Տնկանյութի և ցանքերի խնամք

Տնկանյութի և ցանքերի խնամք, ագրոտեխնիկական միջոցառումների համալիր՝ մշակաբույսերի տնկարկներում՝ դրանց աճը, զարգացումը և բերքատվությունը բարելավելու նպատակով։

Բանջարաբույսերի և պտղատու մշակաբույսերի խնամք

խմբագրել

Բանջարաբույսերի սածիլների խնամքը նախատեսում է. հողի փխրեցում, բուկլից, պարարտանյութերի ներմուծում, մուլչավորում, ջրում, ընձյուղատում, ծայրատում, բույսերի ամրացում ցանկաշարերին և ցցերին, աճի խթանիչների կիրառում, պայքար մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ։ Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի խնամքն սկսում են հողի խորը փխրեցումից։ Եթե տնկում են աշնանը, ապա տնկիների բներն ու ճյուղերի հիմքերը փաթաթում են եղևնու ճյուղերով, ստվարաթղթով կամ տոլով (ցրտահարությունից ու կրծողներից պաշտպանելու համար)։ Տնկիների արմատների ցրտահարության վտանգի դեպքում բուկլից են անում մինչև 30 սմ բարձրությամբ և գարնանը նորից բացում։ Գարնանը նաև կարճացնում են կողմնային ճյուղերն ու կտրում հիմնական ընձյուղի ծայրը։ Ամռանը մերձբնային փոսերը պարբերաբար փխրեցնում ու քաղհանում են։ Կարտոֆիլի խնամքը նախատեսում է. մինչև ծիլերի հայտնվելը՝ հողի կրկնակի փխրեցում (տափանման հետ միաժամանակ), մինչև շարքերի խտացումը՝ 1–2 բուկլից (խոնավ հողով)։ Անբավարար խոնավությամբ շրջաններում մինչծլային տափանումից հետո կատարում են միջշարքերի կուլտիվացում և շարքերի քաղհանում։

Ցանքերի խնամք

խմբագրել

Ցանքերի խնամքը պայմանավորված է մշակաբույսերի կենսաբանական առանձնահատկություններով (աշնանացան կամ գարնանացան), մշակման նպատակով (հատիկ, սիլոս, կանաչ կեր), ցանքի եղանակով (շարային, նեղշարային, լայնաշարային), հողակլիմայական պայմաններով և այլն։ Աշնանացան մշակաբույսերի ցանքն ընդգրկում է տափանումը, ձնակուտակումը, գարնանային և ոչ արմատային լրասնուցումները, ցաքանումը, գարնանացան մշակաբույսերինը՝ համատարած ցանքը, հետցանքային հարթեցումը, տափանումը, լրասնուցումները, հեռաշարացան մշակաբույսերինը՝ հողակեղևի փխրեցումը (տափաններով կամ պտտվող բրիչներով), միջշարերի հողի մշակումը, փնջավորումը, ծիլերի նոսրացումը, լրասնուցումը։ Դրանց թվին են պատկանում նաև մոլախոտերի, վնասատուների և հիվանդությունների դեմ ագրոտեխնիկական, քիմիական և այլ պայքարի մեթոդները, ինչպես նաև բույսերի ոռոգումը և այլն։ Մշակաբույսերն ինտենսիվ տեխնոլոգիաներով աճեցնելիս նախատեսվում է բոլոր աշխատանքների տեխնոլոգիական կարգուկանոնի խիստ պահպանում։ Իրականացվում է մեքենաների համալիրներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։