Ֆրանսիական բագետ (ֆր.՝ une baguette de pain կամ պարզապես une baguette, բելգիացիների մոտ՝ pain français), երկար և բարակ հացամթերք, ներսից՝ փափուկ, արտաքինից՝ խրթխրթան, հաճախ վրան ալյուր է ցանված լինում։ Ստանդարտ բագետի երկարությունը 65 սմ է, լայնությունը՝ 5-6 սմ, իսկ բարձրությունը՝ 3-4 սմ։ Քաշը մոտավորապես 250 գրամ է։ Ֆրանսիայի յուրօրինակ խորհրդանիշներից է։

Ֆրանսիական բագետ
Տեսակսննդամթերք
ԵնթատեսակՍպիտակ հաց
Առաջացման երկիր Ֆրանսիա[1]
 Baguettes Վիքիպահեստում
Ֆրանսիական ավանդական բագետ

Պատմություն

խմբագրել

Բագետի ստեղծման վերաբերյալ մի քանի պատմություններ կան, սակայն դրանցից ոչ մեկը վերջնականորեն չի հաստատվել։

Ըստ առաջին վարկածի՝ բագետի ստեղծումը վերագրվում է Նապոլեոնյան պատերազմների դարաշրջանին։ Հացթուխները հատուկ պատրաստում էին երկար և բարակ հացեր, որպեսզի զինվորները կարողանային դրանք տեղափոխել իրենց շալվարների մեջ դրած[2]։ Այս վարկածը  ամենակասկածելիներից է․ նախ՝ ակնհայտ է, որ հացը տեղափոխելու այդ միջոցը այդքան էլ հարմարավետ չէ։ Պատկերացրեք, թե ինչի կվերածվեր հացը երեկոյան ընթրիքի ժամանակ։ Բացի այդ, բագետը նախատեսված չէ երկար պահպանման համար (ինչը շատ անհրաժեշտ է ռազմական սննդի համար)։ Այն չորանում է պատրաստումից մի քանի ժամ անց։

Ըստ մեկ այլ վարկածի՝ բագետը ֆրանսիական արտադրանք չէ։ Այն ավստրիական է, իսկ ավելի կոնկրետ՝ վիեննական։ 1839 թվականին Փարիզում բացվեց «­Վիեննական հացի խանութ» և վերջինիս ապրանքներից մեկը՝ բագետը, շուտով դարձավ հայտնի և՛ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, և՛ երկրի մյուս քաղաքներում[3]։

Այլ հետազոտողներ կարծում են որ բագետի ծագումը կապված է 19-րդ դարում Փարիզի մետրոպոլիտենի կառուցման հետ։ Թունելը փորում էին Ֆրանսիայի տարբեր շրջաններից եկած բանվորներ, որոնց մեջ շատ հաճախ տարաձայնություններ ու վեճեր էին առաջանում, և քանի որ նրանցից յուրաքանչյուրը իր մոտ ուներ դանակ՝ հաց կտրելու համար, այդ վեճերը շատ հաճախ կարող էին լավ ավարտ չունենալ։ Այդ ժամանակ մետրոյի նախագծի հեղինակը՝ Ֆյուլժանս Բյենևյուն խնդրեց հացթուխներին պատրաստել այնպիսի հաց, որը կարելի էր կտրել ձեռքով։ Սա հնարավորություն կտար աշխատողներից վերցնել դանակները։ Հետաքրքրական է, որ իրականում բագետը ավելի հաճելի է կտրել ձեռքով, այլ ոչ թե դանակով։

Մեկ այլ տարբերակ ասում է, որ 1920-ական թվականներին Փարիզում օրենք դուրս եկավ, որը արգելում էր հացի արտադրամասերը բացել առավոտ 4-ից շուտ։ Այդ պատճառով հացթուխները չէին հասցնում պատվիրատուներին թարմ հաց հասցնել։ Այդ ժամանակ նրանք հայտնաբերեցին (կամ էլ վերցրեցին վերոնշյալ վիեննական հացի խանութից) հեշտ պատրաստվող հացի բաղադրատոմսը։

Այնուամենայնիվ, «ավանդական ֆրանսիական բագետ» հասկացությունը և վերջինիս բաղադրատոմսը  ձևավորվել է միայն 1993 թվականի սեպտեմբերին, երբ ֆրանսիական կառվարությունը հրապարակեց «դեկրետ հացի մասին», որպեսզի պաշտպանի ավանդական հացի արտադրամասերը մեծ սուպերմարկետների ճնշումից, որոնք պատրաստում և վաճառում էին ավելի մեծ քանակով, բայց ավելի անորակ բագետներ[2][4]։

Բագետի հատկությունները և տեսակները

խմբագրել
 
Ավանդական բագետ՝ լայնական կտրվածք

Բագետը մինչև օրվա վերջ չորանալու հատկություն ունի։ Ըստ ավանդության այն կտրվում է ձեռքով, այլ ոչ թե դանակով։ Ֆրանսիական հացի խանութներում հիմա կարելի է գնել բագետի տարբեր տեսակներ՝ տարբեր ձևերի և համերի.

  • ավանդական բագետ (baguette tradition կամ une tradition);
  • բագետ գյուղական եղանակով (baguette de campagne);
  • բագետ հացթուխի հատուկ բաղադրատոմսով  (baguette du patron);
  • անվաձև բագետ (baguette épi);
  • շատ բարակ, կոչվում է թել (ficelle) և այլն

Որպեսզի բավարարեն գնորդներին, շատ հացթուխներ պատրաստում են տարբեր երկարության բագետներ և անգամ տարբեր ձևերով են թխում։ Առավոտյան վաճառասեղանների վրա հացը դեռ տաք է և կարելի է ընտրել․ երկա՞ր, թե՞ ոչ այնքան, շա՞տ, թե՞ քիչ բոված, կարմրագո՞ւյն, թե՞ մի քիչ ավելի վառված։ Շատ վարպետներ գաղտնի են պահում իրենց բաղադրատոմսերը։

Փարիզյան բագետ

խմբագրել

Փարիզում ամեն օր վաճառվում է կես միլիոնից ավելի բագետ։ Փարիզյան բագետը կշռում է ուղիղ 200 գրամ։ Փարիզում ցանկացած հաճախորդ կարող է խնդրել, որպեսզի իրեն տան կես բագետ և նա չի մերժվի։

Բաղադրատոմս

խմբագրել

Նախ ցորենի ալյուրից պատրաստում են թթխմոր և թողնում 20 րոպե։ Ավելացնում են խմորասնկեր և ջուր։ Խառնում են 10 րոպե և թողնում են, որ հանգստանա 45 րոպե։ Խմորից ստանում են երկար բատոններ։ Առնվազն 3 կտրվածք են անում դանակով և թողնում խոնավ կտորի տակ ևս 40 րոպե, այնուհետև 15 րոպե դնում են վառարանի մեջ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. 2,0 2,1 «Французский багет – национальная эмблема». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  3. [James Chevallier, August Zang and the French Croissant: How Viennoiserie Came to France]
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական բագետ» հոդվածին։