Տոնական գնայուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Տեսակ Տոնական գնայուկ
Լատիներեն անվանում
Poecilus festivus


Տոնական գնայուկ (լատին․՝ Poecilus festivus), գնայուկ բզեզների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ձգված, չափավոր ուռուցիկ մարմնով, 11-13 մմ երկարությամբ ոչ խոշոր բզեզ է։ Մարմնի վերին մասն ունի վառ գունավորում՝ մետաղական կանաչ, կապտականաչ, հաճախ ոսկեգույն փայլով, որն ավելի ցայտուն է արտահայտված առաջնամեջքի վրա, ստորին մասը սև է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսարևելյան Թուրքիայում, Հայաստանում՝ Երևանում (Ջրվեժ և Նուբարաշեն ավանների մոտ), «Էրեբունի» պետական արգելոցում, ինչպես նաև Տիգրանաշեն (Արարատի մարզ) և Ռինդ (Վայոց ձորի մարզ) գյուղերի մոտակայքում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է տարբեր տեսակի կիսաանապատներում, հանդիպում է ապրիլ-հունիս ամիսներին քարերի տակ, գերազանցապես ռելիեֆի փոս ընկած հատվածներում, որտեղ ավելի երկար է պահպանվում հողի խոնավությունը։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Ոչ մեծ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը ցածր է և հանդիպում են եզակի առանձնյակներով։

Սպառնացող վտանգներից են՝ Երևան քաղաքի անմիջական մոտակայքում (Ջրվեժի լիճ) լանդշաֆտների փոխակերպումները և անասունների չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Էրեբունի» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.