Գրիգոր Ե Քարավեժ (1193-1194), Ամենայն Հայոց կաթողիկոս 1193 թվականից։ Հաջորդել է Գրիգոր Դ Տղային։ Ծնվել է շուրջ 1172 թվականին։ Ծննդյան վայրն անհայտ է։ Մահացել է 1194 թվականին Կիլիկիայի Կոպիտառ ամրոցում և ամփոփվել Դրազարկի վանքում։

Գրիգոր Ե Քարավեժ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել է1194[1]
ԳերեզմանԴրազարկի վանք[1]
Մասնագիտությունքահանա
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Ներսես Շնորհալու եղբայր Վասիլ Պահլավունու թոռը՝ դստեր գծով։ Մկրտության ավազանի անունը՝ Վահրամ։ Իր մորեղբայր Գրիգոր Դ Տղայի ձեռով օծվել է եպիսկոպոս։ Կաթողիկոսական աթոռին ընտրվել է հայոց մեծ իշխան Լևոն II-ի առաջարկությամբ և Հայաստանի բարձրաստիճան հոգևորականների հավանությամբ։ Լևոն II թագավորը ցանկանում էր ունենալ իրեն հնազանդ հայրապետ, սակայն երիտասարդ և բնավորությամբ ըմբոստ կաթողիկոսը, հակառակ թագավորի ակնկալիքների, շարունակել է վարել ինքնիշխան քաղաքականություն՝ հարուցելով շատերի դժկամությունը։

Շուտով Լևոն II Մեծագործը Սսի արքեպիսկոպոս Հովհաննեսի (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցի) խորհրդակցությամբ կաթողիկոսի աթոռանիստ Հռոմկլայում ձերբակալել է Գրիգոր Ե Քարավեժին, տարել Սիս, ապա բանտարկել Կոպիտառի բերդում։ Այդ արարքը հարուցել է մասնավորապես Հայաստանի հոգևորականների դժգոհությունը։ Իշխանությունը խոստացել է կաթողիկոսի մեղավորության հարցը քննել բարձրագույն դատական ատյանում, բայց բանտարկված կաթողիկոսին շուտով հայտնաբերել են բերդապարսպի ստորոտին՝ ժայռերի մեջ, ջախջախված, մեջքին կտավե պարան։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հայրապետը քարավեժ է եղել փախուստ կատարելու պահին։ Պատմիչների վկայությամբ, Գրիգոր Ե Քարավեժի հուղարկավորությունը կատարվել է ցուցադրական հանդիսավորությամբ։ Նրա աճյունը ամփոփվել է Դրազարկի վանքում՝ Գրիգոր Դ Տղայի շիրիմի կողքին։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Ե Քարավեժին հաջորդել է Գրիգոր Զ Ապիրատը։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 214  
Նախորդող՝
Գրիգոր Դ Տղա
Կաթողիկոս
1193–1194
Հաջորդող՝
Գրիգոր Զ Ապիրատ