Ցիսարենկոյի տուն (Տագանրոգ)

Ցիսարենկոյի տուն (ռուս.՝ Дом Цысаренко), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ, որը կառուցվել է 19-րդ դարի սկզբին՝ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Հունական փողոցի 55 հասցեում[1]: Տունը պատմական նշանակություն ունի, որպես վայր, ուր այցելել է գրող Անտոն Պավլովիչ Չեխովը[2]։

Ցիսարենկոյի տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1810
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տագանրոգի առաջին քաղաքացիական քաղաքապետը եղել է Տիխոն Ցիսարենկոն, որն ընտրվել է 1786 թվականին[3]։ Այս տունը Հունական փողոցի 55 հասցեում նա կառուցել է 1810 թվականին[4]։ Պավել Տիխոնովիչը սերում էր քաղաքի առևտրական պատվավոր քաղաքացիների ընտանիքից։ 1826 թվականին քաղաքային շինարարական կոմիտեն Պավել Տիխոնովիչից գնել է այս տունը, որպեսզի այնտեղ տեղավորի քաղաքի արխիվը, որբանոցը և քաղաքապետի տունը[1]։

Հիշատակվում է նաև Տագանրոգի ժառանգական պատվավոր քաղաքացի, վաճառական Իվան Ցիսարենկոն, հավանաբար Տիխոն Ցիսարենկոյի որդին։ Որպես շինարարական կոմիտեի անդամ՝ նա ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքային փողոցների լրացուցիչ նավթային լուսավորման և ճանապարհաշինական աշխատանքներին նախքան 1831 թվականին Ալեքսանդր I-ի Տագանրոգ կատարած այցը։ 1831 թվականին նա եղել է առաջին վեց ձայնն ունեցող Դումայի կազմում[3]։ Երկրորդ գիլդիայի առևտրականների ցանկում գրանցվել է 1833 թվականին, զբաղվել է երկաթի առևտրով[1]։ Ունեցել է երեք որդի և մեկ դուստր[3]։ Պատմական փաստաթղթերում հիշատակվում է Տագանրոգի քաղաքացիական առաջին քաղաքապետի թոռը` Պետր Իվանովիչ Ցիսարենկոն։ 1852 թվականի հունվարի 24-ին նա ամուսնացել է առևտրական Ալեքսանդրա Միխայլովնա Սիմաչևայի դստեր հետ[1]։

Ի սկզբանե Ցիսարենկոյի տան վաճառքն անհրաժեշտ էր, քանի որ քաղաք էր ժամանել թագավորական ընտանիքը։ Կայսրուհի Ելիզավետա Ալեքսեևնան քաղաքից գնեց Քաղաքագլխի տունը, որտեղ նա մնացել էր ամուսնու հետ։ Ցիսարենկոյի տան արժեքը գնահատվել է 49 հազար ռուբլի։ Այնտեղ սկսել են ապրել քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձինք։ 1844-1854 թվականներին այս տանը բնակվել է գեներալ-մայոր Ալեքսանդր Կարլովիչ Լիվենը[5]։

1873 թվականից մինչև 1907 թվականը տունը պատկանել է քաղաքային կառավարությանն ու քաղաքային բանկին։ 1874 թվականին տան առաջին հարկում բացվել է Վաշչինենկոյի գրադարանը։ 1976 թվականի մայիսի 23-ին խորհրդի սենյակներից մեկում բացվել է հանրային քաղաքային գրադարանը, որտեղ գիմազիայում սովորելու տարիներին այցելել է գրող Անտոն Պավլովիչ Չեխովը և պատմաբան Պավել Պետրովիչ Ֆիլևսկին։ 1877 թվականի ապրիլին գրադարանը տեղափոխվել է Դաշկևիչի տուն[1]։

1907-1909 թվականներին շենքում տեղակայված է եղել Հանրային բանկը։ 1903 թվականի սեպտեմբերի 14-ին տան մի մասը տեղափոխվել է Մադամ Յանովիչի մասնավոր գիմնազիան, որի բացումը տեղի է ունեցել 1906 թվականի սեպտեմբերի 14-ին։ Դասընթացը կազմակերպվել է 7 հիմնական, 2 նախապատրաստական դասարաններում։ Գործել է հանրակացարան։ Ուսման տարեկան վճարը կազմել է 300 ռուբլի[1]։ Յանովիչի գիմնազիայում սովորել է շուրջ 100 աղջիկ, այդ թվում՝ «Ազով-Դոնի բանկի» կառավարչի դուստրը՝ Նատալյա Լուցկայան, հողի սեփականատեր Մուզա Կովալյովի դուստրը, Լև Տոլստոյի ազգականը` Աննա Տոլստայան և շատ ուրիշներ[5]։

1914-1917 թվականներին այստեղ է տեղակայվել 100 մահճակալների համար նախատեսված 4-րդ վիրաբուժական զինվորական հիվանդանոցը։ Մինչև 1918 թվականի ապրիլի 23-ը այստեղ գործել է ռազմածովային հանձնակատարի և նավահանգստի հանձնակատարի շտաբը[1]։ 1992 թվականից տունն օրենքով պաշտպանվում է որպես մշակութային ժառանգության օբյեկտ։ Շինությունն ունի պատմական մի վայրի նշանակություն, ուր այցելել է Անտոն Պավլովիչ Չեխովը[2]։

 
Հունական փողոց 55 (Տագանրոգ)

Նկարագրություն խմբագրել

Բարձր ցոկոլի վրա երկհարկանի տունը կառուցված է վաղ կլասիցիզմի ոճով։ Պատշգամբը գտնվում է տան կլորացված անկյունում։ Առաջին հարկում կա դուռ, երկրորդում` դուռ դեպի պատշգամբ ելքով։ Տան ցոկոլը զարդարում են կիսապատուհանները, իսկ ճակտոնը՝ միջատախտակը, պրոֆիլավորված շրջակալները և պատուհանի զարդաքիվերը։ Առաջին հարկում կա 2 եզրային կամարակապ պատուհան, 7 պատուհան` հովհարաձև փականաքարերով, առանց շրջակալների և 4 պատուհան նրբանցքի կողմից փականաքարերով են։ Երկրորդ հարկի մեջտեղում կա երեք կիսաշրջանաձև պատուհան[1]։ Դրանք գտնվում են արարողակարգային հանդիսասրահի մակարդակում[5]։ Երկրորդ հարկի պատուհանները սահմանափակված են ճաղաշարով, որոնք հենված են ուղղանկյուն հարթ որմնասյուների վրա։ Եզրային պատուհանները ունեն եռանկյունաձև զարդաքիվեր բարձակներով։ Պատուհանները կառուցվել են ներքին ծածկոցափեղկերով։ Պսակավոր քիվը զարդարում են ատամիկները[1]։

Տան երկրորդ հարկում կա հոլանդական վառարաններով 9 սենյակ։ Հատակը փայտից էր, ծածկված ներկված կտավով։ Պատերը սվաղված են և ծածկված պաստառներով։ Տան առաջին հարկում կա հոլանդական վառարաններով 14 սենյակ[1]։

1889 թվականին տան արտաքին տեսքը բարելավելու նպատակով ճարտարապետ Ս. Գուշչինի նախագծով շենքի կենտրոնական մասում հայտնվեց թույլ արտահայտված ռիզալիտ, որը զարդարված էր եռանկյունաձև վերնաճակատով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Цысаренко дом//Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. 2,0 2,1 «Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Дом 78. Греческая улица. Дом 78». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «Цысаренко Тихон». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Дом 55. Греческая улица». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.