Րաֆֆի Ուրկանճյան

երգեհոնահար, կոմպոզիտոր

Րաֆֆի Ուրկանճյան (1937, Բեյրութ, Լիբանան), երգեհոնահար, կոմպոզիտոր։

Րաֆֆի Ուրկանճյան
Ծնվել է1937
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտություներգեհոնահար և կոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Վեց տարեկանից դաշնամուրի դասեր է առել Բեյրութում։ 1950 թվականից ապրում է Փարիզում, ավարտել է տեղի կոնսերվատորիայի երգեհոնի (1961 թվական, ղեկավար՝ Ժան Ժակ Գրյունենվալդ), կոմպոզիցիայի (ղեկավար՝ Է. Պարես, ապա՝ Օ. Մեսսիան) բաժինները։ Հանդես է եկել համերգներով, երգացանկում ներկայացնելով՝ Յոհան Սեբաստիան Բախի, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆերենց Լիստի, Ժան Ժակ Գրյունենվալդի, Օ. Մեսսիանի գործերից։

Ուրկանճյաը իմպրովիզացիայի խոշոր վարպետներից է Եվրոպայում։ Գրել է երգեր («Լույսի անիվը», «Ժադի կշեռքը»), 3 պիես՝ շեփորի և հարվածային գործիքների (1971), «Մեծ ճանապարհ»՝ թավջութակի (1973), «Մահվան երգը» (ըստ Ֆ. Գառնիեի պոեմի, 1975 թվական)՝ ֆլեյտայի, ալտի և տամ-տամի, «Վարիացիաներ»՝ մեծ երգեհոնի համար, «Ձոն Յ. Ս. Բախին», «Արարիչը» և այլ երկեր։

Հայկական թեմաների առավել անմիջական կիրառումը նկատելի է «Եռամաս պատարագ» և «Ջարդ» (Մեծ եղեռնի 50-ամյակին) երգեհոնային ստեղծագործություններում, որոնք ոճային առումով էքսպրեսիոնիստական են՝ ժամանակակից երաժշտության միտումների խտացմամբ։ «Ջարդն» ընդգրկվել է խմբավար, կինոռեժիսոր Արշամ Ճիգմեճյանի հեռուստատեսային ակնարկում և բազմիցս ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։

Յ. Ս. Բախի անվան (1964 թվական, Փարիզ), Մագադինոյի միջազգային (1964–1965, 1969 թվականներին), Լոնդոնի Վեստմինստերյան տաճարի (1966), Բորդոյի (1966), Օքսֆորդի (1967), Լոզանի (1967), Լիսաբոնի «Գյուլբենկյան» և այլ փառատոների դափնեկիր է։

Փարիզի կոնսերվատորիայի կոնտրապունկտի, երաժշտական ձևակառուցման վերլուծության, երաժշտական փիլիսոփայության և երգեհոնային իմպրովիզացիայի, «Լաք մաժոր» (Շվեյցարիա) միջազգային մրցույթի, «Երգեհոնի բարեկամների միության» (Փարիզ) 1-ին մրցանակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։