Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան

Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան (սլովակ.՝ Múzeum moderného umenia Andyho Warhola, անգլ.՝ Andy Warhol Museum of Modern Art , կրճատ՝ AWMMA), ժամանակակից արվեստին նվիրված թանգարան Սլովակիայի Մեդզիլաբորցե քաղաքում։ Կոչվել է ժամանակակից արվեստի հայտնի ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի պատվին։

Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սլովակիա
ՏեղագրությունMedzilaborce?
Հիմնադրվել է1991
Կայքmuzeumaw.sk
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և գործունեություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1991 թվականի սեպտեմբերի 1-ին Ջոն Ուորհոլի (Էնդի Ուորհոլի եղբայրը), բժիշկ Միքայել Բայքոյի (Michal Bycko (Ph.D.))[1], Ֆրեդ Հյուզի (Fred Hughes)[2], Վլադիմիր Պրոտիվնակի (Vladimír Protivňák)[3], ինչպես նաև Նյու Յորքի Էնդի Ուորհոլի անվան վիզուալ արվեստի ֆոնդի (The Andy Warhol Foundation for the Visual Arts) և Սլովակիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ։

 
Էնդի Ուորհոլի հուշարձանը թանգարանի մոտ

1991 թվականի սեպտեմբերի 9-ին թանգարան են բերվել Էնդի Ուորհոլի աշխատանքների առաջին 13 բնօրինակները, որոնց ուղեկցել է Ուորհոլի օգնական, Էնդի Ուորհոլի անվան վիզուալ արվեստի ֆոնդի անդամ Ջեյ Շրայվերը (Jay Shrive'): Հոկտեմբերի 5-ին կայացել է «Andy Warhol in the Country of His Parents» ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին մասնակցել են Ջոն Ուորհոլը և Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարար Լադիսլավ Սնոպկոն։

2001 թվականին թանգարանի հիմնադիրների կազմում մտել է Պրեշովի ինքնավար շրջանը։ 2002 թվականի նոյեմբերի 16-ին թանգարանի առջև գտնվող հրապարակում բացվել է Էնդի Ուորհոլի 230 սմ բարձրությամբ հուշարձանը[4], որը կառուցել է Յուրայ Բարտուշը (Juraj Bartusz)[5]:

2011 թվականին՝ թանգարանի 20-ամյակի տոնակատարության ժամանակ, տեղադրվել է Ջոն Ուորհոլի հուշատախտակը։ 2016 թվականին Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարանը նշել է իր հիմնադրման 25 ամյակը. այս կապակցությամբ իր ընտանիքի հետ թանգարան է այցելել Էնդի Ուորհոլի եղբորորդի Դոնալդ Ուորհոլը։

Էքսպոզիցիա խմբագրել

 
Թանգարանի դահլիճներից մեկը

Ներկայումս թանգարանի ներածական մասը բաժանված է երեք մասի.

  • Առաջին մասում ցուցադրված են Էնդի Ուորհոլի մյուս եղբոր՝ Փոլ Ուորհոլի (Paul Warhola)[6] և նրա որդու՝ Ջեյմսի աշխատանքները։ Փոլը սիրողական նկարիչ էր, իսկ որդին՝ Ջեյմսը, դարձել է պրոֆեսիոնալ նկարիչ և նկարազարդող։
  • Երկրորդ մասը պարունակում է Էնդի Ուորհոլի ծագման մասին բնագրային նյութեր՝ փաստաթղթեր, որոնք վկայում են նկարչի ռուսինական արմատների մասին. նրա մայրը և հայրը (Ջուլիետա և Էնդրյու Ուորհոլներ) ժամանակակից Սլովակիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստրոպկով գյուղից էին, որտեղ էլ ծնվել են Փոլը, Ջոնը և Էնդին։
  • Թանգարանի ցուցահանդեսային մասը ներկայացնում է Էնդի Ուորհոլի աշխատանքները և կազմված է Նյու Յորքի Էնդի Ուորհոլի անվան վիզուալ արվեստի ֆոնդի կողմից թանգարանին տրամադրված, ինչպես նաև մասնավոր հավաքածուի ստեղծագործություններից։ Էքսպոզիցիայում ցուցադրված են նկարչի ստեղծագործական բոլոր շրջանները՝ մեծամասամբ տրաֆարետային դրոշմներով կատարված աշխատանքները։ Առավել կարևոր ստեղծագործությունների թվում են Լիլիան Քարթերի (1977), Կիմիկո Փոուերսի (1981), Ինգրիդ Բերգմանի (1983), Միլդրեդ Շելի (1980), Սուրբ Ապոլոնիայի (1984), Թեոդոր Ռուզվելտի (1986), Հանս Քրիստիան Անդերսենի (1987), «The Rolling Stones» խմբի առաջնորդ Միք Ջագերի (1975) և ուրիշների դիմանկարները։ Կոմունիստական թեմատիկայի աշխատանքների մեջ ցուցադրված են «Մուրճ ու մանգաղ» (1976) և «Կարմիր Լենին» (1987) պատկերները։ Էնդի Ուորհոլի սլովակյան թանգարանում հաշվվում է նկարչի ընդամենը 160 մշտական աշխատանք և արվեստափաստ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդի Ուորհոլի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։