Վահան Մինախորյան (1884, Գանձակ, Ռուսական կայսրություն - 1946, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), հայ քաղաքական գործիչ։ Սոցիալ-հեղափոխական կուսակցության անդամ[1]։

Վահան Մինախորյան
Դիմանկար
Ծնվել է1884
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն
Մահացել է1946
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
 Vahan Minakhoryan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Վահան Մինախորյանը ծնվել է 1884 թվականին Գանձակ քաղաքում։ Սովորել է Մոսկվայի առևտրի դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Բաքու, որտեղ Հայ հեղափոխական դաշնակցության համար հիմնել է ընդհատակյա հրատարակչություն և կազմակերպել գործադուլներ։ Ռոստոմից հրաման ստանալով` մեկնել է Սամսուն, աշխատել տեղի հայկական դպրոցում։ Կարինում մասնակցել է ՀՅԴ 8-րդ համաժողովին։ Հայոց ցեղասպանության ժամանակ Սամսունի հայ բնակչության հետ միասին տեղահանվել է և աքսորվել Օսմանյան կայսրության հարավային շրջաններ, սակայն կարողացել է փախչել, որի մասին հիշողությունների հիման վրա գրել է «Արհավիրքի օրեր» գիրքը։

Հետագայում միացել է Սոցիալ-հեղափոխական կուսակցությանը, 1918 թվականից եղել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության Ազգային ժողովի անդամ։ 1919 թվականին սոցիալ-հեղափոխական կուսակցությունից Արշամ Խոնդկարյանի հետ հակադրվել են ՀՅԴ՝ Երևանի նահանգում մուսուլմանական ապստամբությունները զսպելու համար կանոնավոր բանակ օգտագործելու որոշմանը[2], սակայն հաջողության չեն հասել։

1920 թվականի նոյեմբերի 23-ին Սիմոն Վրացյանի կառավարության կազմում նշանակվել է Հանրային կրթության նախարար և պաշտոնը զբաղեցրել 1920 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 2-ը[3]։ Մասնակցել է Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին, եղել է պատվիրակության անդամ[4]։

1921 թվականի փետրվարի 18-ից եղել է Փրկության կոմիտեի անդամ։ 1921 թվականին անցել է Պարսկաստան, այնուհետև՝ Պրահա, 1934 թվականին՝ Բելգրադ։

Մահացել է Բելգրադում, 1946 թվականին։

  • 1915 թուականը։ Արհաւիրքի օրեր / Վահան Մինախորյան։ Վենետիկ։ Յ. Կոբոյեան, 1949[5]։
  • Վերհիշումներ։ Թալեաթի ահաբեկումը / Ս. Թեհլիրյան։ Կազմ.՝ Վ. Մինախորյան։ Երևան։ Հայաստանի ԳԱԱ հրատ, 1993։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Kaligian, Dikran Mesrob. Armenian organization and ideology under Ottoman rule, 1908-1914 (Rev. ed.). New Brunswick, N.J.: Transaction Publishers. ISBN 9781412842457.
  2. The Republic of Armenia: The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052, p. 153-154
  3. «Նախարարներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  4. The Republic of Armenia: The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052, p. 418
  5. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան