Քթիշի պաշտպանություն, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 854 թվականին Քթիշ ամրոցում։ Մի շարք պատրություններ կրելուց հետո Բուղան պաշարում է Քթիշ ամրոցը, որը նա նույնպես չի կարողանում գրավել[1]։

Քթիշի պաշտպանություն
Թվական854
Մասն էԱրմինիայի ապստամբություն (850-855)
ՎայրՔթիշ
ԱրդյունքԲուղան չի կարողանում գրավել Քթիշ ամրոցը
Հակառակորդներ
Արմինիա կուսակալությունԱրաբական խալիֆայություն
Հրամանատարներ
Եսայի Աբու-ՄուսեԲուղա
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Բուղայի արշավանքը դեպի Հայաստան խմբագրել

9-րդ դարի կեսին արաբների իրականացրած բռնությունների և ծանր հարկահանության դեմ բռնկվում է հայերի նոր ապստամբությունը, որը 8-րդ դարում տեղի ունեցած հակաարաբական ապստամբություններից տարբերվում էր առավել կազմակերպվածությամբ ու ձեռք բերած արդյունքներով։ Այն ավարտվում է հայերի հաղթանակով, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում լիակատար ինքնավարություն։

Մութավաքիլ խալիֆան (847-861), նպատակ ունենալով վերջ տալ Հայաստանի ինքնավար վիճակին, 849 թվականին այնտեղ է ուղարկում Աբուսեթ (Աբու Սայիդ) ոստիկանին, իսկ վերջինիս մահից հետո՝ նրա որդուն՝ Յուսուֆին։ Յուսուֆը 851 թվականին ձերբակալում է Հայաստանի իշխանաց իշխան Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում խալիֆի նստավայր, իսկ արաբական զորքերը շարունակում են իրենց ասպատակությունները Հայաստանի տարբեր գավառներում։ Բագարատի որդիների՝ Աշոտի և Դավթի, ինչպես նաև Հովնան Խութեցու գլխավորությամբ Սասունի լեռնականները դուրս են գալիս արաբների դեմ, հարձակվում Մուշի վրա ու սպանում Յուսուֆ ոստիկանին։

Արաբական խալիֆայությունը հայերի ապստամբությունը ճնշելու համար 852 թվականի գարնանը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային։ Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին։ Բուղան սկզբում ներխուժում է Տարոն ու ձերբակալում ապստամբության ղեկավար իշխաններին, որից հետո կոտորում է Խութի ու Սասունի շուրջ 30 հազար բնակիչների, իսկ Հովնան Խութեցուն և բազմաթիվ այլ ապստամբների գերի վերցնում։ Այնուհետև Բուղան Խլաթի վրայով արշավում է դեպի Վասպուրական՝ նպատակ ունենալով պաշարել ու հարվածել Արծրունի իշխաններին։ Վասպուրականի տեր Աշոտ Արծրունին, աջակցություն չստանալով մյուս հայ իշխաններից, ստիպված անձնատուր է լինում Բուղային։ Այս ամենից հետո հայոց պայքարը գլխավորում է Աշոտի կրտսեր եղբայր Գուրգենը, որը կարողանում է համախմբել Գնունի, Գազրիկյան, Ամատունի, Վարաժնունի, Ընտրունի, Ակեացի, Վահևունի և Անձևացի նախարարությունների 900 մարտիկներից բաղկացած ուժերը։ ուժերը համաքելով՝ Գուրգեն Արծրունին ամրանում է Կորճայք նահանգի Որսիրանք գավառի Թվա (Թով) գյուղի մոտակա լեռներում, որից ներքև տարածվում էր Արյան լիճ դաշտավայրը։

  Բանակեցին Թով գյուղի ետևում, լեռան վրա, նրա հետևում, որ կոչվում է Արյան լիճ, քանզի այնտեղ կա մի մեծ լիճ, մոտիկ այն տեղին, որը Վասպուրականի մեր քաջ իշխանների զորքի արիությունների ու ճակատամարտերի ասպարեզն էր։ Այստեղ էր հավաքվել գաղթականների մեծաթիվ բազմություն` Աղբակ, Զարեհավան և Ակե գավառներից, Աղզո լեռնակողմերից, Առնո ոտնից, Ջողա լեռան և ավելի այն կողմերից։ Անհուն բազմությունը պատել էր լեռան շուրջը, ինչպես մարախը և ծովի ավազն անթիվ։ Ապավինել էին քաջ զորավար Գուրգենին և նրա հետ եղած հայոց զորքին, իբրև մեծ ու ապահով ամրոցի։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, դպր. Գ, գլ. Ա
 

Արյան լճի ճակատամարտում հայերը նորից հաղթանակ են տանում, որից հետո Բուղան ստիպված անցնում է Վիրք և գրավում Տփղիսը, սակայն հետո պարտություններ կրում ծանարներից։ Այս պարտություններից հետո նա շարժվում է դեպի Արցախ[1]։

Քթիշի պաշարում խմբագրել

  Ապա հավաքեց (Ապումուսեն) երկրի ամբողջ բնակչությանը` կանանց, երեխաներին»։ Արցախի բնակավայրերից հավաքվում են ռամիկների, շինականների բազմությունը, սակավաթիվ զորականների զորախմբերը «լեռան վրա` Քթիշ անվանված ամրոցում, ըստ այնմ` նաև մթերապաշար։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Գ, գլ. Ժ
 

Հասականալով, որ ժամանակը հակառակորդի օգտին է աշխատում՝ Եսայի Աբու-Մուսեիը որոշում է թույլ չտալ հակառակորդի ուժերի վերջնական վերամիավորում Քթիշի պարիսպների տակ, այլ դուրս գալ բերդից և արտագրոհներ իրականացնել։ հակառակորդը փորձում էր իր բոլոր զորամասերի մեջ ունենալ առնվազն 500 մարտիկ, սակայն դա չի հաջողվում, քանի որ Քթիշի պաշտպանները գրոհում են և ստիպում հակառակորդին նահանջել։

  Ելան մարտի և պատերազմեցին. ըստ որում սաստկացավ կռիվը, հախուռն հարձակմամբ դիմեցին միմյանց վրա։ Արքունի զորքը ջարդվեց մեծամեծ հարվածներից, փախան իրենց բանակը և մտան այն տները, որ շինել էին։ Իսկ Ապումուսեի լեռնային զորքը հետամտեց փախստականներին, իջեցրեց լեռան վրայից և վերադարձավ սպանվածների իրերը վերցնելու։ Ապա գնացին իրենց բանակատեղը մեծ հաղթության, ուրախանալով անտրտում խնդությամբ։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Գ, գլ. Ժ
 

Արաբները որոշում են վճռական հարձակման անել միայն այն ժամանակ, երբ սեփական զորքերը ամբողջովին վերամիավորված կլինեին։ Բուղան հասկանում էր, որ հայերը կարող են նորից արտագրոհներ իրականացնել, այլ բատճառով 1000 մարտիկներից բաղկացած պահեստազոր է առանձնացնում, որի գլխավոր նպատակն էր լինելու հայերի հակագրոհի դեպքում օգնության հասնելը։

  Այնժամ հրաման տվեցին ամբողջ զորքերին ելնել պատերազմի։ Եվ ահա աղաղակ, փողեր, քնարներ, անհամար զորքը սպառազինվեց զենքով, սրերով և ամեն տեսակ պատրաստությամբ, ու քիչ մնաց հիմքից տապալվեր լեռը։ Զորքը բարձրացավ մինչև լեռան գլուխը, նրա հետ նաև բազում դրոշներ` ձիերին նստած 1000 ընտրյալ քաջ տղամարդկանց (ձեռքին)։ Եվ գրեթե ոչ մի տեղ, աշխարհի չորս կողմերում ոչ մի թագավորի մոտ չէր երևացել այդպիսի ահավոր տեսքով ու սպառազինությամբ զորք` սաստիկ որոտումով և ճայթյունով, զենքերի փայլատակումով և ինչով այն ժամանակ զինվել, զարդարվել ու հանդերձավորվել էր արաբացոց զորքը։ Եվ գունդ առ գունդ, փութապես ելան մեկը մյուսի ետևից և ամեն ոք, որ տեսնում էր, մեծ երկյուղով ներս էր մտնում (տուն)։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Գ, գլ. Ժ
 

Եսայի Աբու-Մուսեին, գիտակցելով, որ այս գրահի նշանակությունը մեծ է, նախ որոշում է հակագրոհներ չկազմակերպել, այլ միայն ամուր դիմադրություն ցույց տալ։ Դա նրա մոտ հաջողվում է․ նոր սկսված արաբների հարձակումը դանդաղ սկսում է մարել, որից հետո Եսային փոխում է իր մտադրությունը և որոշում հակագրոհի անցնել։ Այս անգամ նա հայոց՝ հակագրոհի անցնող զորագունդը շարում է սեպաձև։

  Դարձան իբրև երկաթե մի մեծ բլուր կամ ադամանդյա վեմ և իրար շուրջ խռնվելով` կպան միմյանց, ինչպես մեկ մարդ... մնացին անշարժ, առաջ չընկան մեկ մեկուց։ Եվ մինչ (արաբները) կարծում էին, թե մատնվեցին իրենց ձեռքը, սակայն նրանք աղոթում էին և Աստծուն կանչում իրենց օգնության։ Ապա դիմեցին նրանց (արաբների) վրա` չորս մասով` Քրիստոսի խաչի նմանությամբ։ Հարվածեցին ճակատից, ճեղքեցին մարտաշարքերը և նրանց դարձրին դեպի զառիվայր, իջեցրին լեռան վրայից։ (Թշնամին) կրեց մեծամեծ հարվածներ, ինչպես քամուց հարդն է քշվում, կամ ծուխը` մրրիկից, և այդպես կորան գնացին...:
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Գ, գլ. Ժ
 

Քթիշի իշխանը այնպես է կարողանում ընտրել կռվի տեղանքը, որ հակառակորդի պահեստազորը չէ կարողանում օգնության հասնել հիմնական ուժերին, և արաբները ստիպված նորից նահանջում են։ Դրանից հետո արաբները նորից շարունակում են գրոհները։ Արաբները 28 անգամ գրոհում են Քթիշի վրա, սակայն ոչ մի անգամ հաջողության չեն հասնում շուրջ մեկ տարի շարունակ։ Այս ամենից հետո Բուղան, ցանկանալով փրկել իր անունը, դիրում է Աբու Մուսեին և առաջարկում նրան դադարեցնել դիմադրությունը և բանակցել։ Սակայն նա մերժում է ստանում․ Եսայի Աբու Մուսեն պնդում է, որ դիմադրությունը կդադարեցնի միայն Արաբական խալիֆայության գրավոր հավաստիացումների դեպքում։

  Սրանց պատերազմը երկարեց մոտ մեկ տարի, և ոչ մի ճակատամարտում Ապումուսեն երեսը չդարձրեց Բուղայից։ Եվ ինչպես պատմվում է, նրանց պատերազմների թիվը հասավ 28-ի, և արքունի զորքը ջարդվեց այսքան կռիվներ մղելուց։
- Թովմա Արծրունի, Պատմություն Արծրունյաց տան, Դպր. Գ, գլ. Ժ
 

Ի վերջո, հաջողության չհասնելով նաև Արցախում, Բուղան հեռանում է այնտեղից, իսկ 855 թվականին հետ կանչվում Հայաստանից[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 193–198.