Մասշտաբի էֆեկտը ցույց է տալիս արտադրության չափերի և բարիքի թողարկման ծավալի փոխհարաբերությունը[1]։ Այդ փոխհարաբերությոն գնահատման չափանիշ կարող է համարվել միավոր բարիքի վրա կատարվող միջին ընդհանուր ծախսերի մեծությունը։ Մասշտաբի էֆեկտի միջոցով որոշվում է արտադրության չափերը, քանի որ դրանք անսահմանորեն չեն կարող ընդարձակվել և դրանց ընդլայնմանը զուգընթաց մեծանում է կիրառվող արտադրության գործոնների քանակությունը։ Մասշտաբի էֆեկտը լինում է՝ դրական, բացասական և հաստատուն։

Դրական էֆեկտ խմբագրել

Մասշտաբի դրական էֆեկտի դեպքում արտադրության չափերի ընդլայնմանը համընթաց, որն ուղեկցվում է արտադրության գործոնների քանակական և որակական աճով, միջին համախառն ծախսերը (AC) նվազում են։ Եթե արտադրության չափերի ընդլայնմանը զուգընթաց միջին համախառն ծախսերը նվազում են, ապա արտադրության գործոնների ավելացումը ապահովում է բարիքների քանակության ավելի մեծ աճ։ Այսինքն՝ Q2>n•Q1, որտեղ՝ Q1-ը բարիքների արտադրության սկզբնական քանակությունն է, n-ը՝ արտադրության գործոնների աճի տեմպը։

Մասշտաբի դրական էֆեկտը պայմանավորված է հետևյալ գործոններով[2]

  • Արտադրության մասնագիտացումը ֆիրմայի շրջանակներում։ Արտադրության չափերի ընդլայնումը հնարավորություն է տալիս ֆիրմայի ներսում կատարել գործողությունների տարանջատում։ Այդ դեպքում մեկ աշխատող կատարում է ոչ թե մի քանի, այլ որոշակի մեկ աշխատանք։ Այսինքն՝ տեղի է ունենում մասնագիտացում, ինչը նպաստում է աշխատողների հմտության մակարդակի, հետևապես և աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Արտադրություն առանձին գործընթացների հստակ տարանջատումը և այդ հիմքի վրա մասնագիտացման խորացումը հնարավորություն են տալիս կատարելու տարբեր գործողությունների իրականացման համար պահանջվող մասնագետների դասակարգում՝ ըստ նրանց որակավորման։ Ֆիրմայի ներսում աշխատանքի բաժանման և մասնագիտացման արդյունքում խնայվում են ռեսուրսները, այդ թվում նաև ժամանակը, ինչը նպաստում է արտադրության արդյունավետության բարձրացմանը՝ բարիքի քանակական և որակական պարամետրերի բարելավման ճանապարհով։ Արտադրության տարբեր գործողությունների հետ կապված աշխատանքի բաժանումը և մասնագիտացումը հնարավոր են արտադրության չափերի ընդլայնման ճամապարհով։
  • Միավոր բարիքի հաշվով հաստատուն ծախսերի նվազումը։ Դա կարող է տեղի ունենալ մի շարք ուղղություններով։ Օրինակ՝ ֆիրման կատարում է տարբեր տեսակի վարձավճարներ՝ շենքի, հողի, բնապահպանական և այլն, սարքավորումների և կառույցների պահպանման ծախսեր, վճարում է աշխատավարձ կառավարման, վարչական և այլ բնույթի ծառայություններ մատուցող աշխատակազմին և այլն։ Անկախ այն բանից՝ ֆիրման թողարկում է արտադրանք, թե ոչ նման ծախսերն անխուսափելի են։ Ինչպես հայտնի է, հաստատուն ծախսերն ընդգրկում են նաև նորմալ շահույթը։ Եթե արտադրության չափերի ընդլայնմանը զուգընթաց մեծանում է ֆիրմայի թողարկումը, ապա դա հանգեցնում է միավոր բարիքի հաշվով հաստատուն ծախսերի նմազման, հետևապես գնի (P) և միջին համախառն ծախսերի (AC) տարբերության (P-AC), այսինքն՝ տնտեսական շահույթի չափերի մեծացման։
  • Նոր տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրումը, ինչպես նաև կապիտալ միջոցների արդյունավետ օգտագործումը։ Խոշոր ֆիրմաները ավելի մեծ հնարավորություն ունեն նոր տեխնիկա և տեխնոլոգիա ներդնելու։ Դա պայմանավորված է երկու հանգամանքով։ Նախ՝ տեխնիկական պատճառով փոքր ֆիրմաները չեն կարող կիրառել ժամանակից ավտոմատ համակարգերով կառավարվող արտադրություն, երկրորդ՝ դրանց ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու համար։ Բացի այդ, թողարկման մեծ չափերի պայմաններում խոշոր ֆիրմաներում կապիտալ միջոցները օգտագործվում են արդյունավետ։ Դա հատկապես վերաբերում է խոշոր մեքենայական սարքավորումների օգտագործմանը։ Այսինքն՝ խոշոր ֆիրմաներում միավոր կապիտալի ծախսն ապահովում է ավելի մեծ արդյունք, ինչը հանգեցնում է միավոր բարիքի հաշվով ծախսերի կրճատման։
  • Կողմնակի բարիքների արտադրությունը։ Խոշոր ֆիրմաները հնարավորություն ունեն կազմակերպելու նաև հարակից արտադրություններ՝ մասնավորապես օգտագործելով արտադրության թափոնները, որոնք նույնպես նպաստում են միավոր բարիքի հաշվով ծախսերի նվազեցմանը։

Վերը նշված պատճառներով արտադրության չափերի ընդլայնումը հանգեցնում է փողարկման ավելացման, որի արդյունքում նվազում է միջին համախառն ծախսը (AC)։ Այդ դեպքում առկա է մասշտաբի դրական էֆեկտը։

Մասշտաբի բացասական էֆեկտ խմբագրել

Արտադրության չափերի, հետևապես և գործոնների (ռեսուրսների) ավելացման և թողարկման հարաբերակցության արդյունքում մեծանում է միջին համախառն ծախսը (AC)։ Այսինքն՝ Q2<n•Q1։ Սա նշանակում է արտադրության գործոնների աճի տեմպը գերազանցում է թողարկման աճի տեմպը։ Մասշտաբի բացասական էֆեկտի պատճառներն են․

  • Արտադրության ընդլայնման հետևանքով ֆիրմայի չափերը հասնում են մի սահմանի, որից հետո դրա կառավարումը դառնում է ոչ արդյունավետ, որովհետև․
    • բարդանում են գործունեության վերահսկումը և կոորդինացումը,
    • կառավարման ապարատը ուռճացվում է, մեծանում են բյուրոկրատական քաշքշուկները,
    • ղեկավար աշխատակազմի և որոշում կայացնողների համար տեղեկատվության ստացումը, փոխանցումը հորիզոնական և ուղղահայաց բազմաշերտ հիերարխիկ (աստիճանակարգային) կառուցվածքի պատճառով դառնում է ոչ արդյունավետ,
    • տարբեր օղակների կայացրած որոշումները շատ հաճախ հակասում են միմյանց, ինչը խոչընդոտում է ռացիոնալ որոշումների ընդունմանը և իրագործմանը։ Դրանց հետևանքով մեծանում են ծախսերը (հատկապես՝ գործարքային), և առկա է ժամանակի զգալի կորուստ։
  • Արտադրության գործոնների արտադրողականության (արդյունավետության) նվազումը։ Դա կարող է տեղի ունենալ նախևառաջ արտադրության գործոնների միջև ոչ ճիշտ հարաբերակցության ձևավորման պատճառով։ Ֆիրմայի խոշորացման հետևանքով դժվարանում է արտադրության գործոնների միջև օպտիմալ հարաբերակցության նվազման հանգամանքը պայմանավորված է նրանով, որ որոշակի սահմանից հետո, յուրաքանչյուր հաջորդ միավոր գործոնի ավելացման դեպքում, սահմանային արդյունքի մեծությունը, նախորդի համեմատությամբ, ունի փոքրացման միտում։

Հաստատուն փոխհատուցում խմբագրել

Հաստատուն փոխհատուցման դեպքում արտադրության գործոնների և թողարկման տեմպերը նույնն են։ Այսնինքն՝ Q2=n•Q1։ Եթե արտադրության գործոնների կամ ռեսուրսների քանակությունն աճել է, ապա թողարկումը աճել է նույնչափ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Курс экономической теории (под общей редакцией Чепурина М., Киселевой Е.,), Киров, 2006. էջ 223։
  2. Макконнелл К., Брю С., Экономикс, М., 1992, с.18., հ․ 2, էջ 58

Աղբյուրներ խմբագրել

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- էջ 283։