Տրիասի ժամանակաշրջան

(Վերահղված է Տրիասից)

Տրիասի ժամանակաշրջան, տրիաս, մեզոզոյան դարաշրջանի երկրաբանական ժամանակաշրջան։ Տրիասի ժամանակաշրջանը հաջորդում է պերմի ժամանակաշրջանին և նախորդում յուրայի ժամանակաշրջանին։ Ըստ ռադիոլոգիական տվյալների՝ սկսվել է 230 մլն տարի առաջ և տևել մոտ 35 մլն տարի[1]։ Ըստ այլ տվյալների՝ ժամանակաշրջանն սկսվել է 251,902±0,024 մլն տարի առաջ և ավարտվել 201,3±0,2 մլն տարի առաջ[2]։ Այդպիսով՝ այն տևել է շուրջ 51 մլն տարի։ Տրիասի ժամանակաշրջանի ապարների ամբողջությունը կոչվում է տրիասի սիստեմ[3]։

Առանձնացրել է Ֆրիդրիխ Ալբերտին 1834 թվականին։ Անվանումը ծագել է հունարեն՝ ίριας բառից՝ «երեք, եռյակ», քանի որ այն միավորում է Կենտրոնական Եվրոպայի նստվածքների երեք համալիր՝ խայտաբղետ ավազաքար, խեցային կրաքար և խայտաբղետ մերգել (կեյպեր), որոնք դարձել են ստորին, միջին և վերին բաժինների հոմանիշներ[1]։

Պերմի երկրորդ կեսում սկսել են անհետանալ բույսերի և կենդանիների պալեոզոյան խմբերը։ Պերմի վերջում և հատկապես տրիասի ժամանակաշրջանի սկզբում հանդես են եկել բույսերի և կենդանիների նոր (մեզոզոյան) տեսակներ, որոնք տրիասի ժամանակաշրջանի ընթացքում գոյակցում էին հին ձևերի հետ և միայն տրիասի վերջից կամ յուրայի սկզբից դարձել են տիրապետող։ Բույսերի հիմնական մեզոֆիտային խմբերը (ձարխոտեր, սագոյենիներ, բենետիրներ, գինկգոներ, մեզոֆիտային փշատերևներ) զգալի քանակություններով հայտնվել են տրիասի ժամանակաշրջանի երկրորդ կեսում։ Կենդանական աշխարհին բնորոշ է սողունների բազմացումը, որոնք հարմարվել էին ցամաքային և ծովային կյանքին։ Հայտնվել են մեզոզոյին բնորոշ արխեոզավրերը, իխտիոզավրերը, սինենդոզավրերը, լեպիդոզավրերը, կրիաները։ Տրիասի վերջում հանդես են եկել իսկական ոսկրավոր ձկները և առաջին կաթնասունները։

Հայաստանում տրիասի նստվածքներն ունեն սահմանափակ տարածում, հայտնի են միայն Վայոց ձորում և ներկայացված են կրաքարերով, ածխային թերթաքարերով ու ավազաքարերով[1]։

Երկրաբանական փոփոխություններ խմբագրել

Նախքան տրիասի սկսվելը բոլոր մայրցամաքները կազմել են մեկ ամբողջական հսկա սուպերմայրցամաք՝ Պանգեան։ Տրիասի սկսվելուց հետո Պանգեան սկսել է աստիճանաբար ճեղքվել։ Տրիասում խիստ կրճատվել են ներմայրցամաքային ջրամբարների մակերեսները, զարգացել են անապատային լանդշաֆտները։ Այդ ժամանակաշրջանին է վերաբերում տավրիկյան շարքի ապարների ձևավորման սկիզբը, որ լայնորեն տարածված են Ղրիմում (չբաժանված վերին տրիաս և ստորին յուրա)։ Այդ ապարները կազմում են Ղրիմի լեռների ստորին հատվածը[4]։

Տրիասի սկզբին Արևմտյան Եվրոպայի, Ասիայի (Ուրալ-Տյանշանյան և Մոնղոլա-Օխոտյան գոտիներ), Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ավստրալիայի հերցինյան գեոսինկլինալային կառուցվածքները վերածվել են երիտասարդ պլատֆորմների. նրանք Հյուսիսային կիսագնդում Լավրասիան միավորել են մի ամբողջության մեջ, իսկ Հարավային կիսագնդում միացել Գոնդվանային։ Խիստ նեղացած Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտին բաժանել է այդ երկու պլատֆորմները, իսկ Կորդիլիերաները և Արևելա-Ասիական գեոսինկլինալ մարզերը շրջափակել են նրանց արևմուտքից և արևելքից։ Տրիասում պլատֆորմներին մոտավորապես համընկնող ցամաքները գերակշռում էին ծովային ավազաններին, որոնք չնչին բացառությամբ համապատասխանում էին գեոսինկլինալներին։ Տեկտոնական շարժումները թույլ են դրսևորվել և ունեցել են միայն տեղական նշանակություն։

Կլիմա խմբագրել

Կլիմայի տաքացումը հանգեցրել է բազմաթիվ ներքին ծովերի ցամաքման։ Մնացած ծովերում բարձրանում է աղիության մակարդակը։ Տեղի է ունենում կլիմայական գոտիականության թուլացում և ջերմաստիճանային տարբերությունների վերացում։

Տրիասի ժամանակաշրջանում թթվածնի պարունակությունը մթնոլորտում կազմել է 10-15 %[5][6]։ Մոտ 215 մլն տարի առաջ շուրջ 3 մլն տարվա ընթացքում, ինչը շատ արագ է երկրագիտական պլանում, թթվածնի մակարդակը մթնոլորտում մոտ 15 %-ից հասել է մոտմոտ 19 %[7]։

Բուսականություն խմբագրել

Ցամաքում շարունակել են գերակշռել սերմնավոր պտերազգիները։ Սկսել են մեծ տարածում ստանալ մերկասերմերը, սագոենազգինեը, գինկգոներն ու փշատերևները։

Ցամաքի բուսական աշխարհը ժառանգել է ուշ պերմին բնորոշ առանձնահատկությունները։ Տրիասում անհետացել են փայտանման գետնամուշկանմաններն ու կալամիտները, կորդաիտները, նախապտերազգիները և հին փշատերևների մեծ մասը։ Տարածված են եղել փայտանման պտերազգիները, մեզոֆիտային փշատերևները, ձիաձետային բույսերը և այլն։

Ուշ տրիասում անհետացել է ցամաքային բույսերի մոտավորապես կեսը[8]։

Կենդանական աշխարհ խմբագրել

 
Սկլերոտորաքս՝ վաղ տրիասի լաբիրինթադոնտ
 
Մաստոդոնզավր՝ միջին տրիասի հսկայական լաբիրինթադոնտ

Սողուններից տարածված են եղել նոտոզավրերը, իխթիոզավրերը, պլակոդոնտները, սկլերոզովրերը, տալատտոզավրերը (ասկեպտոզավր

Ծովային անողնաշարավորների թվում գերակշռել են ցերատիտները (գլխոտանի փափկամորթները), որ հայտնվել են պերմի վերջում և անհետացել տրիասի ժամանակաշրջանի վերջում, բնութագրական են եղել երկփեղկանիները, նաուտիլոիդները։ Հայտնվել են փափկամարմինների նոր խմբեր՝ բելեմնիտներ, ոստրեներ։

Խոշորագույն գիշատիչները դարձել են ջրային տեսակները։ Այդ ժամանակ էլ տեղի է ունեցել ողնաշարավորների բազմազանության զգալի նվազում։

Ցամաքում զարգանում են սողունները, որոնց շարքում գերակշռող դիրք են զբաղեցնում վաղ Archosauriformes-ը՝ արագաշարժ ցամաքային սողունները, որ ունեին նյութափոխանակության բարձր մակարդակ և եղել են արխոզավրերի ավելի զարգացած խմբերի նախնիները, ներառյալ թռչունները, կոկորդիլոմորֆները և դինոզավրերը։ Ավելի ուշ հայտնվել են ձվադրող կաթնասունները, ինչպես նաև պրոտոավիսը, որը, ըստ որոշ հնէաբանների, եղել է թռչունների նախնին։

Լաբիրինթադոնտներից, կոտիլոզավրերից ու տերապսիդներից բացի, որ գոյություն են ունեցել դեռ պերմի ժամանակաշրջանում, հայտնվել են մեզոզոյին բնորոշ արխոզավրերը, իխթիոզավրերը, կրիաները, իսկ տրիասի վերջում՝ ոսկրոտ ձկները։

Ուշ տրիասում անհետացել է ծովային կենդանիների մեկ քառորդ մասը[8]։

Միջատներ խմբագրել

Տրիասում միջատների տարբեր խմբերում փոփոխությունները տեղի են ունեցել տարբեր ժամանակներում։

Ցանցաթաղանթաթևավորներն ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում մեծացրել են իրենց բամզազանությունը։

Վաղ տրիասում չեն եղել ցամաքային բզեզներ, չնայած պերմի ժամանակաշրջանում դրանք լայնորեն տարածված են եղել։

Միջին տրիասում զարգացել են կիսակարծրաթևավորները, կարծրաթևավորները (ենթադրաբար նրանց մեծ մասը եղել են ջրային տեսակներ), ճպուռները և օրաբզեզները։

Ուշ տրիասում հայտնվել են միջատների վերջին մեծ խմբերից մեկը՝ երկթևանիները, ինչպես նաև թաղանթաթևավորները (միակ ընտանիքը՝ Xyelidae, որի բազմաթիվ տեսակներ անհետացել են վաղ կամ միջին յուրայի ժամանակաշրջանում)։ Առավել տարածվել են մեզոզոյան Panorpidae, Orthophlebiinae ընտանիքները։ Դրանցից բացի բավական բազմաթանակ են եղել նաև ներկայում անհետացած Permochoristidae։

Ստույգ հայտնի է, որ տրիասի վերջում գոյություն են ունեցել ուղղաթևերը. որոշ տեսակների արուներ առջևի թևերի վրա ունեցել են ձայնային ապարատ էգերին գրավելու համար։ Տրիասի վերջում անհետացել է ճպուռների ութ ընտանիքներից մեկը։

Տրիասի ու յուրայի սահմանագծին ծովային մեծ բնաջնջմանը զուգահեռ տեղի է ունեցել միջատների բազմազանության նվազում, թեև նրա կազմում հիմնական փոփոխությունները տեղի էին ունեցել դրանից առաջ՝ դեռ ուշ տրիասում։

Ուսումնասիրման պատմություն խմբագրել

1774 թվականին Պետեր Սիմոն Պալլասը դեպի Մեծ Բոգդո լեռը կատարած գիտարավի ժամանակ գտել է ցերատիտների խեցիներ[9], որոնցով որոշվել է այնտեղ տրիասյան ապարների առկայությունը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1986։]
  2. «International Chronostratigraphic Chart v. 2019-05» (PDF) (անգլերեն). International Commission on Stratigraphy. 2019. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Стратиграфический кодекс России. — М.: Межведомственный стратиграфический комитет России; ВСЕГЕИ, 2006. — ISBN 593761075X Приложение 3, п. 3.6.
  4. Н. В. Короновский, А. Ф. Якушова Основы геологии 22.5. ПОДВИЖНЫЕ ПОЯСА (ПЕРЕХОДНЫЕ ЗОНЫ И ОКЕАНЫ
  5. Ralf Tappert et al. Stable carbon isotopes of C3 plant resins and ambers record changes in atmospheric oxygen since the Triassic // Geochimica et Cosmochimica Acta. Volume 121, 15 November 2013, Pages 240—262. doi:10.1016/j.gca.2013.07.011
  6. Янтарь рассказал об атмосфере Земли времён динозавров
  7. Rise of dinosaurs linked to increasing oxygen levels, 20-AUG-2019
  8. 8,0 8,1 BBC Russian — Наука и техника — Своим могуществом динозавры, возможно, обязаны вулканам
  9. Buch L. Explication de trois planches d’Ammonites. Paris. 1831.
  10. К истории изучения триасовых отложений в СССР // Стратиграфия СССР: Триасовая система. М.: Недра, 1973. C. 14—18.

Գրականություն խմբագրել

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н. В., Хаин В. Е., Ясаманов Н. А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С. А., Ясаманов Н. А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н. А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н. А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.
  • Пономаренко, А. Г. и Сукачева, И. Д. 2001. Насекомые конца триаса-начала юры. PDF
  • Emiliani, Cesare. (1992). Planet Earth: Cosmology, Geology, & the Evolution of Life & the Environment. Cambridge University Press. (Paperback Edition 0-521-40949-7)
  • Ogg, Jim; June, 2004, Overview of Global Boundary Stratotype Sections and Points (GSSP's) Stratigraphy.org, Accessed April 30, 2006
  • Stanley, Steven M. Earth System History. New York: W.H. Freeman and Company, 1999. 0-7167-2882-6
  • Sues, Hans-Dieter & Fraser, Nicholas C. Triassic Life on Land: The Great Transition New York: Columbia University Press, 2010. Series: Critical Moments and Perspectives in Earth History and Paleobiology. 978-0-231-13522-1
  • van Andel, Tjeerd, (1985) 1994, New Views on an Old Planet: A History of Global Change, Cambridge University Press

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրիասի ժամանակաշրջան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 97