Օձասար

լեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում

Օձասար, Վիշապասար, Աժդանական, Բոլու, Հարս ու փեսա, Հաչադաղ (ադրբ.՝ İlandağ), լեռ, գտնվում է Նախիջևանում, Զանգեզուրի լեռների հարավ-արևմտյան փեշերին, Նախիջևան քաղաքից 20-25 կմ արևելք Երնջակ գավառի կենտրոնական մասում, Գիլան և Երնջակ գետերի ջրբաժանում։ Վարչական բաժանմամբ գտնվում է Նախիջևանի Ինքնավար հանրապետության Ջուղայի շրջանում։ Ունի սյունաձև, սլացիկ տեսք: Այն հարթությունից միանգամից վեր խոյացող վիթխարի գեղեցկատես լեռ է։ Օձասարի շուրջը հնուց ի վեր հիմնադրվել են Երնջակ գավառի հնամենի գյուղերն ու քաղաքները, վաղ շրջանի և միջնադարյան բերդերն ու ամրոցները։ Լեռնազանգվածն ունի լերկ և ժայռոտ կազմությունը, գրեթե զուրկ է բուսականությունից: Բարձրությունը՝ 2415 մ է:

Օձասար
İlanlı dağın mənzərəsi.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Վարչատարածքային միավորՋուղայի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակից2415 մետր

1989 թվականի օգոստոսի 11-ին երկրաբան-հնագետ Վալերի Իգումնովը Օձասարի արևմտյան լանջին հայտնաբերել է Արարատյան թագավորության հինգտողանոց սեպագիր արձանագրություն. «Խալդյան զորությամբ Իշպուինե Սարդուրորդին ասում է. Մինուա Իշպուինորդին Արծինե քաղաքի երկիրը գրավեց, Արծիկումե քաղաքի երկիրը գրավեց, Իշ... քաղաքի երկիրը գրավեց, Այանիանե քաղաքի երկիրը գրավեց, մարդկանց սպանեց, վտարեց: Վերադարձին հիմնեց Խալդեի կոթողը Բուլուա լեռան վրա: Սահմանեց կարգ. Խալդեին թող զոհաբերեն մեկ ցլիկ՝ Բուլուա լեռան վրա»: Սեպագրագետ Հովհաննես Կարագյոզյանը, վկայակոչելով նաև ուրարտագետ Սիմոն Հմայակյանի դիտարկումները, Ք. ա. 9-րդ դարի ժայռափոր այս արձանագրության մեջ հիշատակված Բուլուա լեռնանունը նույնացնում է Վիշապասարի Բոլու անվան հետ, որն ունի հնդեվրոպական ծագում, և նրա արմատը կրկին նշանակում է «օձ», «վիշապ»: Հավանաբար այս կոթողի տեղում էլ հետագայում հիմնվել է Կուսանաց մատուռը:

Առասպելներ և ավանդություններԽմբագրել

Նոյի անեծքըԽմբագրել

Մի ավանդության համաձայն՝ երբ Երկիրը պատված էր ջրով, Նոյ նահապետի տապանը գիշերը դիպել է այս լեռանը, և հարվածի ուժից լեռը ճեղքվել է: Նոյը, զայրացած, անիծել է այդ լեռն ու այդ օրվանից լեռան վրա բույն են դրել վիշապներն ու օձերը:

Օձերի մենամարտներըԽմբագրել

Մեկ այլ ավանդության համաձայն՝ լեռը կոչվում է Օձասար, քանի որ այնտեղ տեղի են ունենում օձերի «մենամարտեր»:

Ալեքսանդր Մակեդոնացու կանանոցըԽմբագրել

Ըստ ավանդության՝ Ալեքսանդր Մակեդոնացին արշավանքների ժամանակ այս լեռան վրա է տեղափոխել իր կանանոցը և օձերին կարգել իբրև պահապաններ:

Սիրահար զույգերըԽմբագրել

Օձասարի գագաթը նմանեցվում է սիրահար զույգի պատկերի, որոնք քարացել են ավազակներից ու թշնամիներից հալածվելիս: Այդ իսկ պատճառով լեռը կոչվում է նաև Հարս ու փեսա։

Յոթ օձ եղբայրներըԽմբագրել

Սարի վրա ապրում են յոթ օձ եղբայրներ, որոնք այնքան սիրով ու ամուր են կապակցված իրար հետ, որ եթե վեցին էլ սպանեն, յոթերորդն անպայման կհանի եղբայրների վրեժը:

Օձերի թագավորըԽմբագրել

Այստեղ է ապրում նաև օձերի թագավորը, որը երկու եղջյուր ունի: Ամեն օր, երբ արևը երկնքից թափում է իր կրակը, նա հավաքում է իր հպատակներին և խմբեր կազմած իջնում է դեպի ցած՝ աղբյուրի մոտ: Նրանք ջուր են խմում և նորից վերադառնում Օձասար:

Քաջերի գերեզմանըԽմբագրել

Ըստ ավանդազրույցի լեռան վրա ժամանակին նահատակվել են Արարատյան տասը հազար քաջերը, որոնց հիշատակը ավանդաբար հավերժացվել է ամենամյա պատարագով և ծիսական արարողություններով:

Սուրբ կույսերի մասունքներըԽմբագրել

Ըստ ավանդազրույցի Վիշապասարի վրա թաղված են սուրբ կույսերի մասունքները, ուր նրանց հիշատակին կառուցվել է Կուսանաց մատուռը:

ՀիշատակումներԽմբագրել

Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն այս լեռը համեմատել է ֆրանսիական Տեներիֆեյի հետ, իսկ կաթոլիկ հոգևորական Օգոստիանոս Բաջենցին՝ իսպանական Մոնսերադոյի հետ:

Պարսիկներն անվանել են Քուհէ Դահակ, Քուհէ Զահակ, արաբները՝ Աջդանական, թուրք-թաթարները՝ Իլանլու, Իլանդաղ, Փլանդաղ։

Արձակագիր, բանաստեղծ Արտակ Վարդանյանը չափածո մշակել է «Վիշապասար» ավանդազրույցը[1]։

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
  • Թ.Խ. Հակոբյան, Ս. Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», Երևանի Համալսարանի Հրատարակչություն, Երևան, 1988, էջ 510-511:
  • Լեո, «Իմ հիշատակարանը», 1890 թ., էջ 324:
  • Ա. Ղանալանյան, «Ավանդապատում», Երևան, 1969 թ., էջ 11-12:
  • Ա. Վարդանյան. Արմատներ (հոդվածներ, էսսեներ, պատմվածքներ), Երևան, 2006, էջ 55-62:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ՎԻՇԱՊԱՍԱՐ | Գրական Թերթ» (հայերեն)։ Վերցված է 2020-04-27