Խճանկար կամ Ջիգսո (գերմ.՝ Gruppenpuzzle, անգլ.՝ Jigsaw technique) ուսուցման մեթոդ, որը հայտնագործվել է 1971 թվականին Տեխասի A&M համալսարանում ամերիկացի սոցիոլոգ և հոգեբան Էլիոթ Արոնսոնի կողմից։ Նպատակն էր թուլացնել ռասայական խմբավորումները բռնի կերպով ինտեգրված դպրոցներում[1][2][3]։ «Խճանկար կամ Ջիգսո» մեթոդը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ աշակերտները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի դրույթների և որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց դասընկերներին։ Այս մեթոդի կիրառման ժամանակ աշակերտները համագործակցային խմբերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին ուղղություններով։ Բոլոր խմբերի գործունեության արդյունքները միավորվում են և դառնում են ողջ դասարանի սեփականությունը։ Այսպիսով` նյութն ուսումնասիրվում է հատվածաբար կամ տարբեր կողմերից, ապա պատկերն ամբողջանում է, երբ միավորվում են խմբային աշխատանքների արդյունքները։ Մեթոդին բնորոշ հատկություններից է այն, որ սովորողները մեծ պատասխանատվություն են կրում միմյանց ուսումնառության համար, հանդես են գալիս և սովորողի, և սովորեցնողի դերերում։

Էլիոթ Արոնսոնի լուսանկարը, 1972 թվական

Մեթոդի նպատակները խմբագրել

  1. Նպաստել առաջադրված նյութը տարբեր կողմերից ուսումնասիրելուն` անդրադառնալով թեմային առնչվող տարբեր ոլորտներին։
  2. Նույն նյութի մասին տարբեր աղբյուրներ ուսումնասիրելու հնարավորություն ընձեռնել։
  3. Ընկերների հետ համագործակցելով` օգնել գտնելու առաջադրված հարցերի պատասխանները։
  4. Մշակել փորձագիտական կարողություններ` ըստ տրված նյութի ամբողջացնելու և հաղորդելու տեղեկատվությունը։
  5. Հնարավորություն ստեղծել միաժամանակ դառնալու և սովորող և սովորեցնող։
  6. Նոր նյութը յուրացնել արդեն դասարանում։

Խճանկարի փուլերը խմբագրել

Փուլը Նկարագրությունը
Նյութի ուսումնասիրություն և տեղեկատվության հավաքում Աշակերտները բաժանվում են հենակետային խմբերի։ Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ։ Փորձագետները ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում են տեղեկատվություն։
Աշխատանք փորձագիտական խմբում Փորձագիտական խմբերի աշակերտները համեմատում և հարստացնում են իրենց նյութերը։
Աշխատանք ուսումնական խմբում Յուրաքանչյուր փորձագետ հենակետային խմբի մյուս անդամներին սովորեցնում է իր ենթաթեման։
Ավարտական աշխատանք Աշակերտները անհատական ստուգողական են հանձնում ամբողջ թեմայից։
Ամփոփում Արդյունքներն ամփոփում են ըստ անհատական և խմբային ցուցանիշների։

Խճանկարի տեսակները խմբագրել

Գոյություն ունեն մեթոդի զանազան տարբերակներ.

«Խճանկար»-1 խմբագրել

1. Թեման բաժանել առանձին ամբողջական մասերի, հատվածների։ Կարևոր է հաշվի առնել աշխատանքը կատարող աշակերտների գիտելիքները և, եթե անհրաժեշտ է, ընտրել տարբեր բարդության ու հագեցվածության հատվածներ։

2. Ստեղծել չորս-հինգ հոգուց բաղկացած համագործակցային խմբեր (նպատակային խմբեր ձևավորելիս հնարավորության դեպքում հաշվի առնել սովորողների հետաքրքրություններն ու ցանկությունները)։

3. Համագործակցային խմբերում մասնակիցներին համարներ են տրվում(1,2,3,4...):

4. Նույն համարները կրող մասնակիցները միավորվում են նոր` փորձագիտական խմբերում ( 1.1,1...; 2.2,2... և այլն)։ Յուրաքանչյուր փորձագիտական խմբի տրվում է առանձին առաջադրանք ( օրինակ` եթե նյութը հատվածների է բաժանվել, փորձագետների 1-ին խումբը կաշխատի նյութի առաջին հատվածի վրա, 2-րդ խումբը` երկրորդի և այլն)։

Խմբային աշխատանքների ընթացքը կախված է հատվածի, նյութի կամ ուսումնասիրվող ոլորտի առանձնահատկություններից։ Առանձին դեպքերում սովորողներն իրենք կարող են մշակել իրենց խմբի աշխատանքային պլանը։ Իսկ սա իր հերթին պայմանավորված է նրանով, թե «Խճանկար» մեթոդը դասի ընթացքում կամ ուսուցման մեջ ինչ տևողությամբ է կիրառվում։

  • Առաջադրանքը կատարելիս աշակերտները կարող են դասագրքի տրված գլխից տարբեր հատվածներ, նույն թեմայի վերաբերյալ տարբեր կարճ պատմություններ կամ նույն հեղինակի այլ պատմվածքները կարդալ։
  • Հանձնարարված թեմայի սահմաններում կարող են հետազոտել ուշադրության արժանի տարբեր ոլորտներ, օրինակ` էկոլոգիական խնդիրներ ուսումնասիրելիս կարող են քննել Օզոնային շերտի քայքայման ազդեցությունը բույսերի վրա, եղանակի կտրուկ փոփոխությունների հետևանքները, բնական պաշարների սպառման, մարդկանց առողջության պահպանման հարցերը։
  • Առանձին հետազոտությունների առարկա կարող են դառնալ ժամանակակից մոտեցումները տվյալ հարցի վերաբերյալ։
  • Աշակերտները կարող են այս մեթոդը կիրառել նաև ինքնուրույն բնագիտական հետազոտական նախագծեր իրականացնելու համար։ Այս դեպքում յուրաքանչյուր խումբ կամ առանձին մասնակից պատասխանատվություն է կրում կոնկրետ ոլորտի ուսումնասիրման համար։

5. Մեթոդի ամփոփիչ քայլն այն է, որ աշակերտները վերադառնում են համագործակցային խմբեր և հաշվետվություն են տալիս խմբին իրենց փորձագիտական խմբի ուսումնասիրած նյութի մասին` հանդես գալով նաև ուսուցանողի, սովորեցնողի դերում.

  • ներկայացվում են խմբային քննարկումների, աշխատանքների արդյունքները,
  • աշակերտները իրենց սովորածը սովորեցնում են միմյանց,
  • միավորվում, ամբողջանում են գիտելիքները։

6. Ամփոփիչ փուլը առաջանում է, երբ համագործակցային խմբերը 2-3 րոպեի ընթացքում ամբողջ դասարանին իրենց նախընտրած ձևով ներկայացնում են թեման։

Ուսուցիչը թեմայի ամփոփման տարբեր հանձնարարություններ կարող է տալ («Ո՞րն էր ամենակարևորը», «Համառոտ ձևակերպե՛ք թեմայի գլխավոր գաղափարը», «Ինչի՞ վրա խումբն առավելագույն ուշադրություն դարձրեց»...):

Այս քայլը հնարավորություն է տալիս միևնույն նյութն ամփոփել և գնահատել տարբեր տեսանկյուններից և մի քանի անգամ։

«Խճանկար»-2 խմբագրել

Մեթոդի նկարագրությունը խմբագրել

1. Աշակերտները աշխատում են 4 հոգանոց թիմերով (համագործակցային խմբերով)։ Խմբի անդամներին տրվում են տարբեր փորձագիտական թերթիկներ։ Փորձագիտական թերթիկներում զետեղված հարցերը նպատակ ունեն ուղղորդելու տվյալ աշակերտի ընթերցանությունը։ Թերթիկները տարբեր են, քանի որ հետագայում տարբերվելու են աշակերտների պարտականությունները։ Նրանք օգնելու են հիմնական խմբին` համակողմանի յուրացնելու իրենց վստահված և փորձագիտական թերթիկում նշված հատվածը։

2. Աշակերտներին տրվում է որոշակի ժամանակ` ամբողջ նյութը կարդալու համար։ Բոլորը պետք է նյութը կարդան ամբողջությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով այն հատվածներին, որոնք պատասխանում են իրենց փորձագիտական թերթիկում նշված հարցերին և համապատասխան գրառումներ անեն։

3. Աշակերտները վերախմբավորվում են ըստ թերթիկների` կազմելով փորձագիտական խմբեր, որտեղ նրանք քննարկում են թերթիկում նշված հարցերը։ Յուրաքանչյուր խմբում ընտրվում է քննարկումը վարող անձ։ Ուսուցիչն այդ ընթացքում շրջում է խմբերում որպես մասնակից, անհրաժեշտության դեպքում պարզաբանումներ անում։

4. Փորձագետները վերադառնում են իրենց նախնական համագործակցային խմբերը և ընկերներին սովորոցնում փորձագիտական խմբում յուրացրածը։ Փորձագետները ոչ միայն զեկուցում, այլև պատասխանում են հարցերին և հավաստիացնում, որ բոլորը յուրացրել են տվյալ հատվածը։

5.Վերջին քայլը գնահատումն է։ Ուսուցիչը կարող է առաջարկել աշակերտներին գրավոր նշել, թե ինչ ներդրում են իրենք ունեցել խմբի ընդհանուր աշխատանքում։

Մեթոդը կիրառման լայն հնարավորություններ ունի։ Այն հավասարապես կարող է օգտագործվել բոլոր առարկաների դասերին։ Առավել նպատակահարմար է կիրառել հատկապես ծավալուն, փաստերով ու տվյալներով հագեցած նյութերի վրա աշխատելիս։ «Խճանկարը» հիմնականում դասի իմաստի ընկալման փուլի մեթոդ է, որը, սակայն, ներառում է նաև կշռադատման փուլը։

Մեթոդի առավելությունները խմբագրել

  • Նյութի բազմակողմանի և ավելի խոր ուսումնասիրություն,
  • խմբային աշխատանքը հեշտացնում է նյութի ընկալումը,
  • աշակերտը հանդես է գալիս և՛ սովորողի, և՛ սովորոցնողի դերում, որն էլ ստիպում է լինել ուշադիր և պատասխանատու,
  • ժամանակի ճիշտ և արդյունավետ օգտագործում,
  • հաշվետու լինելու կարողության և անձնական պատասխանատվության ձևավորում,
  • նյութը ներկայացվում է բազմապիսի ձևերով, ինչն էլ ընկալման ու կրկնության բազմաթիվ հնարավորություններ է ընձեռնում,
  • մոտիվացիա և հետաքրքրությունների բավարարում,
  • նոր նյութի յուրացում։

Մեթոդի սահմանափակությունները խմբագրել

- անհրաժեշտ ռեսուրսների ոչ բավարար քանակ,

- հետաքրքրությունների, աշխատանքի ծավալի և ժամանակի անհամապատասխանություն։

Աղբյուրներ խմբագրել

  • Ուսուցման ժամանակակից մեթոդներ, հնարներ, վարժություններ, ԿԱԻ Լոռու մասնաճյուղ, ք. Վանաձոր 2008թ
  • Elliot Aronson (1978). The jigsaw classroom. Beverly Hills: Sage.
  • Elliot Aronson, S. Patnoe (1997). Cooperation in the classroom: The jigsaw method. New York: Longman.
  • Elliot Aronson (2000). Nobody left to hate. New York: Henry Holt.
  • Bärbel Barzel, Andreas Büchter, Timo LeudersBarzel (2011). Mathematik-Methodik: Handbuch für die Sekundarstufe I und II. — 6. Aufl. — Berlin: Cornelsen Scriptor, 2011. — ISBN 978-3-589-22378-7.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lestik, M., & Plous, S. (2012). "Jigsaw Classroom". Retrieved October 24, 2012, jigsaw.org(չաշխատող հղում)
  2. Aronson, E. (n.d.). "Jigsaw Basics". Retrieved December 5, 2012, from(չաշխատող հղում)
  3. Perkins, D. V., & Tagler, M. J. (n.d.). "Jigsaw Classroom". Retrieved December 5, 2012
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խճանկար կամ Ջիգսո» հոդվածին։