Տարածական նկարչությունը (ֆր.՝ Les peintures dans l'espace)` արվեստի ուղղություն՝ ստեղծված հայ մեծանուն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի կողմից 20-րդ դարի սկզբին։ Այն իր մեջ սինթեզում է նկարչության բոլոր ձևերը՝ մեկտեղելով նկարչությունը և քանդակը։ Տարածական նկարչության համար Ե. Քոչարը ստեղծում է մետաղյա վահանակներից քանդակ։ Հեղինակը վահանակների վրա նկարում է համապատասխան թեմայով նկարներ։ Մետաղյա արձանը տեղադրվում է շարժիչի վրա, որի օգնությամբ էլ այն դանդաղ պտտվում է՝ ցուցադրելով վահանակի նկարները։ Այս եղանակով Ե. Քոչարը ցույց է տալիս ժամանակի մեջ առանձին տարածական մասնիկների մեկ ընդհանրական դառնալը. այսպիսով հօդս է ցնդում ժամանակի և տարածության միջև պատնեշը, որի պատճառ է հանդիսանում ոչ թե քանդակը, այլ շարժվող նկարները։

Հեղինակը առաջարկում է ընդարձակել տեսողական մտածողության սահմանները՝ շարժման միջոցով ներկայացնելով քարացած ձևերը, նա խառնում է նկարչության պլաստիկությունը եռաչափ երկրաչափական ձևերի հետ (այսօր հայտնի է որպես 3D գրաֆիկա անվամբ)։

Երվանդ Քոչարի տարածական նկարչության աշխատանքներից մեկը 1963 թ. ցուցադրվել է Փարիզի Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնում։ Ավելի վաղ 1929 թ. Փարիզում անցկացվող «Ժամանակակից արվեստի համայնապատկերները» միջազգային ցուցահանդեսին, որն անց էր կացվում «Բոնապարտ» հրատարակչության սրահներում, մասնակցում է նաև Երվանդ Քոչարը՝ ներկայացնելով տարածական նկարչության աշխատանքները։ Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին նաև Ժորժ Բրաքը, Մարկ Շագալը, Ռոբեր Դելոնեն, Անրի Մատիսը, Ֆրանսիս Պիկաբիան, Պաբլո Պիկասոն, Խոան Միրոն և ուրիշներ։

Արտաքին հղումներ խմբագրել