Քարե կոնստրուկցիաներ, քարե շարվածքից շենքերի և կառույցների (հիմքեր, պատեր, սյուներ, ջրապատնեշներ, կամարներ, թաղեր) կրող և պատող կոնստրուկցիաներ։ Քարե կոնստրուկցիաների համար օգտագործում են արհեստական և բնական քարեր, աղյուս, խեցենյութեր և բետոնե քարեր ու բլոկներ (հոծ և սնամեջ), ծանր ու թեթև ապարներ (կրաքար, ավազաքար, տուֆ, խեցեքար են), սովորական (ծանր), սիլիկատային և թեթև բետոնե խոշոր բլոկներ, ինչպես նաև շինարարական շաղախներ։ Քարե կոնստրուկցիաները երկարակյաց են, հրակայուն, հիմնականում պատրաստվում են տեղական հումքից, որով և պայմանավորված է ժամանակակից շինարարության մեջ դրանց լայն տարածումը։ Թերություններն են․ համեմատաբար մեծ զանգվածը, բարձր ջերմահաղորդականությունը․ հատաշար շարվածքը պահանջում է ձեռքի զգալի աշխատանք։ Քարե կոնստրուկցիաների (հիմքեր, պատեր) արժեքը կազմում է շենքի արժեքի 15-30% -ը։ Քարե կոնստրուկցիաներ շինարարական հնագույն կոնստրուկցիաներից են։ Շատ երկրներում պահպանվել են քարի ճարտարապետության նշանավոր կոթողներ։ Նեոլիթի դարաշրջանում Հայկական բարձրավանդակի բնակիչները կառուցել են թաքստոցներ և կացարաններ (հետքեր են պահպանվել Թալինի շրջանի Բառոժի բնակատեղիում)։ Նեոլիթի վերջում Տերտերի ձոր բնակատեղիում կառուցվել են քարե կամ հում աղյուսե պատերով, ուղղանկյուն ու կլոր սենյակներով կացարաններ։ Էնեոլիթի և բրոնզի դարաշրջանում Հայկական բարձրավանդակում կառուցվել են մեծ քանակությամբ ամրոցներ ու դրանց կից բնակավայրեր։ Ամրոցների պարիսպների 3-6 մ հաստությամբ կրկնակի պատերի շարքերի միջև, առանց շաղախի, լցնում էին մանր քարեր, խիճ։ Լճաշենի շենքերի պատերը կառուցված էին անմշակ քարերից, առանց շաղախի, ունեին 1,5 մ հաստություն։ Շենգավիթի կացարանների 1 մ հաստությամբ պատերը շարված էին՝ ստորին մասում առանց շաղախի դրված անմշակ գետաքարերից, վերեի մասում՝ 40X30X10 սմ չափի հում աղյուսներից։ Պատերը երկու կողմից ծեփված էին կավով։ Մեծ թռիչք ունեցող կացարանները, դամբարանները, գետնուղիները ծածկված էին քարե սալերով։ Կամոյում, Գավառագետի վրա, պահպանվել է մեր թվարկությունից առաջ II հազարամյակում կառուցված 3,5-4,0Х X1,1X0,4-0,55 մ չափսի քարերից կառուցված կամուրջ։ Բրոնզի դարաշրջանում, Էջմիածնի շրջանի Աղավնատուն ու Արագած գյուղերում և Անի քաղաքից ոչ հեռու կառուցվել են կիկլոպյան աշտարակներ (8–21 մ տրամագծով)։ Ուրարտական ժամանակաշրջանում կառուցվել են բազմաթիվ բերդեր, բնակատեղիներ, քաղաքներ, տաճարներ, ջրանցքներ։ Պարիսպների ու պատերի հիմնախարիսխները հիմնականում կառուցվում էին կոպիտ մշակված մեծ քարերից, իսկ վերին մասերը՝ հում աղյուսներից։ Սրբատաշ քարերից կառուցել են տաճարներ կամ նրանց մասերը, բերդերի, շենքերի քիվերը, աշտարակները։ Հայտնի է եղել կամարի թաղի կառուցվածքը։ Կառուցվել են կամարներով, թաղերով, գմբեթներով, գմբեթարդներով ծածկված քարե շենքեր։ Արմավիրի և Երվանդաշատի կառույցներում (մեր թվարկությունից առաջ 3-րդ դարում) քարերն իրար են միացվել փայտե ներդիրներով, որոնք տեղադրվել են քարերի մեջ փորված ծիծեռնակի պոչի ձև ունեցող խոռոչներում։ 10-16-րդ դարերում Հայաստանում քարե կոնստրուկցիաներ կատարելագործվում են, կառուցվում են նոր հորինվածքի հատվող կամարներով ծածկված քարե շենքեր, գավիթներ, սեղանատներ, բազմաթիվ կամուրջներ։ Ժամանակակից շինարարության մեջ քարե կոնստրուկցիաները լայնորեն տարածված շինարարական կոնստրուկցիաներից են։ Քարե շենքերի գլխավոր տարրերը՝ արտաքին ու ներքին պատերը և ծածկերը (ապահովում են շենքի կայունությունը), կապված են իրար հետ և կազմում են մի համակարգ։ Շարվածքի ամրությունը բարձրացնելու համար։ Քարե կոնստրուկցիաները ուժեղացվում են պողպատե ամրանով, ամրանավորում երկաթբետոնով և գոտիներով (շարվածքի շրջափակում երկաթբետոնե կամ մետաղական գոտիով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։