Սուրմառի (բերդաքաղաք)

Սուրմառի, նաև՝ Սուրմարի կամ Սուրբ Մարի, բերդաքաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ճակատք գավառում, Երասխ և Վարդամարդ գետերի միախառնման մոտ, Խաչասարի ստորոտին։

Պարսպապատած, աշտարակներով և մետաղակուռ դարպասներով ամրացած հյուսիսից պաշտպանվում էր նաև Երասխ գետով, մնացած կողմերից՝ խոր անդունդներով։ Գլխավոր դարպասը (գետի կողմից) տանում էր դեպի դղյակ, որն իր հերթին ամրացված էր բարձր պարիսպներով ու հզոր աշտարակներով։ Թովմա Մեծոփեցին Սուրմառի ամրությունների շինությունը վերագրում է Բագրատունիներին (հավանաբար վերանորոգել են հին բերդը)։ Ըստ Արիստակես Լաստիվերցու, Հայոց թագավոր Հովհաննես Սմբատից (1020-1041), այլ բերդերի թվում, Վեստ Սարգիսը բռնատիրել է նաև Սուրմառի բերդաքաղաքը։ Ալփ Արսլանը Սուրմառին գրավել և վերածել է թուրքական զորանիստի։ 13-րդ դարի սկզբին Սուրմառին ազատագրել են Զաքարյանները։ 1387 թվականին Սուրմառին գրավել և ավերել են Լենկթեմուրի հրոսակները։ Հետագայում վերանորոգվել է, որովհետև 15-րդ դարի սկզբին եվրոպացի ճանապարհորդ Կլավիխոն Սումառին նկարագրում է որպես կանգուն բերդաքաղաքի և համանուն վիճակի կենտրոն։ 16-18-րդ դարերին՝ պարսկական տիրապետության ներքո, Սուրմառին եղել է Երևանի խանության համանուն մահալի, իսկ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց (1828) հետո՝ համանուն գավառի կենտրոնը։ 1920 թվականին Սուրմառին զավթեց քեմալական Թուրքիան։ Կոտորածներից փրկված Սուրմառեցի հայերը ապաստան գտան Խորհրդային Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 211 CC-BY-SA-icon-80x15.png