Սուդանի հայկական գաղթավայրը երկար պատմություն չունի։ Այն հիմնվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։

Պատմություն

խմբագրել

Առաջին հայ գաղթականները Սուդան են եկել Արաբկիրից և Ակնից ու բնակություն են հաստատել Խարթումում։ Գաղթօջախը ստվարացել է Նուբար Փաշայի կառավարության տարիներին (1857-1858 թվականներ)[1]։ Սակայն հետագայում գաղթավայրի բնակչությունը պակասել է՝ Մեհտիի և Խալֆայի կրոնական հալածանքի հետևանքով։

Սուդանի հայկական գաղթավայրը բավականաչափ նոր գաղթականներ է ընդունել 1895-1896 թվականներին Համիդյան ջարդերի, հետագայում՝ Ադանայի կոտորածների ժամանակ։ Զանգվածային հայ գաղթականություն է եկել Սուդան հատկապես Մեծ եղեռնի օրերին և Զմյուռնիայի և Կիլիկիայի դատարկումից հետո։ Սուդան եկող հայ գաղթականները մեծ մասամբ անցել են Եգիպտոսի վրայով, այդ պատճառով Սուդանի հայ գաղթավայրը համարվում է Եգիպտոսի գաղթավարի մի ճյուղը։ Նոր եկած գաղթականությունը զգալիորեն փոխել է Սուդանի հայ գաղթօջախի սոցիալական պատկերը։ Սուդանի հայկական համայնքում սկսում են երևալ նաև հայ մտավորականներ՝ բժիշկներ, ատամնաբույժեր, դեղագործեր, գյուղատնտեսներ և այլն։

Հասարակություն

խմբագրել

Սուդանում հաստատված հայ գաղթականների առաջին խմբերի հիմնական զբաղմունքը եղել է առևտուրը և արհեստագործությունը։ Գտնվել են նաև հայեր, որոնք հողամասեր են գնել և զբաղվել հողագործությամբ։ Սուդանի հայ գաղթօջախներում եղել են եվրոպական բարձրագույն կրթություն ստացած և մի շարք լեզուներ տիրապետող մարդիկ։ Այդ հանգամանքը հնարավորություն է տվել Խարթումում և Օմդուրմանում ստեղծելու մտավորականների կամ, ինչպես իրենք էին ասում «քոլեջականների» մի մեծ խմբակ՝ պրոֆեսոր Գրիգոր Ճերենճյանի գլխավորությամբ։

Այսօր Սուդանում հայ գրեթե չի մնացել։

Եկեղեցի

խմբագրել

Դեռևս 1933 թվականին որոշված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցի կառուցել, սակայն շինարարությունը սկսվեց միայն 1953 թվականին՝ Սեֆերյանի ներդրած միջոցներով[2]: Եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուդանի հոգևոր հովվությանը, որը ենթակա է Եգիպտոսի հայոց թեմին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Սեքսեթյան (1913). Սուդանահայ գաղութը. Կ. Պոլիս: «Ամենույն տարեցույց». էջ 188.
  2. «10 հայկական եկեղեցիներ, որոնք գտնվում են ամենաանսպասելի քաղաքներում». www.past.am. 19 օգոստոսի, 2017 թվական.

Աղբյուրներ

խմբագրել
  • Ա. Գ. Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հատոր Բ, Երևան, «Հայաստան», 1967, էջ 77-82։
  • «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, 2003, էջ 536-538։