Վերա Ֆիրսանովա

Մոսկվայի խոշոր տնատեր, ձեռնարկատեր և բարերար

Վերա Իվանովնա Ֆիրսանովա (ռուս.՝ Ве́ра Ива́новна Фирса́нова, 1-ին ամուսնական ազգանունը՝ Վորոնինա, 2-րդ ամուսնական ազգանունը՝ Գանեցկայա, 1862, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1934, Փարիզ), մոսկվացի խոշոր տնատեր, ձեռնարկատեր, մեկենաս։

Վերա Ֆիրսանովա
Դիմանկար
Ծնվել է1862
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել է1934
Մահվան վայրՓարիզ
Մասնագիտությունգործարար

Կենսագրություն խմբագրել

Վերա Իվանովնա Ֆիրսանովան եղել է մոսկվացի գործարար Իվան Գրիգորևիչ Ֆիրսանովի միակ զավակը։ Հայրը 17-ամյա Վերային ամուսնացրել է Վ. Պ. Վորոնովի հետ, որն աշխատում էր Հաշվապահական բանկում և այնտեղ պահում իր խնայողությունները։ Վորոնինը երիտասարդ կնոջը պահում էր փակի տակ և աչքի էր ընկնում զարմանալի ժլատությամբ։

Հոր մահից հետո Վերա Իվանովնան ստացել է հսկայական ժառանգություն, գլխավորել ընտանեկան գործը և ամուսնալուծվել է` ամուսնուն վճարելով մեկ միլիոն ռուբլի՝ ընդունելով իրեն վերագրված մեղադրանքները[1]։ 1881 թվականին Ֆիրսանովան դարձել է Մոսկվայի հոգաբարձուների կոմիտեի անդամ։ 1883 թվականին Ֆիրսանովայի դրամական միջոցներով ճարտարապետ Միտրոֆան Արսենևը կառուցել է չորս հարկանի «տուն այրիների և որբերի համար» (Էլեկտրիչեսկի նրբանցք 5), որը նա նվիրաբերել է կայսրուհու հովանու ներքո գտնվող եղբայրական հասարակության հանձնաժողովին։ Իրեն պատկանող Սերեդնիկովո գյուղը Ֆիրսանովան վերածել է մերձմոսկովյան մշակութային կենտրոնի, որտեղ համերգներով հանդես են եկել Ֆեոդոր Շալյապինը, կոմպոզիտորներ Սերգեյ Ռախմանինովը և Գեորգի Կոնյուսը, այստեղ են եղել նկարիչներ Վալենտին Սերովն ու Կոնստանտին Յուոնը։ 1893 թվականին Ֆիրսանովայի դրամական միջոցներով և խնդրագրով կալվածքի կողքին բացվել է Նիկոլաևսկի երկաթուղու կիսակայարանը (այժմ`«Ֆիրսանովկա» հարթակ)։

Վերա Իվանովնան երկրորդ անգամ ամուսնանում է Ալեքսեյ Գանեցկու հետ, որը հայտնի գեներալ, Ղրիմի պատերազմի մասնակից Նիկոլայ Ստեպանովիչ Գանեցկու որդին էր։

Վերա Ֆիրսանովայի միջոցներով և ճարտարապետներ Բորիս Ֆրեյդենբերգի և Սերգեյ Կալուգինի նախագծով կառուցվել են նոր Սանդունովյան բաղնիքները և Պետրովսկի պասաժը (բացման ժամանակ կոչվել է Ֆիրսանովսկի պասաժ)[2]։

Հեղափոխությունից հետո Ֆիրսանովան ապրել է Արբատում գտնվող իր մեկ սենյականոց կոմունալ բնակարանում։ Վերջին տարիներին Մոսկվայի թատրոններից մեկում Ֆիրսանովան դիմահարդար է աշխատել։ 1928 թվականին Շալյապինը պատրաստել և Մոսկվա է ուղարկել անհրաժեշտ փաստաթղթեր և գումար, որպեսզի Վերա Իվանովնան Փարիզ մեկնի։

Վերա Իվանովնան մահացել է 1934 թվականին Փարիզում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Столичные штучки, Вера Фирсанова была замужем дважды — и обоих мужей отставила, заплатив каждому по миллиону отступных
  2. «ХОЗЯЕВА «КАМЕННЫХ ДЖУНГЛЕЙ»». 2003 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել