Քաղաքային տնտեսագիտություն

Քաղաքային տնտեսագիտությունը (անգլ.՝ urban economics) տնտեսագիտության ճյուղ է, որը տնտեսական հետազոտության գործիքների միջոցով ուսումնասիրում է քաղաքներին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են օրինակ քաղաքային հանցավորությունը, կրթությունը, բնակարանային հարցերը, տեղական պետական ֆինանսները և այլն։ Ըստ Ջոն Կուիգլիի սահմանման՝ քաղաքային տնտեսագիտությունը միկրոտնտեսագիտության ճյուղ է, որը ուսումնասիրում է քաղաքային տարածության կառուցվածքը և տարածության մեջ տնային տնտեսությունների ու ձեռնարկությունների տեղաբաշխվածությունը[1]։

Քաղաքային տնտեսագիտության բնագավռում իրականացվող ուսումնասիրությունները հիմնականում հիմնվում են քաղաքային տարածության կառուցվածքի միակենտրոն մոդելի վրա, որն առաջին անգամ ձևակերպվել է 1960-ականներին Ուիլյամ Ալոնսոյի, Ռիչարդ Մատի և Էդվին Միլսի կողմից։ Միակենտրոն քաղաքը ունի կենտրոնական գործարար շրջան, որտեղ կենտրոնացած են հիմնական աշխատանքային վայրերը։ Միակենտրոն քաղաքների վառ օրինակ են նավահանգստային քաղաքները, որտեղ կենտրոնում գտնվող նավահանգստի շուրջ ծավալվում է հիմնական առևտրային գործունեությունը իսկ բնակիչները բնակվում են այդ կենտրոնական շրջանից դուրս։ Քաղաքային տնտեսագիտությունն ուսումնասիրում է բնակիչների և կազմակերպությունների միջև տարածական կապերը՝ հասկանալու համար քաղաքների ձևավորման, գործունեության և զարգացման հիմքում ընկած տնտեսական շարժառիթները։

ՊատմությունԽմբագրել

Քաղաքային տնտեսագիտության հիմքը դրվել է Ֆոն Թյունենի, Ալոնսոյի, Կրիստալերի և Լյոշի տեսություններում, որոնք սկիզբ են դրել տարածական տնտեսական վերլուծություներին[2] [3]: Իսկ քաղաքային տարածության առաջին միակենտրոն մոդելը ձևակերպվել է 1964 թվականին Ուիլյամ Ալոնսոյի կողմից[4]։ 1964 թվականին ձևակերպված Ալոնսոյի միակենտրոն մոդելը, որտեղ քաղաքի կենտրոնում գործարար շրջանն է, որի շուրջը տարածվում են բնակելի տարածությունները, քաղաքային տնտեսագիտության մեջ իրականացվող ուսումնասիրությունների համար տարիներ շարունակ ծառայում էր որպես հիմնարար մոդել։ Սակայն այս մոդելը ժամանակի ընթացքում կորցրեց իր արդիականությունը տեխնոլոգիական փոփոխություններով պայմանավորված, մասնավորապես, տեխնոլոգիական առաջընթացի արդյունքում մարդկանց տեղաշարժը քաղաքի մեջ ավելի արագ և էժան դարձավ, ինչը կազմակերպություններին հնարավորություն տվեց որոշ գործունեության տեսակներ տեղափոխել կենտրոնից դուրս։

Տնտեսագիտությունը գիտություն է սահմանափակ ռեսուրսների տեղաբաշխման մասին իսկ ռեսուրսների տեղաբաշխումը, ինչպես ցանկացած երևույթ, տեղի է ունենում աշխարհագրական տարածության մեջ։ Քաղաքային տնտեսագիտությունն ուսումնասիրում է ռեսուրսների տեղաբաշխման և քաղաքային տարածությունների միջև կապը[5]։

Ըստ Արթուր Սալիվանի քաղաքային տնտեսագիտությունը բաժանվում է 6 հետազոտական բլոկների[6]՝

Շուկայական ուժերը քաղաքների զարգացման գործումԽմբագրել

Քաղաքների զարգացման համար շուկայական ուժերի նշանակության ուսումնասիրությունները կապված են նրա հետ, թե ինչպես են բնակության և աշխատանքի վայրի վերաբերյալ ձեռնարկությունների և տնային տնտեսությունների որոշումները նպաստում քաղաքի զարգացմանը։ Ձեռնարկությունների և տնային տնտեսությունների այդ որոշումներով պայմանավորվում է քաղաքաների չափերի և տնտեսական կառուցվածքների միջև տարբերությունները։ Երբ արդյունաբերության այս կամ այն ճյուղը կենտրոնանում է մեկ տարածաշրջանում, ինչպես օրինակ Սիլիկոնյան հովիտը ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում, ստեղծվում են քաղաքային բնակավայրեր՝ գերիշխող ձեռնարկություններով և առանձին տնտեսության ճյուղերով[6]։

Քաղաքակենտրոնացման պատճառներն են[7]՝

  • Միջշրջանային առևտրում համեմատական առավելությունները հանգեցնում են առևտրային քաղաքների զարգացմանը,
  • Արտադրության մասշտաբի և տրանսպորտային ծախսերի տնտեսման ներքին էֆֆեկտները տանում են արդյունաբերական քաղաքների զարգացմանը,
  • Ագլոմերացիայի էֆեկտը (արտաքին էֆեկտ) տանում է տնային տնտեսությունների և ձեռնարկությունների համակենտրոնացմանը, որոնց արդյունքում բաժին են հասնում զարգացած ենթակառուցվածքներ և բարձրորական հանրային բարիքներ։

Հողօգտագործումը քաղաքային բնակավայրերումԽմբագրել

Տնտեսագետներն օգտագործում են հողօգտագործման վերաբերյալ տեղեկությունները քաղաքներում տնային տնտեսությունների և ձեռնարկությունների տեղակայման վայրերի հետ կապված հարցերն ուսումնասիրելու համար։ Այս ուսումնասիրություններն օգնում են հասկանալ, թե ինչ գործոններ են ազդում հողի գնի ձևավորման վրա և ինչու են այդ գները տարբերվում քաղաքի տարբեր տարածքների միջև, ինչ տնտեսական ուժեր են ստիպում որ զբաղվածությունը կենտրոնից տարածվի դեպի քաղաքի ոչ կենտրոնական հատվածներ և այլն։

Հողօգտագործման կառուցվածքը կախված է քաղաքի ներսում ձեռնարկությունների և տնային տնտեսությունների տեղակայման վայրերի ընտրությունից, ինչը իր հերթին կախված է հողի գնից։ Հողի գինը հնարավոր է կարգավորել հողօգտագործման կանոնների օգնությամբ․ կառուցապատման ենթակա տարածքների և կառուցապատման թույլտվությունների քանակի կրճատումը թույլ է տալիս բարձրացնել տվյալ գոտում հողի և բնակարանների գինը իսկ դրանից դուրս՝ գինը իջեցնել։ Տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվում է քաղաքի տարծքի գոտևորում․ յուրաքանչյուր հողատարածքի համար ամրագրվում են դրա օգտագործման բոլոր թույլատրելի տարբերակները։ Գոտևորման միջոցով հնարավոր է ազդել քաղաքի կենտրոնական հատվածից դեպի ոչ կենտրոնական հատվածներ զբաղվածության սփռման վրա, ինչը փոխում է քաղաքային տնտեսության վարման կառուցվածքը[6]։

Քաղաքային տրանսպորտԽմբագրել

Քաղաքային տրանսպորտն ազդում է հողօգտագործման և տարբեր հողամասերի հարաբերական հասանելիության վրա։ Ավտոմոբիլային տրանսպորտով երթևեկելն ազդում է ճանապարհների ծանրաբեռնվածության վրա, ինչը լուծվում է հետևյալ եղանակներով[6]՝

Տնտեսական քաղաքականությունԽմբագրել

Տարածքային կառավարման մարմինները, կառավարելով քաղաքային տնտեսությունը, վարում են տնտեսական քաղաքականություն և լուծում են աղքատության և հանցագործության խնդիրները. փոխում են այն տենդենցը, որ աղքատներն ապրում են աղքատների հետ՝ նրանց ավելի աղքատ դարձնելով[6]։

ԲնակարանաշինությունԽմբագրել

Քանի որ բնակարանն անշարժ գույք է, երբ տնային տնտեսությունն ընտրում է բնակարան դա նրա համար նաև վայրի/տեղի ընտրություն է։ Տնտեսագետներն այստեղ ուսումնասիրում են քաղաքի ներսում տեղակայման վայրի վերաբերյալ տնային տնտեսությունների ընտրությունները՝ դրանց վրա պետական քաղաքականության ազդեցության համատեքստում։ Պետական քաղաքականության շրջանակներում օրինակ կառավարությունը կարող է բնակչության որոշ շրջանակների համար սուբսիդավորել բնակարանների կապիտալ վերանորոգման կամ այլ նմանատիպ ծախսեր, ավելացնել բնակարանային ֆոնդը՝ այդպիսով ազդելով գների վրա[6]։

Տարածքային կառավարման ծախսեր և տեղական հարկերԽմբագրել

Ըստ Չարլզ Թիբուի՝ տնային տնտեսություններն ուսումնասիրում են քաղաքներում հանրային բարիքի մակարդակը և հաստատվում են քաղաքի համեմատաբար համասեռ շրջաններում կամ լքում են քաղաքը՝ այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը իշխանությունների նկատմամբ։ Քաղաքային իշխանությունները կարող են կառավարել այս գործընթացը, նրանք ունեն եկամտի երկու հիմնական աղբյուր, այն է՝ սեփականության հարկը և միջբյուջետային փոխանցումները, և ընդունում են այնպիսի ծախսային բյուջե, որը բխում է միջին ընտրողի շահերից[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. The New Palgrave Dictionary of Economics։ Palgrave Macmillan, London։ 2008։ ISBN 978-1-349-95121-5 
  2. Capello, Roberta; Nijkamp, Peter (2004)։ Urban Dynamics and Growth: Advances in Urban Economics։ Elsvier Inc.։ էջեր 3–4 
  3. McCann Philip (2001)։ Urban and Regional Economics։ Oxford University Press 
  4. Capello R., Nijkamp P. The theoretical and methodological toolbox of urban economics:from and towards where? // ERSA 2003 Congress. — 2004.
  5. Arnott, Richard; McMillen, Daniel P., eds (2006)։ A Companion to Urban Economics։ Blackwell Publishing։ ISBN 1-4051-0629-8 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 О’Салливан А. Экономика города. — М.: Инфра-М, 2002. — С. 2-3,477,525,565. — 706 с. — ISBN 5-16-000673-7
  7. Занадворов В.С., Занадворова А.В. Экономика города. — М.: ИКЦ «Академкнига», 2003. — С. 30. — 272 с. — ISBN 5-94628-099-6