Սոֆյա Իվանովնա Տյուտչևա (ռուս.՝ Со́фья Ива́новна Тю́тчева, մարտի 3, 1870(1870-03-03), Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 31, 1957(1957-08-31)), բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի թոռնուհին, Գերագույն արքունիքի ազնվական օրիորդ, կայսր Նիկոլայ II-ի դուստրերի դաստիարակը։

Սոֆյա Տյուտչևա
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1870(1870-03-03)
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 31, 1957(1957-08-31) (87 տարեկան)
Ծնողներհայր՝ Իվան Տյուտչև, մայր՝ Օլգա Նիկոլաևնա Պուտյատա

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Տյուտչևան բանաստեղծ Ֆեոդոր Տյուտչևի և Օլգա Նիկոլաևնա Տյուտչևայի (ծննդյամբ՝ Պուտյատա, 1840-1920) որդու՝ պետական և հասարակական գործիչ Իվան Ֆեդորովիչ Տյուտչևի (1846-1909) ավագ դուստրն է։ Ծնվել է Սմոլենսկում, որտեղ հայրն աշխատել է քրեական և քաղաքացիական դատարանի պալատում, այնուհետև որպես դատախազի տեղակալ՝ Սմոլենսկի օկրուգային դատարանում։ 1872 թվականին Իվան Տյուտչևը նշանակվել է Մոսկվայի օկրուգային դատարանի անդամ, իսկ 1875 թվականին ընտրվել է Մոսկվայի նահանգի Դմիտրովսկի ուեզդի հաշտարար դատավոր։ Այդ ժամանակվանից Տյուտչևայի ընտանիքը մշտապես բնակություն է հաստատել Մուրանովոյում։ Ստացել է տնային դաստիարակություն և կրթություն։ 1896 թվականին Սոֆյա Տյուտչևային շնորհվել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի պալատական ազնվական օրիորդի կոչում։ Աչքի ընկնելով ակտիվ և աշխատասեր բնավորությամբ՝ նա աշխատանքից ազատ ժամանակ աշխատել է մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի հովանու ներքո գործող տարբեր բարեգործական հաստատություններում։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ վարել է Կրեմլի Մեծ պալատում զինվորներին օգնության հատուկ կոմիտեին կից պահեստի հաշվառումը, որտեղ պահել են զինվորների համար կատարված նվիրատվությունները։ Աշխատել է նաև Անապահով ծնողների երեխաների խնամքի ընկերությունում[1]։

1907 թվականին Տյուտչևան նշանակվել է կայսր Նիկոլայ II-ի դուստրերի դաստիարակ և զբաղեցրել է այդ պաշտոնը 1907 թվականի հունվարից մինչև 1912 թվականի հունիսը։ Այդ ժամանակաշրջանում նա ականատես է դարձել կայսերական ընտանիքի կյանքին և թողել է իր հուշերը[2], որոնք գրի են առնվել 1945 թվականին և տպագրվել «Մեր ժառանգությունը» ամսագրում 1997 թվականին։

Սոֆյա Տյուտչևային մոտիկից ճանաչող մարդկանց կարծիքով նա անմիջական, ազնիվ և ժողովրդավար է եղել, իմացել է, թե ինչպես դիմանալ ճակատագրի բոլոր փորձություններին և ամուր կանգնել ոտքերի վրա։ Աչքի է ընկել անկախ դատողությամբ, նվիրվածությամբ և երեխաների հանդեպ սիրով[1]։

  Նա չէր ենթարկվում մեծերի պահանջներին, նա տանում էր իր գիծը թագավորական երեխաների հետ։ Հնարավոր է, որ նրա դաստիարակչական ուղղությունը ավելի ռացիոնալ էր, բայց դա իր ճաշակով չէր, բայց նա համառում էր, ինչպես բոլոր Տյուտչևները, նա համառ էր և կամակոր ... ինչպես իր բոլոր անվանակիցները[3]։
- Սոֆյա Տյուտչևայի ժամանակակիցներից
 

1912 թվականին Տյուտչևան ազատվել է աշխատանքից։ Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվելու պատճառն այն է եղել, որ ինքը տեսել է, թե ինչպես է Գրիգորի Ռասպուտինն առանց թույլտվության մտել գիշերազգեստ հագած չորս աղջիկների սենյակ և օրհնել նրանց քնելուց առաջ։ Այդ մասին Տյուտչևան զեկուցել է ցարին. Կայսրուհի Յուլիա Դենի ընկերուհին այլ կերպ է նկարագրել Ալեքսանդրա Ֆեոդորովնայի, Գրիգորի Ռասպուտինի և Մեծ դքսուհիների հարաբերությունները[4]։ Իր հուշերում նա պնդում է, որ «Մադեմուազել Տյուտչևան երբեք չի եղել նորին մեծությունների տնային դաստիարակչուհին և չի կարողացել տեսնել, թե ինչպես է Ռասպուտինը օրհնում նրանց, քանի որ դա այդպես չի եղել։ Թագավորը նման բան թույլ չէր տա, եթե անգամ Նորին Մեծությունը դա ցանկանար։ Դե, իսկ կայսրուհին ամենևին էլ չի համարել, որ նման արարողությունն անհրաժեշտ է իր դուստրերի հոգիները փրկելու համար։ Եվ Տյուտչևան դարձել է սեփական ամբարտավանության ու նախանձի զոհը։ Դենը նշում է, որ կայսրուհու պատվո սպասուհի Սոֆյա Տյուտչևան անսխալ, անհեթեթ բնավորություն է ունեցել։ Մասնավորապես, նրան դուր չի եկել Ղրիմը, ուստի ամեն անգամ նա տանջել է բոլորին Լիվադիայում ապրելու անհրաժեշտության մասին իր պնդումներով, երբ կայսերական ընտանիքը գնացել է այնտեղ։ Ի վերջո, նրա հավերժական դժգոհությունը հանգեցրել է նրան, որ կայսրուհին ազատել է նրան աշխատանքից։ Դրանից հետո, ինչպես գրում է Յուլիա Դենը․ «Տյուտչևան չի զլացել զրպարտչական լուրեր տարածել իր պաշտոնանկությունն արդարացնելու համար»[5]։ Այդ ժամանակ Ռասպուտինի դեմ արշավը թեժացել է, ուստի մարդիկ, ովքեր ղեկավարել են այդ արշավը, վերցրել են այդ բամբասանքները և եռանդով տարածել դրանք։ Մարգարիտա Իգերը, որը մի քանի տարի դայակ է ծառայել թագավորի երեխաների համար, նույնպես պնդել է, որ նախ՝ Տյուտչևան երբեք դայակ կամ թագավորի երեխաների ուսուցիչ չի եղել, և երկրորդ՝ Ռասպուտինին թույլ չեն տվել մտնել երեխաների ննջասենյակ՝ պարկեշտության նման բացահայտ խախտում նույնիսկ չէր անցնի կայսրուհու մտքով, և Նիկոլայն անմիջապես կարգելեր նման բան[6]։

Աշխատանքից ազատվելուց հետո Սոֆյա Իվանովնան վերադարձել է Մուրանովո։ Սոֆյա Իվանովնան բուժել է գյուղացիներին, դարձել նրանց երեխաներից շատերի կնքամայրը, ֆինանսապես աջակցել դժվարությունների մեջ գտնվող ընտանիքներին։ Զբաղվել է գյուղացի այն երեխաների դաստիարակությամբ, որոնք սովորել են հոր հիմնադրած Մուրանովոյի դպրոցում։ Երբ 1920 թվականին իր եղբոր՝ բանաստեղծ Նիկոլայ Տյուտչևի թոռան ջանքերով թանգարան է բացվել Մուրանովոյի կալվածքում, Սոֆյա Իվանովնան մասնակցել է ընտանեկան ընդարձակ արխիվի վերլուծությանը և գիտական քարտերի կազմմանը։ Նա խնամել է այգին, արդեն զառամյալ տարիքում, գրեթե կորցնելով տեսողությունը, ծնկների վրա չոքած հավաքել է պարտեզի ծառուղիների մոլախոտերը։ Տյուտչևան եղել է հավատացյալ անձնավորություն։ Մինչև Մուրանովոյի Ամենափրկիչ եկեղեցու փակումը, նա ակտիվ մասնակցել է ծխական կյանքին։ Նրա եղբորորդու՝ Ն. Վ. Պիգարևի հուշերից հայտնի է դառնում, որ «հետհեղափոխական տարիներին, բնականաբար, եկեղեցում հավաքարար չի եղել։ Տաճարում կարգ ու կանոնը պահպանել և մաքրել է իր մորաքույր Սոֆյա Իվանովնան (Մեծ իշխանուհիների նախկին դաստիարակը)։ <...> Մորաքրոջս մոտ կային եկեղեցու բանալիները, և քահանան նույնիսկ թույլ էր տվել նրան մտնել խորան՝ այնտեղ անհրաժեշտ մաքրությունը պահպանելու համար»[7]։

1957 թվականի օգոստոսի 31-ին Սոֆյա Իվանովնան մահացել է Մուրանովոյում։

  Ես ականատես եղա Սոֆյա Իվանովնայի դիակի դուրսբերմանը։ Դագաղը դրված էր խոտով լցված և գորգով ծածկված շատ խարխուլ սայլի վրա, շուրջը նստած էին ծանոթները, ովքեր եկել էին Մոսկվայից։ Հեռանալու պահն այժմ իմ աչքի առաջ է։ Ակամայից հիշեցի Սոֆյա Իվանովնայի անցյալը, նրա գործունեությունը արքունիքում։ Նրան թաղեցին Ռախմանով գյուղում, որը գտնվում է Մուրանովից 7 կիլոմետր հեռավորության վրա Յարոսլավլի մայրուղու երկայնքով[8]։
- Արվեստաբան Ալեքսեյ Նիկոլաևիչ Սվիրին, «Մարդիկ, իրեր, բնություն» հուշեր
 

Տոհմածառ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Королёва И. А., Сахно А. А. «…эти пять лет только им и были мною посвящены» // Газета «Маяк». 16.03.2016.
  • Долгополова С. А., Малютина В. И. Двойной портрет Тютчевых // Наше наследие. 2010. № 95.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Музей-заповедник усадьба Мураново имени Ф.Тютчева - «…эти пять лет только им и были мною посвящены»» (ռուսերեն). muranovo-museum.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.(չաշխատող հղում)
  2. Тютчева С.И. [За несколько лет до катастрофы // Наше наследие. 1997. № 41. С. 65–76. https://knigogid.ru/books/237827-za-neskolko-let-do-katastrofy/toread «читать онлайн»] (ռուսերեն). КнигоГид. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  3. Богданович А. Три последних самодержца. — Москва, 1990. — С. 511.
  4. Ден Ю.А. Подлинная царица. — М.: Вече, 2009. — 304 с. — ISBN 978-5-9533-3663-5
  5. Юлия Ден. «Подлинная царица». Романовы. Письма, дневники, фотографии, документы, относящиеся к семье последнего русского царя Николая II.
  6. Eagar M. Chapter 5. Concerning Easter. // Six years at the Russian court. — C. L. Bowman, 1906. — 283 с.(անգլ.)
  7. Николай Пигарёв Домашние дети. // Москва родословная. — Москва, 1998. — С. 175.
  8. Памятники отечества. Мураново. — Москва, 2003.