Սուրբ Կարապետ եկեղեցի (Նեսվետայ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ եկեղեցի, հայկական տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի և Բոլշեսալսկի գյուղական համայնքի Նեսվետայ գյուղում։ Պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցու շենքը, համաձայն մարզային խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 325 որոշման, տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է։
Սուրբ Կարապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նեսվետայ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1790 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ճարտարապետական ոճ | նեոդասականություն |
Հիմնադրված | 1790 |
Church of Surb Karapet, Nesvetay Վիքիպահեստում |
Հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, գյուղ Նեսվետայ, Վորոշիլովի փողոց։
Պատմություն
խմբագրելԴոնի հողերը հայերով բնակեցումը տեղի է ունեցել 18-րդ դարի վերջում, երբ Եկատերինա II կայսրուհին հրամանագիր է ստորագրել Ղրիմից Մերձազովիե հայերին վերաբնակեցնելու մասին։ 1779 թվականին հազարավոր հայեր ժամանեցին նոր բնակության վայր՝ հիմնելով Չալթր, Ղրիմ, Մեծ Սալա, Սուլթան Սալա և Նեսվետայ գյուղերը։ Նեսվետայ գյուղը հիմնադրվել է 1780 թվականին, իսկ Սուրբ Կարապետ գյուղական եկեղեցին հիմնադրվել է 1790 թվականին։
1837 թվականին Նոր Նախիջևանի առաջին գիլդիայի վաճառական մահտեսի Կարապետ Տոնիկյանը դիմում է Նոր Նախիջևանի հոգևոր վարչություն՝ սեփական փողերով գյուղում նոր եկեղեցի կառուցելու թույլտվություն ստանալու համար, քանի որ հին եկեղեցու շենքն արդեն խարխուլ վիճակում էր։ Թույլտվությունը ստացվում է և 1858 թվականի գարնանը սկսվում է եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցին նախատեսված էր 250 ծխականների միաժամանակյա այցելության համար։ 1866 թվականի հուլիսի 12-ին վաճառականը մահանում է և եկեղեցին մնում է անավարտ։ Տոնիկյանը կտակել էր իր մահից հետո ավարտել տաճարի շինարարությունը։ Տաճարը կառուցելու համար ժամանակին նա ձեռք էր բերել բազմաթիվ շինանյութեր, որոնք կարող էին օգտակար լինել շինարարությունը շարունակելու համար։
1866 թվականին Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման համար ծախսվել էր մոտ 30 հազար ռուբլի, սակայն շենքի շինարարությունն ավարտվել էր մինչև քիվը։
1867 թվականին ծխականները որոշում են կառուցել նոր եկեղեցի՝ օգտագործելով մնացած շինանյութերը և դիմում են կոնսիստորիա՝ թույլտվություն ստանալու համար։ Նոր եկեղեցու կառուցումը հիմնավորվում էր նրանով, որ սկսված եկեղեցու ճարտարապետությունը չի համապատասխանում հայկականին, ինչպես նաև ճիշտ չի ընտրված վայրը։ Սակայն 1869 թվականի նոյեմբերին կոնսիստորիան ծխականներին թույլ է տալիս միայն ավարտել Տոնիկյանի կողմից սկսված եկեղեցու շինարարությունը՝ օգտագործելով նրա գնած շինանյութերը։ 1870 թվականին եկեղեցու շինարարությունն ավարտվում է։
Եկեղեցուն կից դեռևս 1868 թվականին բացվել էր եկեղեցական-ծխական դպրոց, որտեղ սովորում էր միանգամից 18 երեխա։ 1896 թվականին աշակերտների թիվը հասել է 87-ի։ 1903 թվականին դպրոցը հանձնվել է Կրթության նախարարության իրավասության տակ՝ պահպանելով եկեղեցական ֆինանսավորումը։
Հետագա տարիներին եկեղեցին ենթարկվել է բազմաթիվ նորոգումների և վերակառուցումների։ 1886 թվականին վերանորոգվել է տանիքը, որի համար եկեղեցու եկամուտներից ծախսվել է մոտ 200 արծաթե ռուբլի։ 1888 թվականի հունիսին արքեպիսկոպոս Գրիգորը թույլ է տվել խաչի համար պատվանդանի կառուցումը։ Դրա համար անհրաժեշտ էր հայթայթել 3 հազար ռուբլի։ Այս գումարի մի մասը՝ հազար ռուբլի, նվիրաբերվել է Նոր Նախիջևանի պատվավոր քաղաքացի Միխայիլ Ավագյանը, եկեղեցու եկամուտներից հատկացվել է 800 ռուբլի, մնացածը հավաքվել է եկեղեցու անդամների կողմից։
1923 թվականին վերանորոգվել են եկեղեցու զանգակատան աշտարակի սանդուղքը և կրկին տանիքը։ Այդ տարիներին եկեղեցում ծիսակատարություններ անցկացնում էին երկու քահանաներ։
1930-ական թվականներին եկեղեցին խարխլվել էր և վերանորոգման համար միջոցների բացակայության պատճառով ծիսակատարությունները դադարեցվել էին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տաճարը տուժել է հրետակոծությունից, քանդվել են առաստաղների և պատերի մի մասը, զանգակատան գմբեթը։
Ներկայում եկեղեցու շենքը վերանորոգման կարիք ունի։ Քանդված է զանգակատան գմբեթը, պատուհանները չունեն շրջանակներ, տաճարի որմնանկարներից մնացել են դրվագներ։ Այնուամենայնիվ, եկեղեցու շենքը, համաձայն մարզային խորհրդի 1992 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 325 որոշման, տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձան է։ Տաճարի վերականգնման համար նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվում։
Գրականություն
խմբագրել- Вартанян В. Г. Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001.
- Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер. 1988.
- Шахазиз Е. Новый Нахичеван и новонахичеванцы / Перевод с армянского Ш. М. Шагиняна // Ростов-на-Дону, 1999.
- Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013.