Սուրբ լինի անունը Քո (քանդակ)


Սուրբ լինի անունը Քո (1985 թ․), նաև՝ Սուրբ եղիցի անունը Քո, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի քանդակը, որը 2023 թ․ հունիսից տեղադրված է Երևանի Մանկական այգում՝ Երևանի ավագանու որոշմամբ[1]։

Սուրբ լինի անունը Քո
քանդակագործՂուկաս Չուբարյան
տարի1985
նյութԲրոնզ
գտնվելու վայրՄանկական այգի
քաղաքԵրևան

Պատմություն խմբագրել

Քանդակը նվիրված է Չուբարյանի անհետ կորած եղբոր հիշատակին, որը նահատակվել էր 1942 թ.-ին Լենինգրադի մոտակայքում։ Քանդակագործի դուստր Անուշ Չուբարյանը հիշում է, որ այս այն իր հայրը համարում էր իր լավագույն աշխատանքը․ այն սիրո ու նվիրումի մասին է, և ցանկացած կյանք, որը զոհաբերվում է պատերազմի ժամանակ, մատաղ է ու նշանակություն չունի, թե որ պատերազմի ժամանակ է դա տեղի ունեցել[1]։  

Քանդակը նվիրված է իր եղբոր հիշատակին, որը նահատակվել էր հեռավոր 1942 թ․-ին Լենինգրադի մոտակա ճահիճներում։ Արձանը ստեղծեց 1985թ․-ին։ Այդ ժամանակ եղբայրը դեռ անհետ կորած էր համարվում, հայտնաբերվել էր միայն նրա անվանանշանը։ Լուսեղեն Չուբարյանի աճյունը հայտնաբերվեց 2007թ․-ին՝ հորս մահից երկու տարի առաջ։ Հայրս ուժեղ մարդ էր, կենսախինդ, բայց այդ օրը, երբ զանգեցին մեր տուն և ասացին, որ գտել են եղբոր մասունքները, ես հորս առաջին անգամ տեսա հեկեկալիս։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում, երբ տանը կա անհետ կորած, իրենց համար պատերազմը երբեք չի վերջանում։ Հայրս ասում էր՝ երբ ամբողջ երկիրը տոնում էր հաղթանակի օրը, մենք չէինք տոնում[2]։ (Անուշ Չուբարյան)

Քանդակի բացումը խմբագրել

 

Քանդակագործի 100-ամյա հոբելյանի առթիվ Չուբարյանների ընտանիքը Երևանին է նվիրել վարպետի ամենանշանավոր գործերից մեկը՝ «Սուրբ լինի անունը Քո» բրոնզաձույլ արձանը (1985թ․) նվիրել է Երևանին։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունիսի 16-ին` քանդակագործի ծննդյան օրը, Մանկական այգում։ Քանդակի հանդիսավոր բացմանը մասնակցել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ղուկաս Չուբարյանի հարազատները։

Այսօր շատ նշանավոր օր է. հաճախ չէ, որ մայրաքաղաքում մենք հավաքվում ենք Երևանի կերպարը կերտող անձի 100-ամյակի առթիվ։ Այսօր Երևանը ևս մեկ շատ կարևոր՝ չուբարյանական գործով հարստացավ։ (Տիգրան Ավինյան)[1]

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Չուբարյան արվեստագետից, նրա ժառանգությունից շատ բան կա սովորելու, և այս վայրը կդառնա նրա անցած դժվարին ուղին հիշելու և վերաիմաստավորելու վայրերից մեկը․

Մեզ պետք են թռիչքից չվախեցող արվեստագետներ և ստեղծագործողներ, ինչպիսին Չուբարյանն էր, որովհետև դա է ճշմարիտ արվեստի գրավականը։ Չուբարյանի ժառանգությունն ուղերձ է, որը պարտավորություն ունենք փոխանցելու նաև մեր երեխաներին, նրանց համար կրթության մաս դարձնելու և դրանով իսկ շարունակելու և զարգացնելու այն։ (Ժաննա Անդրեասյան)[3]

Քննադատությունը խմբագրել

Քանդակի տեղադրումը միանշանակ չի ընդունվել հասարական շրջանակներում։ Գրականագետ Հովիկ Չարխչյանը, մասնավորապես, դժգոհ է եղել քանդակի անվանումից․

Գոնե ինձ համար անհասկանալի պատճառներով քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակը այն անվանել է «Լույս իջնի վրադ»։ Ես չգիտեմ՝ ո՞րն է այդ խմբագրման պատճառը, բայց անվան փոփոխությունը համարում եմ կոպիտ միջամտություն։ (Հովիկ Չարխչյան)[4]

Լրագրող Շաքե Ավոյանն էլ իր զրույցն է հիշում քանդակագործի հետ, որի ընթացքում Չուբարյանը նրան մասնրամասն պատմել էր այդ աշխատանքի մասին։ Լրագրողի խոսքով՝ «չէր ուզենա տեսնել այդ արձանը` խեղճ զինվորի այդ կերպարը, Երևանում»․

Ի դեպ, ինքն էլ, կարծես, ասաց, որ դա թանգարանի և ոչ թե քաղաք զարդարելու արձան է։ (Շաքե Ավոյան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 ««Երևանը ևս մեկ շատ կարևոր՝ չուբարյանական գործով հարստացավ». Տիգրան Ավինյանը մասնակցել է «Սուրբ եղիցի անունը Քո» արձանի բացման արարողությանը».
  2. Հայկ Մակիյան. «Լույս իջնի վրադ. «Չուբարի» արձանը մանկական զբոսայգում». Հետք.
  3. «Երևանի Մանկական այգում տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակը».
  4. «Քանդակը կոչել են «Սուրբ եղիցի անուն քո», մինչդեռ հեղինակն այն անվանել է «Լույս իջնի վրադ»․ ո՞րն է այդ խմբագրման պատճառը․ Հովիկ Չարխչյանը՝ Չուբարյանի քանդակի մասին».