Տեխնիկական գործվածք, քիմիական, ավտոմոբիլային, ռետինի, կոշիկի արդյունաբերության մեջ, ինչպես նաև այլ ճյուղերում մեքենաների դետալների, տեղակայանքների և տեխնիկական շինվածքների պատրաստման համար հիմնական կամ օժանդակ նյութ հանդիսացող տեքստիլային գործվածք։ Բամբակե գործվածքներից լայնորեն օգտագործում են կորդը, բելտինգը (ավտոդողերի, կոնվեյերների ժապավենների պատրաստման համար), կիրզան (որպես կաշվի փոխարինիչ), քամիչ կտավը և այլն։ Վուշե տեխնիկական գործվածքից պատրաստում են բրեզենտներ, հրշեջ կաշեփողեր, բրդե գործվածքներից՝ միջադիրներ, զտիչներ և այլն։ Մետաքսե տեխնիկական գործվածքը հիմնականում կիրառում են մաղերի, ասբեստայինները՝ զտիչների և զանազան հրակայուն շինվածքների համար։ Տարածված են նաև քիմիական մանրաթելերից (լավսանից, քլորինից, կապրոնից և այլն պատրաստված տեխնիկական գործվածք)։ Տեխնիկական գործվածքը սովորաբար արտադրում են քաթանի միաշերտ և բազմաշերտ միահյուսվածքի ձևով։ Ծառայում է որպես զտիչ նյութ, զանազան պատվածքների հիմք։ Տեխնիկական գործվածքը օգտագործում են նաև պաշտպանական հագուստ կարելու համար։ Տեխնիկական գործվածք են համարվում նաև կալկայի, մոմլաթի, միջադիրների պատրաստման համար օգտագործվող թանզիֆը, միտկալը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխնիկական գործվածք» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 637