էին երկրաբան Լեոպոլդ ֆոն Բուխը, բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտը և աշխարհագրագետ Կարլ Ռիտտերը: Ըստ որոշ տեղեկությունների, նրանցից այս վերջինն էր, որ հսկայական ազդեցություն ունեցավ երիտասարդ գիտնականի ճակատագրի վրա՝ խորհուրդ տալով ճամփորդել դեպի Ղրիմ ու Կովկաս:

Ճանապարհորդությունը դեպի Ղրիմ, Կովկաս և Արևելյան ՀայաստանԽմբագրել

 
Արարատն՝ ըստ դը Մոնպերեի:

1831-1834 թթ. Ֆրեդերիկ Դյուբուան ձեռնարկեց ինքնուրույն գիտարշավ դեպի Ռուսաստանի հարավ: Այդ արշավը նա հետագայում նկարագրեց իր «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում և Ղրիմում» վեցհատորանոց աշխատությունում (1839—1843): Առանձին ուշադրության է արժանի պատկերազարդ ատլասը, որ կցված էր այդ աշխատանքին և ընդգրկում էր մեծ թվով նկարներ ու սխեմաներ՝ նկարագրություններով Ղրիմի, Կովկասի ու Արևելյան Հայաստանի պատմա-ճարտարապետական այն հուշարձանների, որոնցից շատերը չեն պահպանվել մինչև մեր օրերը:

Արևելյան Հայաստանում նա այցելել է Երևան, Էջմիածին և Նախիջևան՝ թողնելով նրանցում պահպանված պատմա-ճարտարապետական հուշարձանների նկարագրությունը ևս: Անդրադարձել է Էջմիածնի Մայր տաճարին, որի պատկերը ստեղծվել է 1832 թվականին: Նույն թվականին է նաև ստեղծվել «Արարատ լեռը, տեսարան Երևանի բերդից» բնանկարը: Նկարի ձախ կողմում պատկերված է Երևանի բերդի՝ դեռևս կանգուն պարիսպները: Աջ կողմի ներքևի անկյունում Երևանի միջնադարյան Կարմիր կամուրջն է, որը վերակառուցվել էր 1679 թվականի երկրաշարժից հետո (ներկայում կիսավեր վիճակում է): Նկարի կենտրոնում պատկերված են երևանյան հանրահայտ Դալմայի այգիները, որոնց մասին հիացմունքով է խոսում Ֆրեդերիկ Դյուբուան իր գրքում, նշելով, որ այդտեղ ամեն մի հողատարածք ունի իր գինու մառանը, որտեղ պատրաստվում և պահվում է գինի: Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի՝ վերջին շրջանում կատարված հետազոտությունների ընթացքում Դալմայի այգիներում հայտնաբերվել են պարսկական տիրապետության ժամանակաշրջանին վերաբերող (16-18-րդ դարերի) լավ պահպանված հնձան-մառաններ, որոնք կարող են գրավիչ լինել զբոսաշրջության համար:

1838 թվականին բացվում է Նեվշատելի ակադեմիան, որտեղ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն սկսում է դասավանդել հնագիտություն: Իսկ երբ 1843 թվականին ակադեմիայում բացվում է հնագիտության ամբիոն, նրան շնորհվում է վերջինիս ղեկավարումը և պրոֆեսորի կոչում: 1848 թվականին նա թողնում է ուսուցչական գործունեությունը և հեռանում ակադեմիայից՝ ամբողջությամբ նվիրվելու Նեվշատելի հնագիտական հետազոտությունների աշխատանքին: Պեղումների արդյունքում նա բացեց շինությունների հետքեր՝ կառուցված հռոմեական դարաշրջանում:

«Ճանապարհորդություն» գրքին կցված ատլասըԽմբագրել

Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի ատլասը մինչև այժմ մասնագետների համար մնում է անդրսևծովյան և կովկասյան պատմությանն ու ճարտարապետությանը նվիրված ամենահարգված աշխատանքներից մեկը՝ որպես սկզբնաղբյուր, որտեղ փաստագրված է 1830-ականներին արդեն անհետացող կամ կիսավեր կոթողների վիճակը: Ֆրեդերիկ Դյուբուայի պատկերազարդ ատլասի հրատարակության նյութական ծախսերը հոգացել է ցարական Ռուսաստանի կառավարությունը և անձամբ Նիկոլայ I ցարը: Այսօրվա դրությամբ ատլասը համարվում է մատենագիտական եզակի նմուշ: Այդ հրատարակությունից Ռուսաստանում պահպանված կա միայն երեք օրինակ, որոնցից մեկը գտնվում է Ռուսաստանի Պետական Գրադարանում, մեկը՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական աշխարհագրական ընկերությունում և Գելենջիկի պատմա-երկրագիտական թանգարանում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 SIKART — 2006.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

ԱղբյուրներԽմբագրել

  • Дюбуа-де-Монперре, Фредерик // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.