Տեքստիլ արդյունաբերություն

Տեքստիլ արդյունաբերություն (լատ․` textile - գործվածք, կտոր), թեթև արդյունաբերության հնագույն ու առավել խոշոր ճյուղերից, որը բուսական, կենդան, ու քիմիական (արհեստական և սինթետիկ) մանրաթելերի տարբեր տեսակներից պատրաստում է տեքստիլ գործվածք, տրիկոտաժ և այլ իրեր։ Ներառնում է տեքստիլ հումքի նախնական մշակման, բամբակի, վուշի, բրդի, մետաքսի, ոչ-գործվածքային, կանեփաթելի-ջուտի, ցանցահյուսության, տեքստիլ-գալանտերեայի, տրիկոտաժի, թաղեգործության ճյուղերը։ Տեքստիլ արդյունաբերության արտադրանքն օգտագործվում է հագուստի, կոշիկի, կահույքի արտադրության, մեքենաշինության մեջ և այլն։ Տեքստիլ իրերի արտադրությունն սկսվել է շատ վաղուց։ Բամբակենու մշակությունը և մանվածքաթելի ու գործվածքի պատրաստումը մեր թվականությունից դեռ շատ դարեր առաջ հայտնի էր Հնդկաստանում, Չինաստանում ու Եգիպտոսում։

Տեքստիլ ֆաբրիկա Տալլինում (1925)

Հայաստանում հագուստի արտադրությունը կրում էր տնայնագործական բնույթ։ Հատուկ տեղ էր գրավում գորգագործությունը։ Հայաստանը հայտնի էր ձեռագործ բարձրորակ գորգերով, որոնք մեծ պահանջարկ ունեին տեղական ու միջազգային շուկաներում։ 1912 թվականին Երևանի նահանգի 574 գյուղերում տնային գորգագործությամբ զբաղվում էին մոտ 7 հազար մարդ։ Կար նաև մետաքսաթելի տնայնագործական մոտ 25, թաղեգործական 17 ձեռնարկություն, բամբակազտիչ 330 մանր «գործարան», 35 ներկատուն։ 1917-1920 թբվականներին տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները գրեթե լրիվ քայքայվեցին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 690