Անանիա Նարեկացի

Հայ մատենագիր, աստվածաբան, փիլիսոփա, մեկնիչ

Անանիա Նարեկացի (Անանե Նարեկացի, անհայտ[1] - մոտ 978[1], ամփոփվել է Նարեկավանքի գավթում), մատենագիր, աստվածաբան, փիլիսոփա, մեկնիչ, Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիր։ Գրիգոր Նարեկացու ազգականը։ Ամբաստանվել է թոնդրակեցիներին հարելու մեջ՝ իբրև Խոսրով Անձևացու և Հակոբ Սյունեցու կողմնակից և համակիր։ Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով, աղանդավոր լինելու մասին իր դեմ եղած մեղադրանքները հերքելու համար, գրել է «Գիր խոստովանութեան»-ը (հայտնաբերել և 1892-ին հրատարակել է Գ. Տեր-Մկրտչյանը)։ Նույն կաթողիկոսի պատվերով հեղինակել է «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց»-ը, որտեղ բացահայտել է թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները, նզովել նրանց աղանդը։ Անանիա Նարեկացու «Հակաճառությունը» չի պահպանվել։ Սակայն Գրիգոր Նարեկացին Կճավա վանքին գրած «Անանիայի խոստովանութեան յաղագս սուտ կարծեացն, որ վասն նորա» թղթում ամփոփ տվել է Անանիա Նարեկացու գրվածքի բովանդակությունը և համառոտ թվել թոնդրակեցիների ուսմունքի 14 կետերը («Արարատ», 1892, էջ 5–18)։

Անանիա Նարեկացի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էմոտ 978[1]
Մասնագիտությունմատենագիր և փիլիսոփա
«Գիր խոստովանութեան», 1892 թ.

Նրա աշակերտ Ուխտանեսը հիշատակում է նաև «Հաւատարմատ» գործը (973) ընդդեմ երկաբնակների, որը հեղինակն անձամբ ներկայացրել է կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունուն։

Անանիա Նարեկացու գրվածքները կարևոր աղբյուր են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար։ Որպես մանկավարժ նա առաջնային է համարել ուսուցչի գիտելիքների հարստությունը, մեծ տեղ հատկացրել գրականությանը և երգեցողությանը։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ՝ հռչակված էր իր «...բազմամարդ պաշտոնապայծառ երգեցողօք և գրական դիտողօք...»։ Եղել է Խոսրով Անձևացու որդիների՝ Սահակի, Հովհաննեսի և Գրիգորի (Նարեկացիներ) ուսուցիչը, որոնց կատարած ընդօրինակությունների շնորհիվ մեզ են հասել Անանիա Նարեկացու և Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունները։ Գրիգոր Նարեկացին և Ուխտանեսը Անանիա Նարեկացուն համարել են «հոգեզարդ փիլիսոփա» և «հռչակավոր հռետոր»։ Ուխտանեսը Անանիա Նարեկացու պատվերով է գրել «Պատմութիւն Հայոց» երկասիրությունը։ Նրանք 980-ի հուլիսի 4-ին «յեզր գետոյն, որ կոչի Ախուրեան», զրուցել են «բերան ի բերան... յաղագս պատմութեանս», այսինքն՝ միասին են քննարկել և ծրագրել աշխատության թե՛ կառուցվածքը և թե՛ բովանդակությունը։ Երկի առաջին (Ա) գլուխը ընծայական է Անանիա Նարեկացուն։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1974. — հատոր 1. — էջ 362.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 362  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: