Տեղ գյուղի մելիքական ապարանք

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի 1783 թվականի կառույց

Տեղ գյուղի մելիքական ապարանք գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի կենտրոնական մասում, Սուրբ Գևորգ եկեղեցու հյուսիս-արևելյան կողմով անցնող ճանապարհների միջև՝ հարավային լանջի վրա[1]։

Ապարանք
Տեղ գյուղի մելիքական ապարանք
ԵրկիրՏեղ գյուղ, Հայաստան
Շինության տեսակԱպարանք
ՀիմնադիրԴավիթ-Բեկ Մելիք-Բարխուդարյան
Հիմնական թվականներ՝1783

Պատմություն և ճարտարապետություն խմբագրել

Ապարանքի զույգ գլխատներից արևմտյանի առջևից կցված սենյակի մուտքի հարթ ու երկարավուն բարավոր սալի վրա ապարանքի կառուցման մասին կա շինարարական արձանագրություն՝

  ԹՎ ՌՄԼԲ (1783) Ի վաելուսն Մէլիք Բարխուդարի որթի Դավիթ Պէկս Շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակօվն[2]  

Այս արձանագրության առաջին տողի «Պէկս» բառի կիսված-անավարտ «ս»-ն, երկրորդ տողի «ժամանակօվն»-ից հետո երևացող երկատված-անորոշ տառի մասնիկը, ինչպես նաև տողերը շրջանակող հորիզոնական գծերի ընդատումն այդ մասում վկայում են, որ այն իր նախնական տեղում չէ և կտրվել, տաշվել ու հարմարացվել է այստեղ՝ ապարանքի հետագա վերակառուցման ժամանակ։ Արձանագրություն կա նաև սենյակի կողքի գլխատանը կից սենյակի շքամուտքի բարավորաքարի վրա։ Քարի կիսաշրջանաձև ճակատին փորված ուղղանկյուն շրջանակի վերին եզրի երկայնքով փորագրված է.

  «Ի վայելումն Մելիք Բարխուդարի որդի Դավիթ-Բեկս շինեցի այս ամարաթս Իբրայիմ խանի ժամանակ... 1783թվին /ՌՄԼԲ/»[3]:  

Նախապես փորված շրջանակի մեջ խիտ կցագրելով սկսելով շինարարական արձանագրությունը, փորագրողը զգացել է, որ այն չի տեղավորվի շրջանակի մեջ և, անավարտ թողնելով գիրը, նույն բառերով սկսել ու ավարտել է նորը։ Սա դարձյալ նշանակում է, որ Մելիք-Բարխուդարի Դավիթ Բեկի «ամարաթ»-ապարանքի 1783 թվականի շինարարական նկարագիրը վերաբերում է համակառույցի ամբողջովին քարաշեն կառույցի մասին և ժամանակագրական որևէ առնչություն չունի այն հարթ շինության հետ, որում գտնվում է։

Ապարանքը գյուղի վերջին դարերի պատմության հուշարձաններից է, սակայն Տեղը Սյունիքի հնագույն բնակավայրերից է և հիշվում է 10-րդ դարից։ Սյունյաց թագուհի Շահանդուխտը 988 թվականին հիմնելով ու շենացնելով գյուղը, նվիրել է Տաթևի վանքին, որի հարկացուցակում խոշորներից էր 13-րդ դարից։ Տեղ գյուղի գերեզմանոցում պահպանված 13-ից 18-րդ դարերում բազմաթիվ խաչքարերն ու տապանաքարերը պատմում են գյուղի անընդհատ գոյատևման մասին[4], իսկ Սուրբ Գևորգ եկեղեցու հնագույն՝ 4-5-րդ դարերին բնորոշ մասերը՝ նրա շատ ավելի խորն անցյալի ապացույցներն են։ Այս եկեղեցու հետ է կապված գյուղի վերջին իշխողների անվան առաջին հիշատակությունը։ Ըստ հարավային մուտքի կամարակալ քարի արձանագրության.

  Նորէքեցան Բարխուտարն, իր կողակից Թաճումն
- 1747 թվականի
 

Մելիք-Բարխուդարի որդին էր 1783 թվականի ապարանք կառուցող Դավիթ Բեկը, որը 1783 թվականի մի փաստաթուղթում հիշվում է հայոց ազատամարտի նոր վերելքը գլխավորողների շարքում, որպես «Ղափանու Դավիթ մելիք Բարխուտարեան Տեղու», իսկ մեկ այլ տեղեկությամբ հայտնի է որպես «ազնուազգի և խոհմամիտ Դավիթ Բէկ, որ էլ գլխավոր բնակչաց Տեղոյ յսկիզբն դարուս»։

Դավիթ-Բեկ Մելիք-Բարխուդարյանը, 1748 թվականին մելիքական աթոռին հաջորդել է հորը, 1783 թվականին կառուցել իր նստոց-ապարանքը Տեղ գյուղում և այնտեղ իշխել մինչև հաջորդ դարի սկզբը։ Այս մելիքի երկարամյա կենսագրության վկան նրա ապարանքն է՝ կառուցված դարաշրջանի պալատաշինության ավանդույթներով։

 
Բնակելի համալիր «Մելիք - Բարխուդարյանների Ամարաթ»

Ապարանքը բաղկացած է արևելք-արևմուտք մի շարքով դասավորված երկու կից գլխատներից, դրանց երկու կողմի մեկական դահլիճից և շարքի հարավային, բակահայաց ճակատը բռնող սրահից։ Ծածկերն իրականացված են քառանիստ-բրգաձև փակվող թաղերով, որոնցից արևմտյան կողմինն ամբողջությամբ կանգուն է, իսկ արևելյանը՝ մեծ մասամբ փլված։ Գլխատների պատերում միայն երկու հանդիպակաց, փոքր ու հարթածածկ խորշեր կան, իսկ կողքերից կապվում են երկու եզրային դահլիճի հետ։

Սրանք ուղղանկյուն հատակագծով ու թաղակապ ծածկով պարզ շինություններ են, որոնց խորքի պատում ավանդական բուխարին է՝ զույգ փոքրիկ ու հարթածածկ խորշերի միջև։ Ուշագրավ է, որ դահլիճներից արևելյանը սրահի կողմից միայն նեղլիկ պատուհան ունի, իսկ արևմտյանի լայն պատուհանն ու մուտքը, ինչպես նաև դրանց առջևի կամարակապ նախամուտքը հետագա վերակառուցման արդյունք են և ըստ ոճական ընդհանրության ժամանակակից են նախամուտքին կից և 19-րդ դարին բնորոշ կրկնահարկ-հարթածածկ հորինվածքով սենյակին։ Նուբար Պապուխյանի չափագրության ժամանակ նման մի սենյակ էլ եղել է վերջինիս արևելյան արձանագիր մուտքի դիմաց։ Իսկ դրանց միմյանց կապող կամարաթաղով կազմվել է գլխատների նախամուտքը, որն իր հերթին հետագայում մեջտեղից պատով կիսվել է և մասամբ վերածվել սենյակի։

Մասնավորապես չի նկատվել, որ արևմտյան կողմի դահլիճը արևելյանի ձևերը կրկնող մուտք ունի գլխատնից, ուստի պատկանում է ապարանքի նախնական հորինվածքին։ Այդպիսի դահլիճները մելիքական տներում լայնորեն տարածված են և կանոնիկ ձև ու տեղադիրք ունեն։ Ըստ հետքերի՝ ակնհայտ է նաև ապարանքի ճակատային մասի սկզբնական լուծումն ու վերակառուցման հետագա ընթաքցը։ Արևմտյան դահլիճի նախամուտքի արտաքին եզրապատի զույգ խորշերով խոշոր բուխարին, դրանցից վեր պահպանված երկայնական թաղի մնացորդը և գլխատների ճակատամասում գտնվող խորշերը՝ որոնցից մեկը մնացել է կրկնահարկ կցակառույցի առաջին հարկի առաստաղի մոտ, իսկ երկրորդը փակված է եղել մյուս կառույցի պատով, վկայում են, որ կառույցի նախնական հորինվածքն ունեցել է բակահայաց սյունազարդ ու կամարակապ սրահ։ Հավանաբար վերջինիս փլուզման հետևանքով հետագայում քառասյուն սրահի սյուների քայլին համապատասխան երկարությամբ և սրահի լայնության չափով երկու կրկնահարկ ու գերանածածկ սենյակներ են կառուցվել, իսկ գլխատների շքամուտքերի և եզրային դահլիճների առջևում այդպիսով առաջացած նախամուտքերը ծածկվել են ճակատաբաց կամարաթաղերով։ Բայց, քանի որ դահլիճները այդ նախասրահներից մուտքեր չունեին, դրանցից արևմտյանի ճակատապատում մուտք է բացվել և պատուհանը լայնացվել, իսկ արևելյան կողմի նախասրահը դարձյալ վեր է ածվել սենյակի։

Մեր օրեր խմբագրել

Հուշարձանը ներկայումս վերանորոգված է, սակայն խաթարված է նրա նախնական հորինվածքն ու արտաքին տեսքը։

Ապարանքը կառուցված է հիմնական կոպտատաշ ու ճեղքված քարից, սրբատաշ են միայն մուտքերի ու խորշերի եզրաքարերը։ Կանգուն գլխատան ներսում պատերը սվաղված են, իսկ ծածկը խիստ սևացած է հետագայում ավելացված թոնրի ծխից։ Կառուցման խնամքով ու միանման, կամարակապ, պարզ հորինվածքով առանձնանում են գլխատների շքամուտքերը, որոնց ողջ ճակատամասը սրբատաշ է։ Մեծ վարպետությամբ է մշակված հատկապես արևմտյան կողմի դահլիճի բուխարու ճակատը. կիսաբոլորաձև օջախախորշի բարձր ու գծազարդ եզրաքարերն ավարտվում են երկաղեղ-սրագագաթ կամարաքարով, որի հետ մի կտոր քարից կերտված է նաև ոճավորված-սաղավարտաձև ծխանցածածկ քարը։

Տեղի մելիքական ապարանքն իր նախաստեղծ ճարտարապետական հորինվածքի զույգ քարակերտ-գմբեթավոր գլխատներով, թաղածածկ դահլիճներով, սյունազարդ կամարասրահով ու պարսպափակ ամբողջականությամբ 18-րդ դարի վերջի պալատաշինության հուշարձան է և այդ շրջանից մեզ հասած միակը լինելով Սյունիքում՝ այն իր տեղն ունի բնագավառի պատմության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նկարագրությունը և չափագրությունը արված է 1982 թվականին, այժմ հուշարձանը ամբողջությամբ վերանորոգված է։
  2. Տես նաև «Դիվան հայ վիմագրության» պրակ 2, 1960, էջ 70, Ն․Պապուխյան, Սյունիքի ժողովրդական ճարտարապետություն, էջ 70, ծանոթագրություն՝ 30
  3. Տես «Դիվան 2» էջ 70
  4. «Դիվան հայ վիմագրության» 2 էջ 71-75

Աղբյուրներ խմբագրել