Պորտլանդցեմենտ
Պորտլանդցեմենտ (անգլ.՝ Port land - Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող թերակղզու անվանում), հիմնականում կալցիումի սիլիկատներից բաղկացած հիդրավլիկական կապակցանյութ։
Ստացում
խմբագրելՍտանում են 70-80% կալցիումի կարբոնատից (սովորաբար կրաքարից) և 30-20% կավից (երբեմն դրանց բնական խառնուրդից՝ մերգելներից) պատրաստված արհեստական հումքախառնուրդը մինչև եռակալումը թրծելու հետևանքով առաջացած կլինկերի և գիպսի (3-7%) համատեղ նուրբ մանրումից։ Երբեմն հումքախառնուրդին ավելացնում են միներալային հավելանյութեր։
Ըստ հումքախառնուրդի (շլամ, հումքային ալյուր) պատրաստման տարբերում են պորտլանդցեմենտի ստացման արտադրական թաց և չոր եղանակներ։ Հումքախառնուրդը թրծվում է առավելապես պտտվող խողովակավառարաններում, 1450-1500 °C-ում։ Պորտլանդցեմենտի հատկությունները գլխավորապես պայմանավորված են կլինկերի միներալային բաղադրությամբ և մանրման աստիճանով։ Պորտլանդցեմենտի կարևորագույն հատկությունը ջրի հետ փոխազդելիս ամրանալն է (ցեմենտաքարի առաջացմամբ)։
Այդ հատկությունը բնութագրվում է Պորտլանդցեմենտի մակնիշով, որը որոշվում է 28 օր խոնավ պայմաններում ամրանալուց հետո ցեմենտի և ավազի (1։3) շաղախից պատրաստված ստանդարտ նմուշների ծռման և սեղմման ամրության սահմաններով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտլանդցեմենտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 391)։ |