Տիգրան Թաբիբյան
Տիգրան Թորոսի Թաբիբյան (13 դեկտեմբերի, 1858, Կեսարիա, Անկարայի նահանգ - ?), հայ բժիշկ։
Ծնվել է | 13 դեկտեմբերի, 1858 |
---|---|
Ծննդավայր | Կեսարիա, Անկարայի նահանգ |
Մահացել է | անհայտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վերմոնտի բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | հարյուրապետ |
Աշխատավայր | Կ. Պոլսի զինվորական հիվանդանոց |
Պաշտոն | Անկարայի քաղաքապետարանի բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1858 թվականի դեկտեմբերի 13-ին Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի կենտրոն Կեսարիա քաղաքում։ Նախնական ուսումն ստացել է Կեսարիայի Ավետիսականաց վարժարանում։ Ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջի բժշկական բաժինը։ Այնուհետև մեկնել է ԱՄՆ և ուսանել Վերմոնտի բժշկական համալսարանում։ 1890 թվականին ուսումն ավարտելով՝ վերադարձել է ծննդավայր։ Կարճ ժամանակ Կեսարիայում մնալուց հետո նշանակվել է Անկարայի քաղաքապետարանի բժիշկ։ Բացի այս պաշտոնից, դարձել է նահանգապետ Աբեդին փաշայի ընտանեկան բժիշկն ու բարեկամը։ Փաշայի միջնորդության շնորհիվ խափանել է Անկարայի հայերի՝ Յըլդըզից հրահանգված ջարդը, ինչի պատճառով փաշան պաշտոնանկ է արվել։ Մեծ դեր է կատարել Գաղատիայի (Անկարա) դատավարության հարցում։ Երբ ձերբակալվածներ պրոֆ. Թումայանը և Հայայանը բերվել են Անկարա, նրանց մարմինները ամբողջովին ծածկված են եղել ոստիկանների խարազաններից առաջացած կապտուկներով։ Ձեռքերի և ոտքերի երկաթյա շղթաները, քայքայելով փափուկ հյուսվածքները, հասել էին ոսկորներին, ինչից վերջույթների գանգրենայի վտանգ էր առաջացել։ Բժիշկը Աբեդին փաշայի հրամանով նրանց վերքերը բուժելու և բանտի պարտեզում նրանց ազատ շրջելու թույլտվություն է ստացել։ Բժշկի խնդրանքին ի պատասխան՝ փաշան խոստացել է ամեն ինչ անել բանտարկյալների կյանքը փրկելու համար։ Սակայն Պատերազմական ատյանը նրանց դատապարտել է մահվան։
1895 թվականին ԱՄՆ կառավարությունը բժշկին նշանակել է Գաղատիայի պատվո հյուպատոս, սակայն սուլթան Աբդուլ Համիդ II-ը մերժել է այդ նշանակումը՝ հաշվի առնելով նրա հայկական ինքնությունը։ 1895 թվականից սկսած բժիշկը Անատոլիայի զանազան կողմերից ստացած հարստահարությունների և ջարդերի տեղեկագրերը կանոնավոր ձևով հանձնել է եվրոպական երկրների հյուպատոսներին։ Բժշկի միջնորդությամբ Անկարայի հայերի ջարդը չիրականացնելու պատճառով Աբեդին փաշան պաշտոնանկ է արվել, ինչը վտանգել է նաև բժշկի դիրքը։ Այդ պատճառով բժիշկը տեղափոխվել է Կ. Պոլիս և զբաղվել միայն բժշկությամբ։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Կ. Պոլսի զինվորական հիվանդանոցում բժիշկ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով։ 1915 թվականին Ամասիայում, տեղի կառավարիչի հրամանով դաժանորեն սպանվել է բժշկի կրտսեր եղբայրը՝ բժիշկ Հայկազուն Թաբիբյանը։ 1918 թվականին՝ պատերազմի ավարտից հետո բժիշկ Տիգրանը դատական գործ է հարուցել եղբոր սպանության համար և հասել նրան, որ Պատերազմական ատյանը 1920 թվականին մահվան է դատապարտել Ամասիայի ոճրագործ կառավարիչին, սակայն դատավճիռը չի գործադրվել։ Դրանից հետո բժիշկ Տիգրանը մահափորձի է ենթարկվել, որից հրաշքով է փրկվել։ Այդ դեպքը վերջնականապես հուսալքել է բժշկին և նա մեկնել է ԱՄՆ։ 1937 թվականի դրությամբ բնակվում էր ԱՄՆ-ում։
Գրականություն
խմբագրել- Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն հայ Կեսարիոյ, Բ. հատոր, Գահիրէ, 1937։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։