Կարդո (լատին․՝ cardo, cardus, առանցք), հին հռոմեական կանոնավոր հատակագծված քաղաքներում և ռազմական ճամբարներում հյուսիսից հարավ ձգվող փողոց՝ ի տարբերություն արևելքից արևմուտք ուղղությամբ փողոցի՝ կարդոյին ուղղահայաց դեկումանուսի։ Որոշ քաղաքներ ունեին մեկից ավելի կարդո և դեկումանուս. Հերկուլանումն ուներ երեք կարդո և վերին ու ներքին դեկումանուսներ։

Քաղաքի գլխավոր կարդոն կոչվում էր Կարդո Մաքսիմուս (լատին․՝ Cardo Maximus) և որպես կանոն հանդիսանում էր քաղաքի գլխավոր փողոցն ու տնտեսական կյանքի կենտրոնը։ Կարդո Մաքսիմուսը սովորաբար ձգվում էր քաղաքի կենտրոնով, միացնում էր քաղաքի գլխավոր դարպասները և երկու կողմերից հաճախ եզերված էր լինում սյունաշարով։ Մեջտեղում հատվում էր Դեկումանուս Մաքսիմուսի հետ։ Հատման մոտակայքում էր սովորաբար գտնվում ֆորումը։ Հռոմեական քաղաքների մեծ մասն ուներ ուղղանկյուն հատագիծ և կառուցվում էր Կարդո Մաքսիմուսի և Դեկումանուս Մաքսիմուսի խաչմերուկի շուրջ։

Հին Հռոմում կանոնավոր հատակագծումը եղել է իշխող սկզբունք (Պոմպեյ, Տիմգադ, Օստիա և այլն)։ Կարդոյի և դեկումանուսի շուրջ քաղաքի կառուցումը, որպես քաղաքաշինական սկզբունք, փոխառվել է կաստրայի` զինվորական ճամբարի հատակագծումից` կիրառվելով Հին Հռոմի ամբողջ պատմության ընթացքում։ Հռոմի պետական և զինվորական հստակ կացութաձևն իր դասական արտահայտությունն է ստացել ճամբարի կանոնավոր, ռացիոնալ հատակագծման մեջ։ Հարթ տեղանքի վրա խրամատների և հողակույտերի միջոցով պատնեշում էին ուղղանկյուն տարածք, որի առանցքները տեղադրված էին ըստ աշխարհի կողմերի։ Այսպիսի կողմնորոշումը շեշտվում էր փոխուղղահայաց երկու ճանապարհներով (կարդո և դեկումանուս), որոնց հատման հանգույցում հրապարակն էր՝ ընդհանուր ժողովատեղին, վարչական և պաշտամունքային կենտրոնը։ Այստեղ էին զորահրամանատարների, քրմերի վրանները, զորարշավային զոհասեղանը, գանձատները և այլն։ Ճամբարը հատվում էր մի շարք ավելի նեղ փողոցների կանոնավոր ցանցով։ Նվաճված կարևոր տարածքների կենտրոններում կառուցվում էին մշտական ճամբարներ, որոնք Հռոմի տիրապետության պատվարներն էին։ Դրանք արդեն քարաշեն պարսպով, զորանոցներով և այլ շինություններով ամրություններ էին, որոնք բարեկարգ ճանապարհներով կապվում էին մետրոպոլիսներին։ Մշտական ճամբարները, հետզհետե կառուցապատվելով շրջակա բնակելի տներով (զինվորների ընտանիքների, արհեստավորների և առևտրականների)՝ դառնում էին նորաստեղծ քաղաքների կորիզը։ Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի բազմաթիվ քաղաքներ ծագել են հռոմեական ճամբարներից, և դրանցից շատերում Կարդո Մաքսիմուսն ու Դեկումանուս Մաքսիմուսն այսօր էլ պահպանում են քաղաքի գլխավոր պողոտաների դերն ու գործառույթը։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 316