Վուլկանացում, հում կաուչուկից ռետինի ստացման պրոցես, որի ընթացքում կաուչուկի գծային մակրոմոլեկուլները «կարվում» են իրար ընդլայնական քիմիական կապերով, առաջացնելով տարածական ցանց։ Վուլկանացումը մեծացնում է կաուչուկի մեխանիկական կայունությունը, առաձգականությունը, էլաստիկությունը, ջերմադիմացկունությունը և ցրտադիմացկունությունը, փոքրացնում գազաթափանցիկությունը, ուռչելիությունը և լուծելիությունը օրգանական լուծիչներում։ Սովորական կաուչուկները (բնական, բուտադիենային, բուտադիենստիրոլային և այլն) վուլկանացնում են մեծ մասամբ ծծմբով (140— 180 °C)։ Ծծմբային վուլկանացմամբ ստացված ռետինում միջմակրոմոլեկուլային կամրջակները պարունակում են ծծմբի (1–4) ատոմներ։ Կաուչուկին 0,5—5% զանգվածով ծծումբ ավելացնելիս ստացվում է փափուկ ռետին (օգտագործվում է դողեր, խողովակներ, գնդակներ պատրաստելու համար), 30—50% ավելացնելիս՝ ոչ առաձգական և կարծր զանգված (էբոնիտ)։ Վուլկանացնող նյութը (ծծումբ և այլն) ավելացնում են կաուչուկային վուլկանացման արագացուցիչների, վուլկանացման ակտիվատորների և ռետինին շահագործման համար անհրաժեշտ հատկություններ հաղորդող այլ հավելանյութերի (մուր, կավիճ, կաոլին, պլաստիֆիկատորներ, հակածերացնողներ և այլն) հետ խառնելուց հետո։ Վուլկանացման արագացուցիչները (2- մերկապտաբենզաթիազոլի սուլֆենամիդային ածանցյալներ և այլն) կրճատում են վուլկանացման տևողությունը, իսկ վուլկանացման ակտիվատորները (ամենից հաճախ՝ 3—5% ZnO) մեծացնում են մակրոմոլեկուլների կարվածության աստիճանը, ստացվում է լավագույն հատկություններ ունեցող և մաշակայուն ռետին։

  • Վուլկանացման այն տևողությունը, որի ընթացքում ստացվում է հատկությունների լավագույն համադրությամբ ռետին, կոչվում է օպտիմում։

Ծծմբային վուլկանացումը արդյունաբերության մեջ իրականացնում են հատուկ կաղապարներում՝ ճնշման տակ տաքացնելով (ստացվում են ռետինի պատրաստի առարկաներ կամ կիսապրոդուկտներ)։ Հատուկ նշանակության ռետիններ ստանալու համար օգտագործում են այլ վուլկանացնող նյութեր կամ իոնացնող ճառագայթներ (ճառագայթային վուլկանացում)։ Օրինակ, սիլիցիումօրգանական և հագեցած էթիլենպրոպիլենային կաուչուկները վուլկանացնում են բենզոիլի, երրորդային բութիլի և այլ գերօքսիդներով, քլորապրենային և կարբօքսիլատային կաուչուկները՝ ցինկի, մագնեզիումի օքսիդներով, ուրետանային էլաստամերները՝ իզոցիանատներով, ֆտորկաուչուկները՝ երկեռֆտորմեթիլերկֆենիլմեթանով և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։