Ռեյգանի դարաշրջան

Միացյալ Նահանգների պատմության ժամանակաշրջան, Ռեյգանի կառավարման տարիներ, 1981–1991 թթ

Ռեյգանի դարաշրջան կամ Ռեյգանի ժամանակներ, ամերիկյան նորագույն պատմության պարբերականացում, որն օգտագործվում է պատմաբանների և քաղաքական մեկնաբանների կողմից՝ ընդգծելու, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանի գլխավորած պահպանողական «Ռեյգանի հեղափոխությունը» ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության մեջ տևական ազդեցություն է ունեցել: Այն համընկնում է նրա հետ, ինչ քաղաքագետներն անվանում են «Վեցերորդ կուսակցական համակարգ»[1]: Ռեյգանի դարաշրջանի սահմանները համընդհանուր տարածվել են 1980-ականների վրա, թեև ավելի ընդարձակ առումով կարող են ներառել նաև 1970-ականների վերջը, 1990-ականները և նույնիսկ 2000-ականները: Պատմաբան և լրագրող Շոն Վիլենցն իր 2008 թվականի «Ռեյգանի դարաշրջանը. պատմություն, 1974–2008» գրքում պնդում է, որ Ռեյգանը գերիշխում էր ամերիկյան պատմության այս հատվածում այնպես, ինչպես Ֆրանկլին Դ. Ռուզվելտը և նրա Նոր կուրսի ժառանգությունը գերիշխում էին դրան նախորդած չորս տասնամյակներում:

Ռոնալդ Ռեյգանը կովբոյական գլխարկով

Ռեյգանի դարաշրջանը ներառում էր գաղափարներ և անհատականություններ, որոնք դուրս էին Ռեյգանից. նա սովորաբար բնութագրվում է որպես լայնածավալ պահպանողական շարժման առաջնորդ, որի գաղափարները գերակայում էին ազգային քաղաքականության մշակման մեջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հարկերը, բարեկեցությունը, պաշտպանությունը, դաշնային դատական համակարգը և Սառը պատերազմը: Ռեյգանի դարաշրջանի մյուս հիմնական պահպանողական գործիչներից և կազմակերպություններից են Ջերի Ֆալուելը, Ֆիլիս Շլաֆլայը, Նյուտ Գինգրիչը և միջազգային քաղաքականության լայն գործառույթ իրականացնող ԱՄՆ ռազմավարական հետազոտական The Heritage Foundation ինստիտուտը: Ռենքվիստի դատարանը, որը բացվել է Ռեյգանի նախագահության օրոք, կայացրել է մի քանի պահպանողական որոշումներ: Ռեյգանի դարաշրջանը համընկնում է Ռեյգանի նախագահության հետ, իսկ ավելի ընդարձակ սահմանումներով՝ Ջերալդ Ֆորդի, Ջիմի Քարթերի, Ջորջ Բուշի, Բիլ Քլինթոնի, Ջորջ Բուշ կրտսերի, Բարաք Օբամայի, Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի նախագահությունները։ ԱՄՆ լիբերալները հիմնականում ցավով են հիշոիմ Ռեյգանի դարաշրջանը, մինչդեռ պահպանողականները հիմնականում գովաբանում են այն և կոչ են անում այն շարունակել 21-րդ դարում: Լիբերալները նույնպես զգալիորեն ազդեցվել են դրանով՝ ինչը հանգեցրել է ցենտրիստական Երրորդ ուղղուն:

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը և Նենսի Ռեյգանը Բիլ Քլինթոնի և Հիլարի Քլինթոնի հետ քայլում են Սպիտակ տան Cross Hall-ում (1987)

Պաշտոնը ստանձնելուց հետո Ռեյգանի վարչակազմն իրականացրել է առաջարկի վրա հիմնված տնտեսական քաղաքականություն: Հարկերը նվազեցվել են 1981 թվականի տնտեսական վերականգնման հարկի մասին օրենքի ընդունմամբ, մինչդեռ վարչակազմը նաև կրճատել է ներքին ծախսերը և ավելացրել ռազմական ծախսերը: Աճող դեֆիցիտը դրդել է հարկերի բարձրացմանը Ջորջ Բուշի (1989-1993 )[2] և Քլինթոնի (1993-2001) վարչակազմերի օրոք, սակայն հարկերը կրկին կրճատվել են 2001 թվականի Տնտեսական աճի և հարկերի նվազեցման մասին ակտի ընդունմամբ[3]: Քլինթոնի նախագահության ժամանակ հանրապետականները հասել են Անձնական պատասխանատվության և աշխատանքային հնարավորությունների 1996 թվականի ակտի ընդունմանը, օրինագիծ, որը մի քանի նոր սահմանափակումներ է դրել դաշնային աջակցություն ստացողների համար[4]:

2008 թվականին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Բարաք Օբաման քարոզարշավի ժամանակ մեկնաբանել է, թե ինչպես է Ռեյգանը փոխել ազգի ուղին.

Կարծում եմ, Ռոնալդ Ռեյգանը փոխել է Ամերիկայի ուղին այնպես, ինչպես չի արել Ռիչարդ Նիքսոնը, և այնպես, ինչպես չի արել Բիլ Քլինթոնը: Նա մեզ սկզբունքորեն այլ ուղու վրա դրեց, քանի որ երկիրը պատրաստ էր դրան։ Կարծում եմ, մարդիկ զգում էին, որ 1960-ականների և 1970-ականների բոլոր էքսցեսների հետ մեկտեղ, կառավարությունն աճել և աճել էր, բայց հատուկ պատասխանատվության զգացում չկար այն առումով, թե ինչպես էր այն գործում: Կարծում եմ, որ մարդիկ. . . նա պարզապես օգտվեց այն ամենից, ինչ մարդիկ արդեն զգում էին, այսինքն մենք ուզում ենք հստակություն, մենք ուզում ենք լավատեսություն, մենք ուզում ենք վերադառնալ այն դինամիզմին և ձեռներեցության այն զգացողությանը, ինչը կորել է[5]:

Ծանոթագրություններ

  1. «What is the Sixth Party System?». sixthpartysystem (անգլերեն). 2011-05-19. Վերցված է 2024-06-10-ին.
  2. «BUSH ABANDONS CAMPAIGN PLEDGE, CALLS FOR NEW TAXES». Washington Post (ամերիկյան անգլերեն). 2024-02-24. ISSN 0190-8286. Վերցված է 2024-06-12-ին.
  3. Sanger, David E. (2001-06-07). «Fulfilling Campaign Promise, Bush Signs Tax Cut Into Law». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-06-12-ին.
  4. «Washingtonpost.com: Clinton Signs Welfare Bill Amid Division». web.archive.org. 2018-03-25. Վերցված է 2024-06-12-ին.
  5. Մեջբերված է com/ref/us/politics/21seelye-text.html «Իրենց բառերով. Օբաման Ռեյգանի մասին», New York Times

Արտաքին հղումներ