Սպասելով այծին
«Սպասելով այծին» (ռուս.՝ «В ожидании козы»), խորհրդային գրող Եվգենի Դուբրովինի վիպակը, որն առաջին անգամ հրատարակվել է 1968 թվականին Վորոնեժում[1]։ Այն պատմում է երկու եղբայրների հետպատերազմյան կյանքի մասին, որոնց մոտ անսպասելիորեն վերադառնում է պատերազմում զոհված համարվող հայրը։
Սպասելով այծին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Եվգենի Դուբրովին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1968 |
Վիպակը հեղինակին հռչակ է բերել և թարգմանվել է մի քանի օտար լեզուներով, դրա հիման վրա բեմադրվել են ներկայացումներ[2]։ 1988 թվականին պատմվածքի հիման վրա նկարահանվել է «Ֆրանսիացին» ֆիլմը։
Սյուժե
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի ավարտից անցել է ավելի քան մեկ տարի։ 14-ամյա Վիկտորը և նրա կրտսեր եղբայրը՝ 8-ամյա Վադը (Վադիմ), մոր հետ ապրում են Նիժնոզյորսկ գավառական քաղաքում։ Նրանք չեն հնազանդվում մորը և հիմնականում թափառում են փողոցներում. քաղաքի շրջակայքում մարտեր են եղել, այնտեղ հաճախ ականներ և արկեր են հայտնաբերվում, բացի այդ, տղաները ընկերություն են անում «հայր չունեցողների» ընկերախմբի երեք տղաների հետ, որոնք հիմնականում ժամանակ են անցկացնում դաշտում՝ խարույկի մոտ։ Երբեմն տղաների մոր մոտ է գալիս կաղ, ինտելիգենտ հաշվապահը, և տղաները կարծում են, որ նա կարող է դառնալ իրենց խորթ հայրը։ Սակայն հանկարծ տուն է վերադառնում տղաների հարազատ հայրը՝ Անատոլի Բորոդինը. նա երկար ժամանակ գտնվել է գերության մեջ, հետո կռվել է Ֆրանսիայում։ Հայրը փորձում է տանը հաստատել իր կարգերը՝ երեխաներին ներգրավել աշխատանքի մեջ, սովորեցնել նրանց այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ տնային գործերը կատարելու համար։ Ազատությանը սովոր եղբայրները երկարատև կոնֆլիկտ են ունենում իրենց հոր հետ, որին նրանք միմյանց մոտ անվանում են «բռնապետ»։ Մոր մոտ գալիս է նրա կրտսեր եղբայրը՝ Սևա Իվանովիչը («Ավես Չիվոնավի»), որը եղել է ռազմական օդաչու, բազմիցս վիրավորվել և «մաս-մաս կարվել» հիվանդանոցներում։ Նա, ինչպես կաղ հաշվապահը, տղաներին ավելի շատ է դուր գալիս, քան իրենց հայրը։
Որոշ ժամանակ անց հայրն առաջարկում է Նիժնոզյորսկից տեղափոխվել Ուտինոե գյուղ, որտեղ ինքն է մեծացել և աշխատել որպես դարբին։ Այնտեղ պատերազմ չի եղել և ականներ չկան, բայց պետք է աշխատանք լինի։ Եղբայրները կտրականապես դեմ են տեղափոխմանը և որոշում են փախչել, սակայն քեռի Սևան հեռանում է մեկ այլ գանցքով՝ տանելով նրանց ճամպրուկը։ Ուտինոե ժամանելուց հետո պարզվում է, որ սովի պատճառով այնտեղ քիչ մարդիկ են մնացել, և կյանքը նույնիսկ ավելի դժվար է, քան Նիժնոզյորսկում։ Հայրը և մայրը, վերցնելով սայլը, ոտքով գնում են երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բելոգորիե քաղաք, որպեսզի վաճառեն իրեր և ուտելիք ու այծ գնեն. նրանց կարծիքով՝ այծ գնելուց հետո ընտանիքի համար կսկսվի նոր, ավելի հաջող կյանք։ Տասը օր եղբայրները պետք է մենակ մնան. նրանք իրենց ազատ են զգում, և չնայած հայրն ու մայրը նրանց բազմաթիվ հանձնարարություններ են տվել, նրանք չեն պատրաստվում անել դրանք։ Նրանք ծանոթանում են հարևանի՝ Վիտալկայի հետ, որի հայրը աշխատում է Գերմանիայում և փող ու ծանրոցներ է ուղարկում։ Վիկտորը Վիտալկայի հետ սկսում է գնալ շրջկենտրոն, որտեղ դառնում է պարետի ղեկավարությամբ գործող խմբավորման անդամ, ինչպես նաև ծանոթանում է Լորա անունով մի աղջկա հետ։ Լորան Վիկտորին ժամադրություն է նշանակում կեսգիշերին անտառի մոտ, սակայն ինքն այնտեղ չի գնում, իսկ Վիկտորը ենթարկվում է գայլերի հարձակմանը, և նրան պաշտպանում է իր հոր հովվաշունը՝ Ռեքսը։ Վիտալկան և Վիկտորը վաճառելու համար քերում են նոր ծեփամածիկը դպրոցի պատուհաններից, որտեղ վերանորոգում է ընթանում, բայց նրանց արարքը բացահայտվում է, և նրանց արարքի քննության համար հրավիրվում է մանկավարժական խորհուրդ։
Հանկարծ հայտնվում է անհայտ կորած քեռի Սևան, որը Վադի հետ ուտում է ծնողների թողած բոլոր պաշարները։ Նրանք վաճառում են Ռեքսին տուբերկուլյոզով հիվանդ մի տղամարդու որն ուտում է շանը։ Վիկտորը գյուղացիների օգնությամբ սկսում է ձմռան համար աթար հավաքել, ինչպես նաև կոլտնտեսության նախագահից ստանում է հացահատիկ և ճարպ, որը նա սկսում է խնայել՝ չնայած քեռու և Վադի բողոքներին։ Նա արդեն վստահ չէ, թե արդյոք «Ավեսը» իրենց քեռին է, թե նա պարզապես խաբեբայի մեկն է։ Վերջապես, Վիկտորը քեռի Սևային խնդրում է հեռանալ՝ նրանից խլելով ատրճանակը։ Վիկտորը սկսում է աշխատել կոլտնտեսությունում, Վադը չի կարող ներել նրան քեռի Սևայի հեռանալու համար և վրեժ է լուծում տարբեր ձևերով։ Մի անգամ Վադը, ի նշան բողոքի, ցատկում է տան տանիքից և հիվանդանոցի ճանապարհին մահանում է։ Վիկտորը նամակ է ստանում ծնողներից, որոնք գրում են, որ այծ են գնել և հետ են վերադառնում։ Բայց ծնողներն այդպես էլ տուն չեն գալիս. նրանք անհետ կորչում են (հնարավոր է՝ ճանապարհին սպանվել են այծի պատճառով)։ Արդեն հասուն տարիքում՝ Վիկտորը շարունակում է հիշել այն դատարկ ճանապարհը, որով կարող են գալ ծնողներն այծի հետ, և այդ ժամանակ նա «ստիպված կլինի պատասխան տալ այն ամենի համար, ինչ արել է ոչ այնպես...»:
Ստեղծման պատմություն
խմբագրելՎիպակը երեք անգամ հրատարակվել է Վորոնեժում[3]. առաջին անգամ հրատարակվել է 1968 թվականին, այնուհետև 1989 թվականին «Ծիծեռնակ՝ թևերին անձրև» (ռուս.՝ «Ласточка с дождём на крыльях»)[4] ժողովածուում և 2003 թվականին[5]։ 1982 թվականին վիպակը հրատարակվել է Մոսկվայում հեղինակի «Ծիծաղի տխուր օր» (ռուս.՝ «Грустный День смеха») ժողովածուում[6], ընդ որում՝ տեքստում կատարվել են փոփոխություններ. այսպես, Վադի մահվան փոխարեն ասվում է, որ նա «խիստ տուժել է» և կոտրել ոտքը[7]։
2015 թվականին վիպակը վերահրատարակվել է «Речь» հրատարակչությունում[8]։ Նույն թվականին այն տպագրվել է «Ուղեցույց աստղ։ Դպրոցական ընթերցանություն» № 2 (227) ամսագրում։
Արձագանքներ
խմբագրելԻրինա Վասյուչենկոն 1990 թվականի գրախոսության մեջ նշում է, որ վիպակում առկա է «խիստ խճճված ինտրիգ, տարողունակ, նրբաճաշակ խճճված խոսք, հազվագյուտ կենցաղային և հոգեբանական հավաստիություն», ընդ որում՝ վիպակը «սարսափելի էր ոչ միայն այդ ժամանակվա մանկական արձակի ֆոնին, այլև մեծահասակների գրականության չափանիշներով»[7]։ Քննադատի կարծիքով՝ գրքի գլխավոր կերպարներից մեկը հերոսներին կրնկակոխ հետևող մահն է։ Ողբերգական ելքը, կարծես, կանխորոշված է «Բորոդինների՝ քաոսին և մեկուսացածությանը դիմադրելու բարոյական անկարողության պատճառով», նրանց հոգևոր անպաշտպանությունն «ընդդեմ ուժի, ամեն գնով հաղթանակի հասնելու՝ բոլորի կողմից ճանաչված անբարոյական պաշտամունքի»։ Դուբրովինի վիպակը «աղետի պատմություն է, աշխարհի վերջի մասին առակն առանձին վերցրած մի ընտանիքում»[7]։
Վասյուչենկոն նշում է պատմվածքի վերնագրի ասոցիացիան «Գոդոյին սպասելիս» հայտնի աբսուրդ պիեսի վերնագրի հետ և հակադրում այն Լյուդմիլա Պետրուշևսկայայի «Նոր Ռոբինզոններ» պատմվածքին։
Միխայիլ Բուտովը Դուբրովինի վիպակն անվանել է «ռուսական հետպատերազմյան գրականության չնկատված գլուխգործոց», առանց որի գրողին դժվար թե հաջողվեր առանձնանալ այլ «լուրջ» գրողների ֆոնին[9]։ Այս ստեղծագործությունը «բոլորովին այլախոհական չէ», դրանում «չկա այն, ինչ այն ժամանակ բացահայտորեն արգելված էր և հետապնդվում էր, չկան արգելված թեմաներ, թաքնված ճշմարտության բացահայտման պաթոս, սոցիալական և, առավել ևս, քաղաքական քննադատություն»։ Պատմությունը սկսվում է որպես սովորական պատանեկան արձակ, բայց «ինչ-որ պահից, շատ արագ, տեքստը հանկարծ սկսում է ինչ-որ կերպ շատ կտրուկ տարբերվել ընդունված գաղափարներից, թե ինչպիսին պետք է լինի այս գրականությունը, ինչ կարող է պարունակել, ինչ չի կարող»։ Բացի այդ, չնայած պատմությունը կարծես թե չի նկարագրում պատերազմը, «իրականում այն ամենուր է»։
Եվ նույնիսկ ոչ պայթուցիկ իրերի բազմազանության տեսքով, որոնք երեխաները գտնում են ամենուր։ Պատերազմն ինքնին նման է ռումբի, որը նետվել է այս ամբողջ պատմության կենտրոն, տեղից պոկվել և ստեղծել է անհավատալի վանող ուժի դաշտ, որտեղ մարդիկ պարզապես ի վիճակի չեն կապվել, միմյանց հետ մնալ, նրանց հեռացնում են միմյանցից և կտոր-կտոր անում ներսից։
Բնօրինակ տեքստ (ռուս.)И даже не в виде разнообразных взрывчатых предметов, которые дети повсюду выкапывают. Война — сама как бомба, вброшенная в центр всей этой истории, рванувшая — и создавшая поле невероятной отталкивающей силы, где люди просто не способны соединиться, удержаться рядом, их отрывает друг от друга — и ещё разрывает внутри.
Բուտովի կարծիքով՝ Դուբրովինի պատմվածքը «ընդհանրապես հետպատերազմյան տարիներին գրված ամենագլխավոր պատմություններից մեկն է», ընդ որում՝ «դա այն մասին չէ, թե ինչպես է ամեն ինչ քայքայվել։ Ավելի շուտ այն մասին է, որ գոյատևելու համար՝ ֆիզիկական և բարոյական, անհրաժեշտ էր քո մեջ գտնել (ոչ թե հասկացությունների, այլ զգացումների, ապրումների մակարդակով) թեկուզ ցանկություն՝ հաղթահարելու այդ քայքայման ուժը»[9].
Ադապտացիաներ
խմբագրելԱրտաքին պատկերներ | |
---|---|
Ստանիսլավ Կոսենկով, Սպասում («Սպասելով այծին» վիպակի մոտիվներով), 1976 |
Վիպակի մոտիվներով և սեփական մանկական տպավորություններով բելգորոդցի նկարիչ Ստանիսլավ Կոսենկովը 1972-1976 թվականներին ստեղծել է օֆորտների և գունավոր նինոփորագրություններիշարք։
1988 թվականին ռեժիսոր Գալինա Յուրկովան Գեորգի Դանելիայի և Սերգեյ Բոդրովի սցենարի հիման վրա նկարահանել է «Ֆրանսիացին» քնարական տրագիկոմեդիան, որում հոր դերը կատարել է Սերգեյ Շակուրովը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Дубровин Е. П. В ожидании козы: повесть / Илл.: Л. Летов. — Воронеж: Центрально-Чернозёмное книжное издательство, 1968. — 174 с.
- ↑ «Как писатель начинался в Воронеже». К 85-летию со дня рождения Е. П. Дубровина — прозаика, драматурга, члена Союза писателей СССР (1967)
- ↑ Светлана Малая. Портрет книги: Это радость со слезами на глазах (БиблиоГид)
- ↑ Дубровин Е. П. Ласточка с дождём на крыльях: повесть, роман. — Воронеж: Центрально-Чернозёмное книжное издательство, 1989. — 272 с.
- ↑ Дубровин Е. П. В ожидании козы: повести. — Воронеж: Центрально-Чернозёмное книжное издательство, 2003. — 256 с.
- ↑ Дубровин Е. П. Грустный День смеха: повести, рассказы. — М.: Современник, 1982. — 352 с.
- ↑ 7,0 7,1 7,2 Васюченко И. Хроника затонувшего ковчега (О повести E. Дубровина «В ожидании козы») // Детская литература. 1990. № 4. — С. 22—24, 53.
- ↑ Дубровин Е. П. В ожидании козы: повесть / Рис. Е. Бухаловой. — Санкт-Петербург; Москва: Речь, 2015. — 256 с.
- ↑ 9,0 9,1 Михаил Бутов. Самая безжалостная книга о послевоенном детстве (21 сентября 2020)
Արտաքին հղումներ
խմբագրել- «Սպասելով այծին» – «Лаборатория Фантастики»