Ֆաինա Մելնիկ
Ֆաինա Գրիգորևնա Մելնիկ (Վելևա-Մելնիկ) (ռուս.՝ Фаина Григорьевна Мельник, ուկրաիներեն՝ Фаїна Григорівна Мельник, հունիսի 9, 1945[1] կամ հուլիսի 9, 1945[2], Բակոտա, Կամենեց-Պոդոլսկիի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - դեկտեմբերի 16, 2016[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային սկավառականետորդուհի և գնդահրորդուհի։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն (1971, 1974), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1972), երեք Օլիմպիական խաղերի մասնակից, աշխարհի բազմակի ռեկորդակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Ֆաինա Մելնիկ | |
---|---|
![]() Ֆաինա Մելնիկը 1972 թվականի օլիմպիական խաղերում | |
Ծնվել է | հունիսի 9, 1945[1] կամ հուլիսի 9, 1945[2] |
Ծննդավայր | Բակոտա, Կամենեց-Պոդոլսկիի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | դեկտեմբերի 16, 2016[3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական բժշկա-ատամնաբուժական համալսարան |
Մասնագիտություն | թեթևատլետ |
Ամուսին | Վելկո Վելև |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ֆաինա Մելնիկը ծնվել է Դնեստր գետի ափին` Ուկրաինական ԽՍՀ Խմելնիցկու մարզի Կամենեց-Պոդոլսկիի շրջանի Բակոտա գյուղում։ Երբ ամբարտակ կառուցելու պատճառով գյուղն անցավ ջրի տակ, նրա ընտանիքը տեղափոխվեց Դոնեցկի մարզ։ Մեծ սպորտ Ֆաինա Մելնիկը եկել է բավական ուշ` 25 տարեկանում, գյուղատնտեսական տեխնիկումում ուսումն ավարտելուց հետո և Մոսկվայի Կրուպսկայայի անվան պետական մարզային մանկավարժական ինստիտուտում սովորելու ժամանակ։ 1969 թվականին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Սկավառականետության հինգ տարվա մարզումները Ֆաինային բերեցին ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում։ Սակայն հզոր և կտրուկ Մելնիկը չէր կարողանում իրագործել իր պոտենցիալ մեծ հնարավորությունները տեխնիկական լուրջ թերացումների պատճառով[4]։
1970 թվականին տեղի ունեցավ հանդիպում, որը փոխեց Ֆաինայի մարզական ճակատագիրը։ Նրա մարզիչը դարձավ նախկինում անվանի սկավառականետորդ, ԽՍՀՄ նախկին չեմպիոն և ռեկորդակիր Կիմ Բուխանցովը։ Արդեն մի քանի ամսվա համատեղ աշխատանքից հետո Մելնիկը դարձավ աշխարհի ուժեղագույն նետորդուհիներից մեկը։ Սկսելով բացարձակ անսպասելի հաղթանակից թեթև աթլետիկայի ԽՍՀՄ-ԱՄՆ ավանդական մրցամարտում (նրան ընդգրկել էին երկրորդ ԽՍՀՄ հավաքականի կազմում, սակայն նա կարողացավ առաջ անցնել մրցակցուհիներից), հետագայում Մելնիկը հաղթեց բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցեց, այդ թվում` ԽՍՀՄ առաջնությունում[4]։
1971 թվականին արդեն ոչ ոք չէր կասկածում, որ սկավառակի նետում մրցաձևում հայտնվել է նոր առաջատար։ Մելնիկը վստահորեն հաղթում է Եվրոպայի առաջնությունում` առաջ անցնելով աշխարհի ռեկորդակիր Լիզել Վեստերմանից և թարմացնելով նրա ռեկորդը։ Դա վեց տարվա ընթացքում նրա սահմանած 11 համաշխարհային ռեկորդներից առաջինն էր[4]։
Ընդհանուր առմամբ աշխարհի ռեկորդը նա թարմացրել է 6 մետրով` 64-ից դարձնելով 70։ Նման զգալի հավելում պատմության ընթացքում չի հաջողվել կատարել աշխարհի ոչ մի նետորդուհու[4]։
ԽՍՀՄ հավաքականում Հայաստանը ներկայացնող Մելնիկի կարիերայի գագաթնակետը 1972 թվականի Օլիմպիական խաղերն էին, որտեղ 66,62 մետր արդյունքով, որը օլիմպիական ռեկորդ էր, նա դարձավ օլիմպիական չեմպիոն։ Հաջորդ օլիմպիադայում սկավառակի նետման մրցումներում նա 4-րդն էր (66,40 մ), իսկ գնդի հրման մրցումներում` 10-րդը (18,07 մ)։ Իսկ 1980 թվականի մոսկովյան օլիմպիադայում Մելնիկը չհաղթահարեց որակավորման փուլը (60 մետր) և եզրափակիչ չմտավ[5]։
Հանդես է եկել սկզբում Երևանի «Սևան» մարզական ընկերության, այնուհետև՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում։ Մելնիկը դարձել է սկավառակի նետման 1971, 1974 թվականների Եվրոպայի, ԽՍՀՄ 1970, 1972-1977 թվականների չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր (1971—1972, 1973-1978)։ 1987 թվականին Թեթևաթլետիկական ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան Ֆաինա Մելնիկին ճանաչել է «բոլոր ժամանակների № 1 սկավառականետորդուհի»[4]։
Մեծ սպորտը թողնելուց հետո ավարտել է Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտը (1986 թվականին) և նույն ինստիտուտի կլինիկական օրդինատուրան բժիշկ-ստոմատոլոգ մասնագիտությամբ։ Քսան տարի աշխատել է Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում։ Միաժամանակ կրկին վերադարձել է մեծ սպորտ արդեն որպես մարզիչ։ Մարզել է գնդի հրման օլիմպիական չեմպիոնուհիներ Նատալյա Լիսովսկայային և Սվետլանա Կրիվելյովային[4]։
1970-ական թվականներին ամուսնացած է եղել բուլղարացի սկավառականետորդ Վելկո Վելևի հետ (ծնվ. 1948 թվականին)[6]։
Ֆաինա Մելնիկը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին, Մոսկվայում։ Թաղված է Տրոեկուրովյան գերեզմանատանը[7]։
1973 թվականին Ֆաինա Մելնիկին նվիրված փոստային նամականիշ է թողարկվել Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ 2010 թվականին՝ Հայաստանում[8]։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- «Պատվո նշան» շքանշան (1971)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1971)[9]
- Հայկական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1972)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Sports-Reference.com
- ↑ 2,0 2,1 World Athletics Database
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.lequipe.fr/Athletisme/Actualites/Disparition-de-la-discobole-faina-melnik/760999
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Фаина Мельник»։ Վերցված է 2017 Մայիս 3
- ↑ «Faina Melnik»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին։ Վերցված է 2017 Մայիս 3
- ↑ Велко Велев 35 години след рекорда — за успехите и неволите, за връзката си с великата Файна Мелник
- ↑ Похороны Фаины Мельник
- ↑ «Նամականիշեր` նվիրված օլիմպիական չեմպիոններին»։ Վերցված է 2017 Մայիս 3
- ↑ Хавин Б. Н., Всё об олимпийских играх. - 2-е издание, дополненное, М., «Физкультура и спорт», 1979, էջ 537։
Արտաքին հղումներԽմբագրել
- Ելույթներն օլիմպիական խաղերում Archived 2011-08-26 at the Wayback Machine. (անգլ.)
- Խորհրդային սպորտի լեգենդները (ռուս.)