Օգտակար հանածոների հարստացում

Օգտակար հանածոների հարստացում, պինդ միներալային հումքը, հետագա տեխնիկապես հնարավոր և տնտեսապես շահավետ քիմիական կամ մետալուրգիական վերամշակման կամ օգտագործման համար պիտանի արգասիքների անջատման նպատակով, սկզբնական մշակման ենթարկելու պրոցեսների ամբողջությունը։ Օգտակար հանածոների հարստացումը ընդգրկում է այնպիսի պրոցեսներ, որոնց դեպքում տեղի է ունենում միներալների բաժանում առանց նրանց քիմիական բաղադրության, կառուցվածքի կամ ագրեգատային վիճակի փոփոխության։ Այդ պրոցեսները գնալով ավելի մեծ չափով են զուգակցվում հիդրոմետալուրգիայի և քիմիական վերամշակման հետ։

Հարստացման հետևանքով առաջացած արգասիքները խմբագրել

Օգտակար հանածոների հարստացման հետևանքով ստացվում է երկու հիմնական արգասիք՝ խտանյութ և թափոններ։ Մի շարք դեպքերում (օրինակ, ասբեստը կամ անտրացիտը հարստացնելու ժամանակ) խտանյութերը տարբերվում են թափոններից, գլխավորապես, միներալային մասնիկների խոշորությամբ։ Եթե հանքանյութում առկա են մի շարք օգտակար բաղադրամասեր, ապա նրանից ստանում են մի քանի խտանյութեր։ Մի շարք դեպքերում ստանում են կոմպլեքսային խտանյութեր, օրինակ, պղինձ-ոսկու կամ նիկել-կոբալտի, որոնց բաղադրամասերը բաժանվում են արդեն մետալուրգիական պրոցեսում։ Օգտակար հանածոների հարստացումը բնութագրվում է երկու հիմնական ցուցանիշով՝ խտանյութում օգտակար բաղադրամասի պարունակությամբ և նրա կորզումով (%-ներով)։ Օգտակար հանածոների հարստացման դեպքում հանքանյութերից կորզում են օգտակար բաղադրամասերի մինչև 92-95%-ը։

Հարստացման իրագործման հաջորդական գործողությունները խմբագրել

Օգտակար հանածոների հարստացումը իրագործվում է մի շարք հաջորդական գործողությունների օգնությամբ, որոնք կազմում են հարստացման սխեման։ Սկզբում ելանյութը ջարդում և մանրացնում են այնքան, որ չափերը պիտանի լինեն գոյություն ունեցող հարստացուցիչ պրոցեսների և ապարատների համար։

Բուն հարստացման ընթացքը խմբագրել

Բուն հարստացումը ընթանում է միներալների տարբեր ֆիզիկական և ֆիզիկաքիմիական հատկությունների օգտագործմամբ։ Զուտ արտաքին տարբերությունները, օրինակ, բաժանվող հանքակտորների գույնը և փայլը, կիրառվում են ավտոմատ ապարատների օգնությամբ հանքաբաժանման համար։ Միներալների բնական և տրված ռադիոակտիվության վրա է հիմնված ռադիոչափական հարստացումը։ Բաժանվող միներալների տարբեր խտությունների դեպքում կիրառվում են գրավիտացիոն հարստացման մեթոդները, որոնք օգտագործում են ջրային կամ օդային միջավայրում գրավիտացիոն կամ կենտրոնախույս ուժերի ազդեցությամբ մասնիկների շարժման արագության տարբերությունը։ Այդ մեթոդներից են՝ նստեցումը, հարստացումը ծանր սուսպենզիաներում, խտացումը սեղանների վրա, հարստաց ումը շլյուզներում։ Բաժանվող միներալների մակերևույթի ֆիզիկաքիմիական հատկությունների տարբերությունն ընկած է հարստացման ֆլոտացիոն մեթոդի հիմքում (Տես Ֆլոտացիա)։ Եթե միներալները օժտված են տարբեր մագնիսական ընկալունակությամբ, ապա դրանց բաժանում են մագնիսական սեպարացիայով։ էլեկտրական հատկությունների տարբերության ժամանակ միներալները բաժանվում են էլեկտրական սեպարացիայով։

Եթե հանքանյութերը պարունակում են այնպիսի միներալներ, որոնք փոփոխվում են բարձր ջերմաստիճանի դեպքում, օրինակ, անջատում են բյուրեղային ջուր, CO2, փոխում են մագնիսական ընկալունակությունը, խտությունը, ճաքճքում են, ապա դրանք կարելի է նախապատրաստել հաջորդական հարստացման համար թրծման միջոցով։ Մի շարք դեպքերում թրծումը կիրառվում է նաև վնասակար խառնուրդների հեռացման համար։ Հատիկների չափերի, ձևի, փխրունության և շփման գործակցի տարբերությունը հնարավորություն է ընձեռում հանքաբաժանում կատարել ըստ այդ հատկանիշների։ Առավել լայն տարածում ունեն գրավիտացիոն և ֆլոտացիոն մեթոդները։

Օգտակար հանածոների տեսակների և միներալապետրոգրաֆիական բնութագրումների բազմազանությունը գրեթե ամբողջովին բացառում է օգտակար հանածոների հարստացման միատիպ սխեմաների և ռեժիմների օգտագործման հնարավորությունը։ Յուրաքանչյուր առանձին դեպքում ռացիոնալ տարբերակը որոշվում է հարստացման ուղղությամբ կատարվող լաբորատոր և կիսաարդ․ հետազոտությունների հիման վրա։

ԽՍՀՄ-ի հարստացուցիչ ֆաբրիկաները խմբագրել

ԽՍՀՄ-ում կան տարբեր հանքանյութերի հարյուրավոր հարստացուցիչ ֆաբրիկաներ։ Դրանց շարքում գործում են այնպիսի խոշոր ձեռնարկություններ, որոնք օրական մշակում են ավելի քան 25 հազար տոննա հանքանյութ։ Հարստացուցիչ ֆաբրիկա- ներ կան նաև ՀՍՍՀ-ում (Ղափան, Քաջարան, Ագարակ, Ալավերդի, Արարատ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 513