Զոյա (բյուզանդական կայսրուհի)

Զոյա Ծիրանածին (978, Կոստանդնուպոլիս - հունիս 1050, Կոստանդնուպոլիս), Բյուզանդիայի կայսրուհի 1042 թվականին։

Զոյա
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 978
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Վախճանի օր հունիս 1050
Վախճանի վայր Կոստանդնուպոլիս
Թաղված Սուրբ Առաքյալների եկեղեցի
Դինաստիա Հայկական (Մակեդոնական) հարստություն
Քաղաքացիություն  Բյուզանդական կայսրություն
Հայր Կոստանդին VIII[1]
Մայր Helena?
Ամուսին Romanos III Argyros?, Կոստանդին IX Մոնոմախոս և Միքայել IV Պափլագոնացի

Կոստանդին VIII կայսեր դուստրը, բյուզանդական երեք կայսրերի կին (Ռոմանոս III Արգիրոս, Միքայել IV Պաֆլագոնացի, Կոստանդին IX Մոնոմախ)։ Երկրորդ ամուսնու մահից հետո բռնությամբ միանձնուհի է դարձել, սակայն ժողովրդական խռովության արդյունքում թողել է վանքը և քրոջ՝ Թեոդորայի հետ, կանգնել իշխանության գլուխ։ Հետո ամուսնացել է երրորդ անգամ, մահացել է անզավակ։

Պատմաբան Շառլ Դիլի խոսքերով՝ կայսրուհի Զոյայի պատմությունն «անկասկած ամենահրապուրիչներից է բյուզանդական տարեգրության մեջ պահպանվածներից»[2]։

Կենսագրություն խմբագրել

Զոյան Կոստանդին VIII կայսեր և նրա կնոջ՝ Ելենա Ալիպինի երկրորդ դուստրն էր։ Ծնվել է մոտ 978 թվականին։ Քանի որ նրա հայրը Վասիլ II-ի կառավարչակիցն էր, նա ստացել է Ծիրանածին տիտղոսը, որը նշանակում է «կայսերական ննջարանում ծնված»։

Միքայել Փսելլոսի մոտ պահպանվել է նրա արտաքինի նկարագրությունը. «ոչ շատ բարձրահասակ, խոշոր աչքերով, խիստ հոնքերով, քիթը՝ հազիվ նկատելի կորությամբ, մազերը՝ խարտյաշ, մաշկը՝ ճերմակ»[3]։

Զոյան չէր զբաղվում կանանց բնորոշ ձեռագործությամբ, ազատ ժամանակ զբաղվում էր կոսմետիկայի պատրաստմամբ[4]. «Միայն մի բան էր նրան հետաքրքրում և կլանում ողջ ուշադրությունը՝ փոխել բուրավետ նյութերի բաղադրությունը, պատրաստել անուշաբույր քսուքներ, ստանալ տարբեր խառնուրդներ»[5]։

Նրա սենյակում կային բազմաթիվ սանդեր, թորանոթներ և քիմիական այլ սարքեր։ Այնքան էր տարված իր զբաղմունքով,որ նրա ծառաներից յուրաքանչյուրն ուներ իր «մասնագիտացումը». մեկը խառնում էր եռացող նյութերը, մյուսը՝ լցնում և փաթեթավորում։ Զոյան, սովոր լինելով իր հարկաբաժնում տիրող խոնավությանն ու շոգին, դժկամությամբ էր թողնում պալատը, չէր սիրում զբոսանքները մաքուր օդում։ Բյուզանդական բժշկական տրակտատներից մեկում պահպանվել է «Զոյա թագուհու քսուքի» բաղադրությունը՝ արմավ, սալոր, չամիչ, շուշանի սոխուկ և մեղր[6]։ Իր նախասիրության շնորհիվ Զոյան կարողանում է պահպանել երիտասարդ արտաքինը մինչ խոր ծերություն։

Համաձայն Փսելլոսի՝ «Հասնելով յոթանասունամյա տարիքին՝ նա պահպանել էր դեմքն առանց մի կնճիռի և փթթում էր գեղեցկությամբ, սակայն չէր կարողանում զսպել ձեռքերի դողը, իսկ մեջքը կորացել էր»[7]։ Հոգ տանելով իր արտաքինի մասին՝ Զոյային հաճելի էր լսել հաճոյախոսություններ իր արտաքինի վերաբերյալ, ինչպես նաև իր ընտանիքի, հատկապես՝ հորեղբոր՝ կայսր Վասիլ II-ի մասին[8]։

Զոյայի կյանքի վաղ շրջանի մասին շատ բան հայտնի չէ։ Հայտնի է, որ կայսր Վասիլ II-ը լավ է վերաբերվել զարմուհուն[9]։ Հավանաբար, 1001 կամ 1002 թվականներին նա կին է ընտրվում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Օտտոն III-ի համար[10]։ Սակայն, ամուսնությունը չի կայանում Օտտոնի մահվան պատճառով։ Նրա հարսնացուն, դեռ Բարի չհասած, ստիված է լինում վերադառնալ Կոստանդնուպոլիս։ 1027 թվականին Զոյայի ձեռքը տասնամյա որդու համար խնդրում է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կոնրադ II-ը, սակայն Կոստանդին VIII-ը չի համաձայնվում[11]։

Զոյան ուներ երկու քույր. կրտսերը՝ Թեոդորան, ավագը՝ Եվդոկիան, որը ծանր հիվանդությունից հետո դառնում է միանձնուհի։ Համաձայն Փսելլոսի՝ Զոյայի մայրը՝ «դեմքով գեղեցիկ և հոգով բարի, մահացավ կայսեր համար ծնելով երեք աղջիկներ»[12], իսկ կայսր Կոստանդինն այլևս չի ամուսնանում՝ չունենալով որդի և ժառանգ։

Ամուսնությունը Ռոմանոս Արգիրոսի հետ խմբագրել

 
Ռոմանոս III կայսր

Ժամանակակից պատմագիտության մեջ այն կարծիքն է առաջ քաշվում, որ Կոստանդին VIII -ը չէր ընդունում այն սովորույթը, որ արական սեռի զավակ չունենալու դեպքում գահն անցնում է դստերը, և կայսերական ընտանիքի լիիրավ անդամ է դառնում օտարը՝ իշխող կայսրուհու ամուսինը։ Այդ պատճառով հետաձգելով գահաժառանգի հարցի լուծումը մինչ վերջ՝ 1028 թվականին մահվան մահճում Կոստանդին VIII-ը որոշում է ամուսնացնել աղջիկներից մեկին[13]։

Կրտսեր դուստրը՝ Թեոդորան, հրաժարվում է ամուսնանալ դինաստիական նկատառումներով, և հայրն ընտրում է Զոյային, որն այդ ժամանակ 50 տարեկան էր։ Զոյայի ամուսին է ընտրվում Կոստանդնուպոլսի պրեֆեկտ Ռոմանոս Արգիրոսը, որը 60 տարեկան էր և ամուսնացած էր։ Կուրացման սպառնալիքի տակ նրա կին Ելենան դառնում է միանձնուհի, և Ռոմանոսն ամուսնանու է Զոյայի հետ[14]։

1028 թվականի նոյեմբերի 12-ին տեղի է ունենում ամուսնությունը, իսկ 3 օր հետո Կոստանդին VIII-ը մահանում է։ Ամուսնության շնորհիվ կայսերական գահին է բազմում Ռոմանոսը։ Ռոմանոսը, ձգտելով հիմք դնել սեփական արքայատոհմի, ջանում էր հայր դառնալ՝ չնայած ամուսինների տարիքին։ Նա դիմում է բժիշկներին, որոնք պնդում էին, որ նրանք կարող են ծնող դառնալ և խորհուրդ տվեցին տարբեր միջոցներ ընդունել։ Զոյան, նույնպես, «դիմում է մոգական տարբեր միջոցների, մարմնից կախում տարբեր ամուլետներ և անիմաստ իրեր»[15]։ Չկարողանալով հայրանալ՝ Ռոմանոսն ամբողջությամբ տրվեց պետական գործերին։ Նա ձգտում էր իրեն դրսևորել միաժամանակ որպես հմուտ կառավարիչ, զորավար և շինարար, սակայն հաջողության չի հասնում[10]։ Զոյան չէր հետաքրքրվում ոչ պետական գործերով, ոչ էլ զվարճություններով և աչքի էր ընկնում ծայրահեղ շռայլությամբ[8]։ Անտարբեր դառնալավ կնոջ հանդեպ[16]՝ Ռոմանոսը սահմանափակում է նրա ծախսերը[17]։ Զոյան դա ընկալում է որպես վիրավորանք իր կայսերական տոհմի հանդեպ[18] և զայրույթն ուղղում է քրոջ՝ Թեոդորայի դեմ, որը ստիպողաբար միանձնուհի է դառնում[19]։ Զոյան անձամբ է մասնակցում արարողակարգին և հանգստանում է այն ժամանակ, երբ քրոջը տեսնում է միանձնուհու հագուստով[20]։

 
Միքայել IV Պաֆլագոնացի (Հովհաննես Սկիլիցեսի ժամանակագրության մանրանկար, XII դար)

Մերժված լինելով ամուսնու կողմից՝ Զոյան տրվում է սիրային սփոփանքներին։ Նրա առաջին ֆավորիտը դառնում է պալատական արարողությունների կազմակերպիչ Կոստանդին Արտոկլինը, իսկ նրանից հետո՝ Մոնոմախների տոհմի Կոստանդինը[16]։ Հետո նրա սիրեկանն է դառնում Միքայելը՝ կայսերական ներքինի Հովհանի եղբայրը, «մարմնով գրավիչ, դեմքով գեղեցիկ, փայլուն աչքերով մի պատանի»[21]։ Սկզբում պատանին չէր ընդունում կայսրուհու սիրատածումները, բայց հետո, լսելով եղբոր խորհուրդը, դառնում է նրա սիրեկանը։ Զոյան այնքան հրապուրված էր Միքայելով, որ չի թաքցնում իրենց հարաբերությունները։ «Նրանք կենակցում էին, և շատերն էին նրանց տեսնում միևնույն անկողնում։ Միքայելը ամաչում էր, կարմրում, իսկ կայրուհին նույնիսկ չէր զսպում իրեն, բոլորի աչքի առջև համբուրում էր պատանուն և պարծենում, որ նրա հետ վայելքներ է ճաշակել»,- գրում է Միխայիլ Փսելլոսը։ Զոյան նստեցնում է Միքայելին կայսերական գահին, թագադրում, տալիս գայիսոն, իսկ այդ տեսարանին ականատես ծեր սպասավորին պատվիրում է ծառայել Միքայելին որպես կայսեր, քանզի նա է ապագա տիրակալը։

Զոյայի և Միքայելի սիրային կապը հայտնի է դառնում ողջ պալատում, սակայն Ռոմանոսին դա առանձնապես չի հուզում։ Երբ նրա քույրը հայտնում է Զոյայի դավաճանության և նրա դեմ կազմակերպվող մահափորձի մասին, նա միայն հարցաքննում է Միքայելին։ Երբ վերջինս երդվում է, որ իր և Զոյայի միջև կապ չկա, կայսրը սկսում է նրան անվանել «հավատարիմ ծառա» և պալատականների նախազգուշացումներն ընդունում որպես զրպարտություն։ Փսելլոսի խոսքերով՝ «Ռոմանոսը կարծես ցանկանում էր հավատալ, որ Միքայելի հետ ոչ մի կապ չունի թագուհին, միևնույն ժամանակ, իմանալով թե որքան սիրառատ և կրքալից է նա, չէր ցանկանում, որ այդ կիրքը թափվի շատ տղամարդկանց վրա, դեմ չէր նրա կապին մի սիրեկանի հետ և ձևացնում էր, թե ոչինչ չի նկատում»[22]։

 
Ռոմանոս III կայսեր սպանությունը
(Հովհաննես Սկիլիցեսի ժամանակագրության մանրանակար, XII դար)

1033 թվականի կեսերին Ռոմանոսը հիվանդանում է[23]։ Հայտնում են, որ նրան թունավորել է պաշտոնյա Հովնան Օրփանոտրոփը, իսկ հետո՝ դանդաղ գործող թույնով՝ Զոյան և Միքայելը[24]։ Չնայած հիվանդությանը՝ Ռոմանոսը չի թողնում պետական գործերը, մասնակցում շքերթներին, բայց «արդեն չէր տարբերվում մահացածից. նրա դեմքը ուռած էր, երեք օր մահացածի գույնով, արագ էր շնչում, և մի քանի քայլ չարած, կանգ էր առնում, մազերը կախված էին գլխից, ինչպես դիակի վրա»[25]։ Ռոմանոսը չէր հուսահատվում և դիմում էր բժիշկներին՝ ապաքինվելու հույսով։ 1034 թվականի ապրիլի 11-ին հանդիսավոր երթից առաջ Ռոմանոսը որոշում է բաղնիք գնալ։ Նա լավ էր զգում իրեն և ինքնուրույն էր շարժվում։ Լոգանքից հետո նա մտնում է լողավազան՝ իր մարդկանց ուղեկցությամբ։ «Երբ տիրակալն իր սովորության համաձայն գլուխն իջեցրեց ջրի տակ, նրանք սեղմեցին նրա վիզը և երկար ժամանակ պահեցին ջրի տակ, իսկ հետո բաց թողեցին և հեռացան»,- հայտնում է Փսելլոսը։ Այդպես էր ցանկացել Զոյան[26]։ Կայսրն ուշքի է գալիս, օգնության կանչում և տեղափոխվում ննջարան։ Իմանալով այդ մասին՝ նրա մոտ առանց պալատականների գալիս է կայսրուհի Զոյան, բայց «հազիվ մի հայացք նետելով ամուսնու վրա՝ հեռանում է՝ տեսքից համոզվելով, որ մահը մոտ է»[27]։ Կարճատև հոգեվարքից հետո Ռոմանոս III կայսրը մահանում է։

Ամուսնությունը Միքայել IV Պաֆլագոնացու հետ խմբագրել

 
Զոյայի և Միքայելի թագադրումը (Կոստանդին Մանասիոսի ժամանակագրության մանրանկար, XIV դար)

Ամուսնու մահից հետո Զոյան անմիջապես պալատ է կանչում Միքայելին, զգեստավորում կայսերական հագուստով, նստեցնում գահին իր կողքին և գլխին դնելով կայսերական թագ՝ խախտում է ավանդական սովորույթը, որի համաձայն կայսրն է թագադրում ամուսնուն։ Պալատ հրավիրված պատրիարք Ալեքսիոս Ստուդիտոսը շռայլ պարգևատրումից հետո օրհնում է 56-ամյա Զոյայի ամուսնությունը 24-ամյա Միքայելի հետ, իսկ առավոտյան Սենատը ճանաչում է Պաֆլագոնացուն նոր կայսր[28]։ Ականատես Փսելլոսի վկայությամբ՝ Սենատի անդամները «մտնում էին հերթով մեկական, խոնարհվում գահին բազմած կայսրերին, կայսրուհուն մեծարանքի այլ նշան չէին ցուցաբերում, իսկ ինքնակալին՝ համբուրում էին նաև աջ ձեռքը»[29]։ Դրանից հետո կազմակերպվում է Ռոմանոս III-ի շքեղ թաղումը։

Սկզբնական շրջանում Միքայելը ուշադրության էր արժանացնում Զոյային, կատարում էր նրա բոլոր ցանկությունները, բայց հետո, եղբոր ազդեցությամբ, հեռանում է նրանից։ Փսելլոսը հայտնում է, որ «նա, հնարավոր է, վախենում էր արժանանալ նույն չար ճակատագրին»[30]։ Միքայելն աքսորեց Զոյայի նախկին ֆավորիտներին, հրամայեց փակվել կանանց հարկաբաժնում և չմասնակցել պաշտոնական երթերին[31]։ Զոյայի բոլոր ներքինիները և պալատական կանայք փոխարինվեցին կայսեր տոհմակիցներով։ Կայսրուհուն այցելել կարելի էր միայն պահակազորի հրամանատարի թույլտվությամբ։

 
Զոյա (Կոստանդին IX կայսեր թագի դետալ)

…Զոյան զայրանում էր, քանզի բարերարության դիմաց նա միայն ատելություն ստացավ, սակայն զսպում էր իրեն և անհրաժեշտ չէր համարում ըմբոստանալ, և ինչ կարող էր փոխել, եթե անգամ ցանկանար՝ առանց արքայական պահակազորի և իշխանությունից զրկված։ Միևնույն ժամանակ նա զերծ էր մնում այն ամենից, ինչ բնորոշ էր կնոջ էությանը. չէր չարախոսում, չէր հուսահատվում, չէր հիշեցնում տիրակալին իր նախկին կապվածությունը, չէր արտահայտում իր դժգոհությունը արքայական եղբայրներից, որոնք տանջում և վիրավորում էին նրան, չէր հեռացնում իրեն կցված պահակախմբին, հեզությամբ էր վարվում բոլորի հետ, հարմարվում էր մարդկանց և հանգամանքներին։ Միխայիլ Փսելլոս, Ժամանակագրություն, 4.XVI

Սկիլիցեսի վկայությամբ[32]՝ Զոյան այդքան հեզ չէր և նույնիսկ փորձել է թունավորել ներքինի Հովհանին՝ կաշառելով նրա բժշկին, որը նրան այդ ժամանակ լուծողական էր տալիս։ Բժիշկը համաձայնվում է, սակայն դավադրությունը բացահայտվում է ծառաներից մեկի մատնությամբ։ Բժիշկը և թույնը պատրաստողն աքսորվում են, իսկ կայսրուհու նկատմամբ ավելի է ուժեղանում հսկողությունը[10]։

Այդ նույն ժամանակ, դարձյալ Հովհանի ազդեցությամբ, որը մտահոգված էր գահի ճակատագրով (Միքայել IV-ը տառապում էր էպիլեպսիայով, իսկ հետո՝ ջրգողությամբ[33]), Զոյան որդեգրում է իր ամուսնու զարմիկին, որը հռչակվում է կեսար[34]։

Հիվանդության պատճառով Միքայելը, հետևելով «աստվածային այրերի փրկարար խորհուրդներին», հրաժարվում է կենակցել կնոջ հետ և խուսափում է նրանից[35]։ Տառապելով հիվանդությունից («կայսեր մարմինը նկատելի ուռում էր, և երևում էր, թե նա ինչպես է տանջվում ջրգողությունից»)՝ նա 1041 թվականի դեկտեմբերին հրամայում է իրեն տանել Կոսմայի և Դամիանոսի վանք, որտեղ վանական է դառնում[31]։ Զոյան, իմանալով այդ մասին, «ոտքով գնում է ամուսնու մոտ, իսկ նա թույլ չի տալիս մտնել իր մոտ»[36]։ 1041 թվականի դեկտեմբերի 10-ին Միքայել IV Պաֆլագոնացին մահանում է, կայսրուհի Զոյան երկրորդ անգամ այրիանում է։

Ինքնակալ կայսրուհին խմբագրել

 
Միքայել V-ի ոսկե մետաղադրամ

Միքայել IV-ի մահից հետո նրա եղբայրներ Հովհանը և Կոստանդինը համոզում էին Զոյային կայսր հռչակել նրա որդեգիր Միքայել Կալաֆատոսին։ Նրանք, ցանկանալով, որ իշխանությունը մնա իրենց տոհմի ձեռքում, վստահեցնում էին, որ երիտասարդ կայսրը կդառնա մարիոնետային կայսր և լիովին կենթարկվի թագուհու հրամաններին։ Հորդորներին տեղի տալով՝ «կայսրուհին տվեց նրանց իշխանություն, իսկ քաղաքին, որը հուզված սպասում էր իր որոշումներին, հանգստացրեց հորդորանքներով»[37]։

Սկզբնական շրջանում Միքայելը հարգանքով էր վերաբերում իր մայրացուին, ամենուրեք հաստատելով, որ նա է կայսրուհին, իսկ ինքը ՝ նրա «խոնարհ ծառան»։ Այդ շրջանին են վերաբերվում նրա փոքրաթիվ մետաղադրամները, որոնց վրա նոր կայսեր պատկերը բացակայում է, կա միայն Զոյայի պատկերը։ Կոստանդինի ազդեցությամբ՝ Միքայելը Վանք է ուղարկում Հովհանին, որը նրան գահ էր բարձրացրել, իսկ ավելի ուշ՝ աքսորում Լեսբոս և հրամայում կուրացնել։ Հովհանին հաջորդում են նոր կայսեր ևս երկու հորեղբայրները[38]։ Շուտով Միքայելը հեռացնում է նաև իր մայրացուին, փակում կանանց հարկաբաժնում և կրճատում նրա ծախսերը[39]։

Միքայելը սկսում է ակտիվորեն բարեփոխել կառավարման համակարգը։ Նրան ընդդիմանում են պալատական պաշտոնյաները, որոնց համար իշխանության խորհրդանիշը համարվում էր Զոյան։ Այդ պատճառով կայսրը քայլեր է ձեռնարկում հեռացնել Զոյային երկրի քաղաքական կյանքից[40]։ Նրա հրամանով 1042 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Զոյան դավադրություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվում է և աքսորվում Պրինկիպո կղզի[41]։ Այդտեղ նրան տանում են վանք և դարձնում միանձնուհի։ Մայրաքաղաքում Միքայելը հրավիրում է Սենատ, որի առջև մեղադրում է Զոյային դավաճանության և իրեն թունավորելու փորձի մեջ։ Միքայելի խոսքերով՝ նա բռնել է կայսրուհուն հանցանքի վայրում, սակայն սկզբում չի ցանկացել բացահայտ մեղադրել նրան այդպիսի սկանդալային եղելության մեջ։ Ստանալով Սենատի բանավոր աջակցությունը՝ նա որոշում է հայտարարել Զոյայի գահընկեցության մասին։ Սակայն, երբ եպարքոսը սկսում է կարդալ կայսրուհու գահազրկման մասին հրամանը, քաղաքում խռովություն է սկսվում[34]։

Կայսեր գահազրկումը պահանջում էր պատրիարք Ալեքսիոս Ստուդիտոսը[40], որին Միքայել կայսրը փորձել էր սպանել՝ ուղարկելով վարձկանների։ Ժողովուրդը, զորք հավաքելով, շարժվում է դեպի պալատ՝ գոչելով. «Որտե՞ղ ես, մեր միակ՝ վեհանձն հոգով և գեղեցիկ դեմքով։ Որտե՞ղ ես, գահաժառանգ տիրուհի, ում և՛ հայրն էր արքա, և՛ պապը։ Ինչպես կարող էր անազնվազարմը ձեռք բարձրացներ վեհանձնիդ վրա և ծրագրել այն, ինչ ոչ ոք չէր կարող պատկերացնել»[42]։

Փսելլոսը, ով այս իրադարձությունները պահպանել է պատմության համար, զարմացած էր, որ երթին միացել էին նաև կանայք, Բյուզանդիայի պատմության մեջ առաջին անգամ, լքելով կանանց հարկաբաժինները։ Նրանք «վազում էին փողոցներով, բղավում, ծեծում կուրծքը և ողբում թագուհու համար»[42]։ Միքայելը վերադարձրեց Զոյային Կոստանդնուպոլիս և ներկայացրեց ժողովրդին, որպեսզի հանգստացնի նրանց, սակայն կայսրուհու հայտնվելը միանձնուհու հագուստով ավելի սրեց պայքարը[43]։ Այդ ժամանակ քաղաքում հիշեցին Զոյայի կրտսեր քրոջը՝ Թեոդորային, ով աքսորվել էր քրոջ հրամանով և դարձել միանձնուհի։ Նրան բերեցին մայրաքաղաք և (Փսելլոսի խոսքերով՝ քաղաքացիներն ուժով նրան դուրս են բերում եկեղեցուց, որտեղ նա ապաստան էր գտել[44]), հագցրեցին արքայական հագուստ, և Սուրբ Սոֆիայի տաճարում պատրիարքը նրան հռչակեց կայրսուհի[45]։

Ժողովուրդը գրոհով գրավում է պալատը, զոհվում է մոտ 3 հազար մարդ[46]։ Միքայել V-ը հորեղբոր՝ Կոստանդինի հետ, փախուստի է դիմում, սակայն երկուսն էլ կուրացվում են և աքսորվում։ Այդ որոշումը կայացնում են Թեոդորայի համախոհները[47]՝ վախենալով, որ Զոյան, չսիրելով քրոջը, կարող է վերադարձնել Միքայելին[48]։

Սենատը չկարողացավ որոշել՝ քույրերից որ մեկին հանձնել իշխանությունը։ Շատերը կողմ էին Զոյայի թեկնածությանը[40]։ Արդյունքում, ժողովրդի ճնշման ներքո, Զոյան համաձայնեց կիսել իշխանությունը քրոջ հետ[47]։ 1042 թվականի ապրիլի 21-ին քույրերը հռչակվում են կառավարչակիցներ[10]։

Նա համաձայնության է գալիս քրոջ հետ, հրավիրում է նրան ուղեկցելու շքերթների ժամանակ, դարձնում է իշխանակից։ Թեոդորան էլ ճանաչում է քրոջ ավագությունը և զիջում առաջնությունը, որպեսզի և՛ իշխի նրա հետ, և՛ ենթարկվի նրան[49]։ Զոյայի և Թեոդորայի իշխանությունը երկրորդ և վերջին անգամ է բյուզանդական պատմության մեջ, երբ կայսրությունը ղեկավարում է կինը[50]։ Քույրերը պետական պաշտոններց ազատում են Միքայել V-ի նշանակած պաշտոնյաներին և հաստատում իրենց հավատարիմներին, ժողովրդին բաժանում են շռայլ պարգևներ։ Հանդիսավոր արարողությունների ժամանակ քույրերը նստում էին միևնույն գահին և, անհրաժեշտության դեպքում, «հանգիստ ձայնով հրամաններ արձակում կամ հարցերին պատասխանում՝ երբեմն հետևելով խորհրդատուներին, երբեմն էլ՝ սեփական կարծիքով»[49]։

 
Զոյան և Թեոդորան
(մետաղադրամ, 1042 թվական)

Քույրերը պաշտոնների առք ու վաճառքն արգելող օրենք ընդունեցին, փոփոխություններ կատարվեցին ռազմական, վարչական, քաղաքացիական համակարգերում, Միքայել V-ի չարաշահումները քննելու համար ստեղծվեցին արտակարգ դատարաններ[51]։

Չնայած որ Զոյան և Թեոդորան բարեխղճորեն կատարում էին բոլոր պարտականությունները, կայսրության ղեկավարումը քույրերի կողմից արդյունավետ չէր։ Փսելլոսի խոսքերով՝ «Զոյան բացել էր արքայական գանձարանի բոլոր աղբյուրները, սակայն այդ հարստությունը չէր շնորհվում, այլ կողոպտվում էր և մսխվում...»[52]: Զոյայի հակապատկերն էր քույրը՝ Թեոդորան, որը «փակվելով իր սենյակում, միայնակ վավերացնում էր կնիքով հոսող ոսկին»[5]։ Արդյունքում, ոսկին, որով պիտի պահվեր բանակը, բաժին էր հասնում պալատականներին։ Հարևան ժողովուրդները պայքար սկսեցին Բյուզանդիայի դեմ։ Երկիրը պատշաճ իշխանությամբ ապահովելու համար՝ Զոյան որոշում է կրկին ամուսնանալ և ամուսնուն գահ բարձրացել՝ «ցանկանալով իշխանությունը փոխանցել ինքնակալ ամուսնուն և երեխաներ ունենալ, որդեծին մայր դառանալ (տանջվում էր երկու այգեպաններից առատորեն ջուր ստացած և անպտուղ մնացած ծառի նման)...»[26]:

Սկզբում Զոյան ընտրում է Կոստանդին Դալասինին, որը սակայն որոշակի պայմաններ է առաջ քաշում, որի համար մերժվում է և ուղարկվում ծայրամաս[53]։ Եվս մի հավակնորդ էր Կոստանդին Արտոկլինը՝ Զոյայի նախկին սիրեկանը, Ռոմանոս III-ի կենդանության օրոք, որը սակայն մահանում է՝ չհասցնելով թագ կրել[54]։ Վերջապես Զոյան ընտրում է իր նախկին ֆավորիտ Կոստանդին Մոնոմախին։

Ամուսնությունը Կոստանդին IX Մոնոմախի հետ խմբագրել

 
Կոստանդինի և Զոյայի պսակադրությունը (Հովհաննես Սկիլիցեսի ժամանակագրության մանրանկար, XII դար)

1042 թվականի հունիսի 11-ին Կոստանդինը, վերադառնալով աքսորից, հանդիսավոր մտնում է մայրաքաղաք և ամուսնանում 64-ամյա Զոյայի հետ։ Երկուսի համար էլ այդ ամուսնությունը երրորդն էր[55]։ Այդպիսի ամուսնությունը չէր խրախուսվում եկեղեցու կողմից, ուստի պսակադրությունը կատարում է ոչ թե պատրիարքը, այլև Սուրբ Սոֆիայի տաճարի առաջին քահանան՝ Ստիպիոսը։ Պատրիարք Ալեքսիոսը «հանգամանքների ճնշման ներքո և Աստծո կամոք՝ զիջում է և գիրկն առնում արդեն պսակվածներին»[56]։ Պսակադրությունից հետո իր հրովարտակում Զոյան հայտարարում է, որ այդ ամուսնությունը կատարել է՝ կայսրության շահերից ելնելով[57]։ Ամուսնության հաջորդ օրը Կոստանդինը թագադրվում է[51]։

Կոստանդին կայսրը, թեև շրջապատել էր Զոյային հարգանքով[4], պահպանել էր իր նախկին սիրային կապը Մարիայի հետ, որը 7 տարի ապրել էր իր հետ Լեսբոս կղզում աքսորի ժամանակ։ Փսելլոսի խոսքերով՝ Զոյան հանգիստ էր վերաբերվում այդ կապին «քանզի խանդի զգացում չէր մնացել մի կնոջ մոտ, որը բազում փորձանքների էր արժանացել և որին խորթ էին այդպիսի զգացմունքները»[58], և թույլ է տալիս Մարիային բերել Կոստանդնուպոլիս, որտեղ նրան հատկացվում է մի համեստ տուն։ Մարիային այցելելիս՝ Կոստանդինին ուղեկցում էին կայսրուհու դրածոները, տնօրինում տանը ամեն ինչ, նույնիսկ՝ մատուցվող ճաշը։ Կոստանդինին այդպիսի կարգավիճակը չի գոհացնում, և նա համոզում է կայսրուհուն կազմել «ընկերության մասին հավատարմագիր» և Մարիային տալ սևաստի (ազնվական) տիտղոս, որի արդյունքում, պալատում նրան սկսեցին անվանել տիրուհի, իսկ հանդիսավոր երթերի ժամանակ, նա գնում էր երկու կայսրուհիների հետևից[59]։ Կոստանդինի խնդրանքով՝ Մարիային հատկացվում է հարկաբաժին կայսերական պալատում։ Ընդ որում, Զոյան, լուռ համաձայնությամբ, չէր գնում կայսեր մոտ, երբ նա Մարիայի հետ էր։ Կոստանդինը բավականին խելոք էր, որ չվիճեր կնոջ հետ, նա շեշտում էր կնոջ մեծարանքի և իշխանության իրավունքը։ Օրինակ, շրջանցելով սովորույթը, որ կայսրուհիները չպետք է ներկա գտնվեն հաղթական երթերին՝ նա նստեցնում է կնոջն իր կողքին ապստամբ Գևորգ Մանիակեսի պարտության պատվին կազմակերպաված հաղթական շքերթի ժամանակ[10]։

Ազնվականների և պալատականների համար Զոյան, Թեոդորան և Կոստանդինը մի ինքնատիպ միասնություն էին՝ պետությունը համերաշխ ղեկավարող։ Սակայն ժողովուրդը բարեհաճ չէր տրամադրված Մարիա Սկլիրենի նկատմամբ։ Հովհան Սկիլիցիոսը հայտնում է, որ 1043 թվականի մարտի 9-ին քաղաքացիները սկսում են ընդվզել Մարիայի դեմ և դուրս են գալիս փողոց՝ բղավելով. «Չենք ուզում Սկլիրենին թագուհի, նրա համար մահ չեն ընդունի մեր մայր Զոյան և Թեոդորան»[60]։ Ամբոխը հանգստանում է միայն այն ժամանակ, երբ պալատի պատշգամբ են դուրս գալիս Զոյան և Թեոդորան։ Մոտ 1045 թվականին մահանում է Մարիան, և կայսրը նոր սիրուհի է գտնում՝ ի դեմս ալանական թագուհու, որն ապրում էր Կոստանդնուպոլսում՝ որպես պատանդ[61]։

 
Զոյա, Կոստանդին և Թեոդորա
(Հովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածուի ֆրոնտիսպիս, XI դար)

Զոյան ականատես է լինում ռուս կնյազ Յարոսլավ Իմաստունի նավատորմի՝ Կոստանդնուպոլսի վրա հարձակմանը 1043 թվականի ամռանը։ Կայսրուհու թիկնապահներից մեկը եղել է սկանդինավյան սագայի հերոսներից մեկը՝ հետագայում՝ Նորվեգիայի արքա Հարոլդ Դաժանը[62]։

Կառավարման գործերին Զոյան չէր մասնակցում՝ ամբողջ իշխանությունը թողնելով ամուսնուն և իր ազատ ժամանակը նվիրելով հագուստին, ալքիմիային, ծախսելով պետական գանձարանից։ Փսելլոսի բնորոշմամբ՝ կյանքի վերջին տարիներին Զոյան «հաստատուն բանականությամբ չէր» և «գործերի մասին պատկերացում չուներ և փչացել էր արքայական անճաշակությամբ»։ Նրան ուղեկցում էին զայրույթի նոպաները, աննշան արարքի համար նա դատապարտում էր մեղավորին կուրացման։ Եթե չլիներ Կոստանդինի միջամտությունը «շատ մարդկանց աչքերը կհանեին առանց պատճառի»[63]։ Դրա հետ մեկտեղ Զոյան սկսեց ցուցաբերել ծայրահեղ բարեպաշտություն. «Նա պատրաստում է իր համար Հիսուսի պատկերը, զարդարում այն թանկարժեք ամեն ինչով։ Եթե պատահում էր որևէ լավ բան, շտապում էր գոհունակություն հայտնել, իսկ վատի դեպքում՝ օգնություն խնդրել»։ Մահվան շեմին Զոյան կորցնում է ախորժակը, բանտերից սկսում է ազատել բանտարկյալներին, ներել պարտապաններին և շռայլորեն ողորմություն բաժանել։

1050 թվականին թագուհի Զոյան մահանում է 72 տարեկանում։ Նրան թաղում են Կոստանդնուպոլսի՝ իր կառուցած եկեղեցում[10]։ Նրա մահից հետո ամուսինը կազմակեպում է շքեղ հուղարկավորություն և որոշում է կնոջը դասել սրբերի շարքը[64]։ Նա փորձում է ամեն կերպ ապացուցել, որ Զոյայի դամբարանի մոտ հրաշքներ են տեղի ունենում։ Սակայն Զոյայի երեք ամուսնությունները և սիրային կապերը թույլ չտվեցին Կոստանդինին սրբացնել նրան[65]։ Կոստանդինը կնոջից հետո ապրեց հինգ տարի, քույրը՝ Թեոդորան, մահացավ 1056 թվականին, և նրա մահով դադարեց Մակեդոնական դինաստիայի իշխանությունը։ Ալեքսիոս I Կոմնենոս կայսեր օրոք Զոյայի դամբարանից դուրս է բերվում ոսկե և արծաթե զարդերը[66]։

Գործունեության գնահատում խմբագրել

Բյուզանդական իրավունքի համաձայն կայսրերի կանայք և դուստրերը կարող էին լինել գահի օրինական հավակնորդ, սակայն նրանց որպես ժառանգորդ ընդունում էին այն ժամանակ, որբ տղամարդ գահաժառանգ չկար։ Լինդա Հարլանդի դիտարկմամբ՝ ոչ ոք և ոչինչ չէր խանգարում Զոյային ազդել պետության քաղաքականության վրա, այդպիսի ազդեցության բացակայությունը բացատրվում է զուտ նրա կամքով[10]։ Մյուս կողմից կայսրուհին՝ իշխող միապետի կինը, ավանդույթի համաձայն պետք է զբաղվեր երեխաների դաստիարակությամբ, բարեգործություն աներ վանքերին և եկեղեցիներին, մասնակցեր պալատական արարողություններին, իսկ պետական գործերով պետք է զբաղվեր ամուսինը։

Զոյայի հայրը՝ Կոստանդին VIII-ը, դստերը տեսնում էր որպես Մակեդոնական դինաստիայի իշխանության շարունակող։ Նա նրա օրինական ժառանգորդն էր, և նրա միջոցով կայսերական թագը պետք է անցներ նոր տիրակակլի[67]։ Սակայն, ամուսնանալով 50 տարեկանում, նա զավակ չի ունենում, և արքայատոհմը չի շարունակվում։ Կոստանդին VIII-ը տղա ժառանգ չուներ, ուստի Զոյայի հետ ամուսնությունը երեք կայսրերի համար գահ բարձրանալու հիմք հանդիսացավ, իսկ Միքայել V-ը կայսր դարձավ՝ որդեգրվելով Զոյայի կողմից։ Սակայն Զոյային չի հաջողվում ապահովել կայուն վիճակ երկրում, և նրա իշխանության շրջանը համարվում է քաղաքական ճգնաժամի ժամանակաշրջան[68]։ Արդեն երկրորդ ամուսնու՝ Միքայել IV-ի և նրա զարմիկի օրոք պատմաբան Ա. Ա. Վասիլևի խոսքերով սկսվում են «սուր խռովություններ և դժգոհություններ կայսրությունում»[50]։

Զոյայի և Թեոդորայի համատեղ ղեկավարումը տևում է մեկուկես տարի։ Դրական կողմերով հանդերձ՝ քույրերն «իրենց անխոհեմ առատաձեռնությամբ, սին փառամոլությամբ, անհեթեթ քմահաճույքներով նախապատրաստեցին կայսրության անկմանը»[69]։

Սկզբնաղբյուրներ խմբագրել

 
Միքայել Փսելլոս (ձախից), Զոյա կայսրուհու գլխավոր պատմիչը (մանրանկար XII—XIII դդ.)

Զոյայի կյանքի մանրամասները հայտնի են Միխայիլ Փսելլոսի (1018—1078) շնորհիվ, որը նրա ժամանակակիցն էր, Միքայել V-ի օրոք կայսերական դիվանատան պաշտոնյա, իսկ Կոստանդին IX-ի ժամանակ ստանում է փիլիսոփայական ակադեմիայի ղեկավար։ Նրա «Ժամանակագրությունը» լուսաբանում է Բյուզանդիայի պատմությունը 976-1075 թվականներին։ Եթե Վասիլ II և Կոստանդին VIII կայսրերի իշխանության շրջանը նա նկարագրում է անհայտ գրավոր սկզբնաղբյուրից, կայսրուհի Զոյայի կյանքը ներկայացնում է ականատեսների վկայությունների և սեփական հուշերի հիման վրա։ Այսպիսով, «Փսելլոսի աշխատության նշանակալի հատվածն ունի սկզբնաղբյուրի նշանակություն, իսկ իր գրածները՝ ականատեսի վկայություն»[70]։ Ժամանակակից պատմաբանների կարծիքով Փսելլոսը, քաղաքական շահերից ելնելով, երբեմն աղավաղել է փաստերը, բայց միևնույն ժամանակ, ձգտել է մնալ հնարավորինս անաչառ[71]։ Զոյայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին Փսելլոսը գրում է, որ նա հակված չէ գովել Զոյային և հիանում է նրա՝ Աստծու հանդեպ սիրով[72]։ Զոյայի՝ Փսելլոսի ստեղծած կերպարը, ավարտուն բնութագրություն չէ։ Կերպարը վեր է հանվում «ոչ թե ուղիղ նկարագրությամբ, այլ հաջող ընտրված մանրամասնությունների շնորհիվ»[73]։ Փսելլոսի՝ կայսրերի կյանքի նկարագրության առանձնահատկություններն ուսումնասիրել է ռուս բյուզանդագետ Յ. Ն. Լյուբարսկին։

Բյուզանդական պալատի իրադարձությունները նկարագրելով՝ Փսելլոսը հանդես է գալիս «ոչ միայն որպես իրականությունը ներկայացնող պատմիչ, այլ նաև պատմական թեմայով դրամայի ռեժիսոր»[70]։ Դա ակնհայտ է դառնում նրա շարադրանքի գեղարվեստական ոճի մեջ, որտեղ անհետանում է հեղինակի և հերոսի, անցյալի և ներկայի միջև եղած տարածությունը[74]։

Զոյայի կյանքի առանձին դրվագներ նկարագրել են բյուզանդական այլ տարեգիրներ, օրինակ, տեղեկություններ են պահպանվել Հովհաննես Սկիլիցեսի «Պատմության տեսություն», Կոստանդին Մանասեսի «Ժամանակագրություն» աշխատությունների մեջ։ Ֆրանսիացի բյուզանդագետ Շառլ Գիլը Զոյային է նվիրել իր՝ «Բյուզանդական դիմանկարներ» աշխատության մի գլուխը։ Միայն Զոյային նվիրված այլ հատուկ աշխատություններ բացակայում են[10]։

Կերպարն արվեստում խմբագրել

 
Զոյան և Կոստանդին IX
(Սուրբ Սոֆիա տաճարի խճանկար)
 
Կոստանդին IX Մոնոմախի թագը

Հայտնի են կայսրուհի Զոյայի պատկերները մետաղադրամների վրա, ձեռագիր մատյանների մանրանկարներում (Հովհան Սկիլիցիոսի «Պատմության տեսություն»,Կոստանդին Մանասեսի «Ժամանակագրություն», Հովհան Ոսկեբերանի քարոզների ժողովածուի ֆրոնտիսպիս[75]):

Առավել նշանավորներից է Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի խճանկարը՝ Զոյայի և Կոստանդին Մոնոմախի պատկերներով՝ Փրկչի առջև։ Խճանկարը ստեղծվել է 1042-1056 թվականներին։ Զոյան պատկերված է կայսերական զարդանխշ հագուստով՝ ձեռքին բռնած արքայական հրովարտակ, որի վրա գրված է «Կոստանդինի հետնորդ»[76] (ըստ մի տեսակետի՝ այդտեղ գրված են տաճարին տրված ընծաները)[77]։ Սկզբում Զոյան պատկերված էր իր երկրորդ ամուսնու՝ Միքայել IV-ի հետ, 1042 թվականին Զոյայի գահազրկումից հետո հավանաբար Միքայել V-ի կողմից կայրուհու պատկերը ոչնչացվել է[78]։ Վերադառնալով իշխանության և ամուսնանալով Կոստանդին IX-ի հետ ՝ Զոյան վերականգնում է իր պատկերը, իսկ Միքայել IV-ինը փոխում նոր ամուսնու պատկերով։ Այդ նույն ժամանակ վերականգնվում է Հիսուս Քրիստոսի դեմքը, որը վնասվել էր նախկինում անհայտ պատճառով։ Ենթադրում են, որ Զոյան ցանկացել է, որ Հիսուսի դեմքը շրջված լինի դեպի իր կողմը և ոչ՝ ամուսնու (այս ենթադրությունը կասկածելի է համարվում)[78]։

Զոյայի էմալապատ պատկերն առկա է նաև Կոստանդին IX-ի թագի վրա, Կոստանդինի, Թեոդորայի, Ճշմարտության և Խոնարհության ալեգորիկ պատկերների կողքին[79]։ Կոստանդին կայսրը թագը նվիրել է հունգար արքա Անդրաշ I-ին և նրա կնոջը՝ Անաստասիային, Յարոսլավ Իմաստունի դստերը[80] թագադրման կապակցությամբ։ Թագի ոսկե շերտի վրա Զոյան պատկերված է կայսերական հագուստով, ամբողջ հասակով, դեմքով դեպի դիտորդը։ Նրա պատկերը եզերված է բուսական զարդանախշերով, թռչունների պատկերներով[80]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lundy D. R. The Peerage
  2. Диль Ш. Византийские портреты. — С. 164.
  3. Михаил Пселл. Хронография. 6.VI.
  4. 4,0 4,1 Зоя и Феодора Порфирогениты // Дашков С. Б. Императоры Византии. М.: Издательский дом «Красная площадь», «АПС-книги», 1996
  5. 5,0 5,1 Михаил Пселл. Хронография. 6.LXIV.
  6. Византийский медицинский трактат XI—XIV вв.: (по рукописи Cod. Plut. VII, 19 Библиотеки Лоренцо Медичи во Флоренции) // Византийский временник / Пер., комм. Г. Г. Литаврина. — 1971. — Т. 31. — С. 249—301.
  7. Михаил Пселл. Хронография. 6.CLVIII.
  8. 8,0 8,1 Диль Ш. Византийские портреты. — С. 167.
  9. Величко А. М. История Византийских императоров. — М., 2010. — Т. 4. — С. 335. — ISBN 978-5-91399-019-8
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Garland, L. Zoe Porphyrogenita (wife of Romanus III, Constantine IX, and Michael IV) // Byzantine Empresses. Women and Power in Byzantium, AD 527-1204. — London, 1999.
  11. Paul Magdalino Byzantium in the year 1000. — BRILL, 2003. — P. 32. — ISBN 9004120971
  12. Михаил Пселл. Хронография. 2.IV.
  13. Величко А. М. История Византийских императоров. — М., 2010. — Т. 4. — С. 336. — ISBN 978-5-91399-019-8
  14. Величко А. М. История Византийских императоров. — М., 2010. — Т. 4. — С. 337. — ISBN 978-5-91399-019-8
  15. Михаил Пселл. Хронография. 3.V.
  16. 16,0 16,1 Диль Ш. Византийские портреты. — С. 168.
  17. Норвич Д. История Византии. — М.: АСТ, 2010. — С. 309.
  18. Михаил Пселл. Хронография. 3.XVII.
  19. Иоанн Скилица. Обозрение истории, 385.
  20. Величко А. М. История Византийских императоров. — М., 2010. — Т. 4. — С. 344. — ISBN 978-5-91399-019-8
  21. Михаил Пселл. Хронография. 3.XVIII.
  22. Михаил Пселл. Хронография. 3.XXII.
  23. Константин VIII, Роман III Аргир // Дашков С. Б. Императоры Византии. М.: Издательский дом «Красная площадь», «АПС-книги», 1996
  24. Иоанн Скилица. Обозрение истории, 389.
  25. Михаил Пселл. Хронография. 3.XXV.
  26. 26,0 26,1 «Из Хроники Константина Манассии» / Подготовка текста М. А. Салминой, перевод и комментарии О. В. Творогова // Библиотека литературы Древней Руси / РАН. ИРЛИ; Под ред. Д. С. Лихачёва, Л. А. Дмитриева, А. А. Алексеева, Н. В. Понырко. — СПб.: Наука, 2000. — Т. 9: Конец XIV — первая половина XVI века. — 566 с.
  27. Михаил Пселл. Хронография. 3.XXVI.
  28. Диль Ш. Византийские портреты. — С. 171.
  29. Михаил Пселл. Хронография. 4.III.
  30. Михаил Пселл. Хронография. 4.VI.
  31. 31,0 31,1 Диль Ш. Византийские портреты. — С. 172.
  32. Иоанн Скилица. Обозрение истории, 392.
  33. Величко А. М. История Византийских императоров. — М., 2010. — Т. 4. — С. 358. — ISBN 978-5-91399-019-8
  34. 34,0 34,1 Михаил V Калафат // Дашков С. Б. Императоры Византии. — М.: Издательский дом «Красная площадь», «АПС-книги», 1996.
  35. Михаил Пселл. Хронография. 4.XVII.
  36. Михаил Пселл. Хронография. 4.LIII.
  37. Михаил Пселл. Хронография. 5.V.
  38. Скабаланович М. Н. Византийское государство и церковь в XI веке. — СПб., 1884.
  39. Диль Ш. Византийские портреты. — С. 174.
  40. 40,0 40,1 40,2 Литаврин Г. Г. Восстание в Константинополе в апреле 1042 г // Византийский временник. — 1972. — Т. 33. — С. 33—46.
  41. Диль Ш. Византийские портреты. — С. 175.
  42. 42,0 42,1 Михаил Пселл. Хронография. 5.XXVI.
  43. Михаил Пселл. Хронография. 5.XXXIII.
  44. Михаил Пселл. Хронография. 5.XXXVII.
  45. Диль Ш. Византийские портреты. — С. 177.
  46. Варяго-русская и варяго-английская дружина в Константинополе XI и XII веков. // Труды В. Г. Васильевского. — Т. I. — СПб., 1908.
  47. 47,0 47,1 Иоанн Скилица. Обозрение истории, 420.
  48. Михаил Пселл. Хронография. 5.XLVI.
  49. 49,0 49,1 Михаил Пселл. Хронография. 6.III.
  50. 50,0 50,1 Васильев А. А. «Эпоха Македонской династии (867—1081)». История Византийской империи. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  51. 51,0 51,1 Норвич Д. История Византии. — М.: АСТ, 2010. — С. 321.
  52. Михаил Пселл. Хронография. 6.VII.
  53. Диль Ш. Византийские портреты. — С. 179.
  54. Михаил Пселл. Хронография. 6.XIII.
  55. Диль Ш. Византийские портреты. — С. 180.
  56. Михаил Пселл. Хронография. 6.XX.
  57. Величко А. М. История Византийских императоров. — М., 2010. — Т. 4. — С. 368. — ISBN 978-5-91399-019-8
  58. Михаил Пселл. Хронография. 6.LIII.
  59. Михаил Пселл. Хронография. 6.LVIII-LIX.
  60. Иоанн Скилица. Обозрение истории, 434.
  61. Михаил Пселл. Хронография. 6.CLI.
  62. Сага о Харальде Суровом. III.
  63. Михаил Пселл. Хронография. 6.CLVII.
  64. Диль Ш. Византийские портреты. — С. 188.
  65. Диль Ш. Византийские портреты. — С. 189.
  66. Анна Комнина. Алексиада. IV.3
  67. Норвич Д. История Византии. — М.: АСТ, 2010. — С. 308.
  68. Зоя // Новая российская энциклопедия. — 2010. — Т. 6(2). — С. 106.
  69. Диль Ш. Византийские портреты. — С. 190.
  70. 70,0 70,1 Михаил Пселл. Хронография. — М.: Наука, 1978.
  71. Диль Ш. Византийские портреты. — С. 165.
  72. Михаил Пселл. Хронография. 6.LXV.
  73. Любарский Я. Н. Исторический герой в «Хронографии» Михаила Пселла // Византийский временник / Пер., комм. Г. Г. Литаврина. — 1972. — Т. 33. — С. 92—114.
  74. Михаил Пселл. Хронография / Перевод, статья и примечания Я. Любарского. — М.: Наука, 1978. — 319 с. — 52 700 экз.
  75. Грабар А. Н. Император в византийском искусстве. — М.: Ладомир, 2000. — С. 47.
  76. Грабар А. Н. Император в византийском искусстве. — М.: Ладомир, 2000. — С. 123.
  77. Колпакова Г.С. Искусство Византии. Ранний и средний периоды. — М.: Азбука, 2010. — С. 334—336. — 528 с. — (Новая история искусства). — ISBN 978-5-9985-0447-1
  78. 78,0 78,1 Лазарев В. Н. Мозаики собора Св. Софии в Константинополе // История византийской живописи. — М.: Искусство, 1986.
  79. Даркевич В. П. Светское искусство Византии. — М.: Искусство, 1975. — С. 177.
  80. 80,0 80,1 Лихачева В. Д. Искусство Византии IV—XV веков. — Л., 1981. — С. 192.

Գրականություն խմբագրել

Սկզբնաղբյուրներ խմբագրել

  • Михаил Пселл. Хронография / Перевод, статья и примечания Я. Любарского. — М.: Наука, 1978. — 319 с. — 52 700 экз.
  • Иоанн Скилица. Обозрение истории // Лев Диакон. История. — М.: Наука, 1988. — С. 121—133.
  • «Из Хроники Константина Манассии» / Подготовка текста М. А. Салминой, перевод и комментарии О. В. Творогова // Библиотека литературы Древней Руси / РАН. ИРЛИ; Под ред. Д. С. Лихачева, Л. А. Дмитриева, А. А. Алексеева, Н. В. Понырко. — СПб.: Наука, 2000. — Т. 9: Конец XIV — первая половина XVI века. — 566 с.

Ուսումնասիրություններ խմբագրել

ռուսերեն լեզվով
օտար լեզուներով

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոյա (բյուզանդական կայսրուհի)» հոդվածին։