Սուդանի հայկական գաղթավայրը երկար պատմություն չունի։ Այն հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։

Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Գաղթօջախը ստվարացել է Պողոս Նուբարի կառավարության տարիներին (1857-1858 թվականներ)[1]։ Սակայն հետագայում գաղթավայրի բնակչությունը պակասել է՝ Մեհտիի և Խալֆայի կրոնական հալածանքի հետևանքով։

Սուդանում հաստատված հայ գաղթականների առաջին խմբերի հիմնական զբաղմունքը եղել է առևտուրը և արհեստագործությունը։ Գտնվել են նաև հայեր, որոնք հողամասեր են գնել և զբաղվել հողագործությամբ։

Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։ Սուդան եկող հայ գաղթականները մեծ մասամբ անցել են Եգիպտոսի վրայով, այդ պատճառով Սուդանի հայ գաղթավայրը համարվում է Եգիպտոսի գաղթավարի մի ճյուղը։ Նոր եկած գաղթականությունը զգալիորեն փոխել է Սուդանի հայ գաղթօջախի սոցիալական պատկերը։ Սուդանի հայկական համայնքում սկսում են երևալ նաև հայ մտավորականներ՝ բժիշկներ, ատամնաբույժեր, դեղագործեր, գյուղատնտեսներ և այլն։

Սուդանի հայ գաղթօջախներում եղել են եվրոպական բարձրագույն կրթություն ստացած և մի շարք լեզուներ տիրապետող մարդիկ։ Այդ հանգամանքը հնարավորություն է տվել Խարթումում և Օմդուրմանում ստեղծելու մտավորականների կամ, ինչպես իրենք էին ասում «կոլեջականների» մի մեծ խմբակ՝ պրոֆեսոր Գր. Ճերենճյանի գլխավորությամբ։

Այսօր Սուդանում հայ գրեթե չի մնացել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Սեքսեթյան (1913). Սուդանահայ գաղութը. Կ. Պոլիս: «Ամենույն տարեցույց». էջ 188.

Աղբյուրներ խմբագրել

  • Ա. Գ. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1967, էջ 77-82։
  • «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, 2003, էջ 536-538։