Ցենտրիզմ, գաղափարաքաղաքական հոսանք, առաջացել է 2-րդ Ինտերնացիոնալի ռեֆորմիստական ու հեղափոխական ուղղությունների միջև պայքարի ընթացքում և փորձել բանվորական շարժման ծրագրային ու տակտիկական սկզբունքային հարցերում օպորտունիզմին զիջումներ անելու ճանապարհով հարթել նրանց միջև եղած անհաղթահարելի հակասությունները։

Նկարագրություն

խմբագրել

Ի տարբերություն բացահայտ օպորտունիստների որոնք բացորոշ հանդես էին գալիս հանուն սոցիալ-ռեֆորիզմի ոգով մարքսիզմ ռևիզիայի, ցենտրիստները քողարկում էին իրենց օպորտունիզմն «ուղղափառ» մարքսիստական ֆրազեոլոգիայով։ «Այնքան սարսափելի և վնասակար չէ բացահայտ օպորտունիզմը, - գրում է Վ.Ի. Լենինը, - որը միանգամից ետ է մղում իրենից բանվորական մասսային, որքան ոսկե միջինի այդ տեսությունը, որը մարքսիստական բառիկներով արդարացնիում է օպորտունիստական պրակտիկան, մի շարք սոփեստություններով ապացուցում է հեղափոխական գործողությունների անժամանակ լինելը և այլն»։

Ուղղություններ

խմբագրել

Ցենտրիզմի հիմնական ուղղությունը միջազգային ասպարեզում եղել է կաուցկիականությունը, Ռուսաստանում՝ տրոցկիզմը։

Պատմություն

խմբագրել

Ցենտրիզմի գաղափարախոսությունը վերջնականապես ձևավորվել է Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918 թթ.) առաջ, որի ընթացքում ավելի է բացահայտվել նրա օպորտունիստական էությունը։ Հակառակ բոլշևիկների, որոնք պրոպագանդում էին համաշխարհային պատերազմը քաղաքացիականի վերածելու, պատերազմում սեփական կառավարության պարտությանը հասնելու լենինյան լոզունգները, ցենտրիզմի ներկայացուցիչները սահմանափակվում էին վերացական պացիֆիստական պրոպագանդայով։ Ցենտրիզմը եղել է միջազգային երևույթ, նրա առավել աչքի ընկնող ներկայացուցիչներն էին Գերմանիայում՝ Կ.Կաուցկին, Հ. Հաազեն, Գ. Լեդեբուրը, Ա. Հոֆմանը, Ռուսաստանում՝ Լ.Մարտովը, Ն.Չխեիձեն, Լ.Տրոցկին, Ֆրանսիայում՝ Ժ.Լոնգեն, Ա.Պրեսմանը և ուրիշները այլ երկրներում։

Չնայած նրանց հայացքներում եղած որոշ տարբերությանը, իրականում նրանք բոլորն էլ ժխտում էին պրոլետարիատի դիկտատուրայի անհրաժեշտությունը, չէին ընդունում ձախ սոցիալիստ-ինտերնացիոնալիստների հեղափոխական տակտիկան։

Թշնամաբար դիմավորելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում և Կոմունիստական ինտերնացիոնալի ստեղծումը՝ ցենտրիզմի պարագլուխները «Ինտերնացիոնալ 2½»-ը օգտագործեցին կոմունիստական շարժման դեմ պայքարի համար։ Ցենտրիզմի որոշ կողմնակիցներ փորձեցին թափանցել կոմունիստական շարժման մեջ։ «Ինտերնացիոնալ 2½»-ի և Բեռնի ինտերնացիոնալի միաձուլումից (1923 թ.) հետո ցենտրիստներն ավելի ու ավելի բացահայտորեն միախառնվեցին բանվորական շարժման մեջ աջ-ռեֆորմիստական տարրերի հետ։

Աղբյուրներ

խմբագրել
  • Левин В.И., Полн. собр. соч., 5 изд.(см.справочный том, ч.1, с. 706-707)
  • Истроия КПСС, т.2, М., 1966, с. 303-11, 472-79, 595-646
  • Ленин в борьбе за революционный Интернационал, М., 1970, с. 161-170, 296-301