Տանձենի ուսսուրական

բույսերի տեսակ
Տանձենի ուսսուրական
Տանձենի ուսսուրական
Տանձենի ուսսուրական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի ուսսուրական (P. ussuriensis)
Միջազգային անվանում
Pyrus ussuriensis

Տանձենի ուսսուրական (լատ.՝ Pyrus ussuriensis), վարդազգիների ընտանիքի տանձենիների ցեղի բույս։

ՆկարագրությունԽմբագրել

Տերևաթափ ծառ է՝ 10-15 մ բարձրությամբ, փշերով ծածկված գորշավուն, գրեթե սև, փայլուն ճյուղերով։ Սաղարթը խիտ է ու լայն։ Ընձյուղները և բողբոջները սկզբում բրդանման աղվամազով են ծածկված, ավելի ուշ՝ մերկանում են։ Տերևակոթունների երկարությունը հասնում է 2-6 սմ-ի, սկզբում մազմզուկապատ, հետագայում՝ մերկ։ Տերևները համարյա կլորավուն են, թույլ սրտանման կամ կլորավուն հիմքով, սրածայր գագաթով, սուր սղոցաեզր, ներքևի կողմից թեթևակի աղվամազապատ, վերևի կողմից մերկ և փայլուն, մինչև 5 սմ երկարությամբ։ Վահանիկները բազմածաղիկ են, խոշոր, 3-4 սմ տրամագծով, սպիտակ ծաղիկներով։ Պտուղը ունի կարճ պտղակոթուն, դեղնավուն է կամ կանաչավուն, երբեմն կարմիր խալերով, կլորավուն, կամ տանձանման, հաստ կեղևով և կոշտ պտղամսով, որը պարունակում է մեծ քանակությամբ քարաբջիջներ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Անփոխարինելի պատվաստակալ է տանձենիների ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Ինչպես հայտնի է, այդ եղանակով է Ի. Վ. Միչուրինը ստացել Միչուրինի Բերե ձմեռային սորտը։ Էկոլոգիական խումբը XIII: Մշակության հավանական շրջանները 1 -32։

ՏարածվածությունԽմբագրել

Բնական պայմաններում տարածված է Հեռավոր Արևելքում, Ուսսուրի գետի ավազանում, Մանջուրիայում և Կորեայում։ Հայաստանի պայմաններում հաջողությամբ է կլիմայավարժվել և էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում, Երևանում կան խոշոր, մինչև 10 - 12 մ բարձրության, պտղաբերող ծառեր[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (349)։