Վենետիկ, մարզ Իտալիայի հյուսիս-արևելքում, Ադրիատիկ ծովի մոտ։ Բաժանված է Բելլանո, Վենետիկ, Վերոնա, Վիչենցա, Պադուա, Ռովիգո, Տրեվիզո գավառների։ Տարածությունը 18,4 հազար կմ2 է, բնակչությունը՝ 4,3 միլիոն։ Խոշոր քաղաքներն են Վենետիկը (վարչական կենտրոնը), Վերոնան, Պադուան։ Գտնվում է Վենետիկյան դաշտավայրի արևելյան մասում և Վենետիկյան Ալպերի ստորոտին (առավելագույն բարձրությունը՝ ավելի քան 3000 մետր)։

Կլիման միջերկրածովային է, հունվարի միջին ջերմաստիճանը մոտավորապես 3° ցելսիուս է, հունիսինը՝ մոտ 23° ցելսիուս, գետերն են Պյավեն, Բրենտան, Ադիջեն և մասամբ՝ Պոն։ Տարածված են անտառներն ու մարգագետինները։ Զարգացած են մեքենաշինությունը, մետաղամշակությունը, տեքստիլ արդյունաբերությունը (հատկապես բրդյա գործվածքների արտադրությունը)։ Կա գունավոր մետալուրգիա, նավաշինություն, նավթավերամշակում, նավթաքիմիա, կոքսաքիմիա, հանքային պարարտանյութերի արտադրություն, սև մետալուրգիա, ապակու ավանդական արտադրություն, փայտամշակություն, սննդի արդյունաբերություն։

Մշակում են ցորեն, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, կանեփ, ծխախոտ, բրինձ, ընդավորներ, կարտոֆիլ, զբաղվում այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ձիթենու մշակությամբ, անասնապահությամբ, ձկնորսությամբ։ Վենետիկը և Գարդա լճի շրջակայքի տուրիստական կենտրոններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 369 CC-BY-SA-icon-80x15.png