Վայրէջք (բանաստեղծություն)

«Վայրէջք», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1909 թվականին[1]։

Վայրէջք
Ժանրբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1909
Հրատարակչություն«Գործ»
Հրատարակվել է1909
ՎիքիդարանՎայրէջք

Պատմություն խմբագրել

Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1909 թվականի փետրվարի 7-ին, Թիֆլիսի Մետեխի բանտում, իր ծննդյան 40-ամյակի օրը[1]։

Բանաստեղծության սևագիր-ինքնագիրը պահվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 66-ում, թվագրված՝ 1909 փետրվարի 7/20, հետագայում մատիտով կատարված ուղղումներով[1]։

«Իմ ծննդյան քառասնամյակի առթիվ» ենթավերնագրով տպագրվել է 1909 թվականի ապրիլի 5-ին, «Գործ» թերթի № 69-ում, 1913 թվականին՝ «Նոր հոսանք» ամսագրի № 1-ում (էջ 71), այնուհետև՝ Կոտանդնուպոլսում՝ 1922 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների գրքում, ապա՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 157)[1]։

Այս բանաստեղծության գրման շարժառիթների և Թումանյանի բանտարկության մասին խոսել են Ավ․ Իսահակյանը, Լեոն, Աշխեն Թումանյանը և ուրիշները։

Իսահակյանը գրել է․

  1908 թվի դեկտեմբեր ամսին, ցարական ժանդարմերիան Օհաննեսին և ինձ ձերբակալեց և, զանազան հակապետական մեղադրանքով, վեց ամից պահեց Թիֆլիսի Մետեխի բանտում։ Կամերաներով դրացի էինք իրար։ Բանտում լրացավ, փետրվար ամսին, Օհաննեսի 40-ամյակը։ Այդ առիթով նա գրեց «Վայրէջք» բանաստեղծությունը։ Մենք տխրության ու ուրախության խառն զգացմունքով տոնեցինք նրա տարեդարձը[1]։
- Ավետիք Իսահակյան
 

Նվարդ Թումանյանը հիշողությամբ մեջ է բերել Թումանյանի խոսքերն այս բանաստեղծության մասին, ասված 1920 թվականի մայիսի 19-ին․ «Վայրէջքը» իմ ամենալավ բանաստեղծություններից է, շատ է լավը, Մետեխի բանտում եմ գրել ծննդյանս 40-ամյակի օրը»։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է Կոստանդնուպոլսում լույս տեսած բանատեղծությունների գրքից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 621–622.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Վայրէջք (բանաստեղծություն)