Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Երևան)

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաթողիկե), Երևանի հին մատուռ-եկեղեցիներից է։ Գտնվում է Երևանի կենտրոնում՝ ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։ Միջնադարյան բազիլիկայի մեջ հետագայում ներկառուցված հին-մատուռը բուն Երևանի (առանց հետագայում Երևանի մաս դարձած մոտակա բնակավայրերի՝ Ավան, Քանաքեռ, և այլն) ամենահին կառույցն է, որը երբէև չի ավերվել՝ նույնիսկ 1679 թվականի երկրաշարժի ժամանակ։

Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցին (Կաթողիկե)
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան, Կենտրոն համայնք, Աբովյան Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում
ՀասցեԱբովյան փող. 15
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Հիմնական ամսաթվերը1264
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԽաչքար, Խաչքար Գրիգորի Անանի, Խաչքար Մելիք Աղամալի, Խաչքար Նիկողոսի, Որմնանկար «Աստվածամայրը մանկան հետ» և Որմնանկար «Ավետում»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ13-րդ դար
Հիմնադրված1264
7,5 մետր
Երկարություն5,4 մետր
Լայնություն7,5 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Katoghike Church, Yerevan Վիքիպահեստում

Ճարտարապետություն

խմբագրել

Միջնադարում Կաթողիկե եկեղեցին եռանավ բազիլիկ էր, կենտրոնական առանցքով, չորս պիլոններով, որոնց վրա երբևէ բարձրացել էր մեծ գմբեթ։ Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով։ Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր։[փա՞ստ] Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից։ Եկեղեցուն կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին։[փա՞ստ] Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի։ Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է բազիլիկի աբսիդի տեղում՝ դա պլանով, դրսից (առանց խորանների), որի բարդ պիլաստրները կապվում են իրար թեթև սլաքանման, բայց աղեղնավոր կամարներով եկեղեցի է։

Կաթողիկե Սբ․ Աստվածածինը իրենից ներկայացրել է արտաքուստ ուղղանկյուն հատակագծով շինություն, որը ուներ չորս հաստ սյուներով եռանավ սրահ և արտաքին պատերին նստած երկթեք տանիքով թաղակապ ծածկ, հարավային դռան առջև` գավիթ, որը, ըստ արձանագրության, նորոգվել է 1860 թվականին։ Կաթողիկեի հին շինությունն ունեցել է նաև ժամատուն, որը կառուցել է երևանցի բարերար Արզումբեկի որդի Խոջա Գրիգորը։ Վերջինս եկեղեցուն նվիրել է ձեռագրեր, թանկարժեք եկեղեցական իրեր։ 1652 թվականին գրված ձեռագիր ՙՅասմաւուրի՚-ի հիշատակարանում գրված է.

Եւ շինեաց (Խոջա Գրիգորը) զկաթուղիկէ եկեղեցւոյ ժամատունն ի հիմանց բազում ծախիւք և ետ ընծայս եկեղեցւոյ մեկ յասմաւուր, մեկ ճաշոց, մեկ ոսկետուփ մագաղաթ աւետարան, մեկ ատենի սաղմոս, մեկ զառբաբ շուրջառ իր զգեստովն, մեկ արծաթե բուրվառ, մեկ ջահ, չորս թուջի կանթեղ,…[2]

Կաթողիկեն ներքուստ իրենից ներկայացնում էր չորս սյուներով երեք թաղի բաժանված մեծ սրահ, որոնցից միջինի արևելյան մասում գտնվում էր մեծ խորանը կամ սեղանը։ Վերջինս իր ներքին հատակագծով առավել նման էր փոքր գմբեթարդ զանգակատան, որն իր պատերով և գմբեթի մի մասով մխրճված էր եկեղեցու սրահի մեջ, միևնույն ժամանակ տարբերվում էր պատերի շարվածքով։ Սեղանի ներքին տեսքը նունպես առանձին կառուցված եկեղեցի էր հիշեցնում` նման 13-14-րդ դարի կառույցներին։ Պատահական չէ, որ արևելյան խորանը առանձին անունով կոչել են Սբ Աստվածածին։ Երվանդ Շահազիզը մեջ բերելով Շարդենի հիշատակությունը Սբ. Աստվածածին եկեղեցու մասին գրում է, որ օտարերկրյա ճանապարհորդն այն անվանել է «Կաթովիկ»։ Եկեղեցին կործանվել է 1679 թվականին մեծ երկրաշարժից, վերակառուցվել է 1693 թվականին, ինչի մասին վկայում է արևմտյան պատին ագուցված խաչքարի արձանագրությունը`

«Յիշատակ է խաչս Օհանիսի որդի Աղամալին թվ. ՌՃԽԲ /1963/»[3]:

Կաթողիկեի կառուցման տարօրինակ առանձնահատկությունների պարզաբանումը իրականացավ 1936 թվականին, երբ Երևանի նոր հատակագծի և փողոցների բարեկարգման նախագծով որոշվել էր քանդել եկեղեցին։ Քանդման աշխատանքներն իրականացվել են հնագետների հսկողության ներքո` Կ. Ղաֆադարյանի ղեկավարությամբ։ Քանդումների արդյունքում բացվել է 13-րդ դարով թվագրվող կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որի հարավային պատի արձանագրությունը վկայում է, որ 1264 թվականին Երևանը հողով ու ջրով գնվել է ոմն Սահմադինի կողմից։ Հաշվի առնելով, որ կառույցը Երևանի միջնադարյան պատմության եզակի կանգուն հուշարձաններից է, որոշվում է պահպանել, վերանորոգել եկեղեցին, մաքրել և բարեկարգել շրջապատը /վերականգնող` Հ. Գասպարյան/: Երկար տարիներ մատուռը ծվարել էր ԳԱ Լեզվի ինստիտուտի բակում։ 2008 թվականին սկսվել են շինարարական նոր աշխատանքներ, որոնց արդյունքում Լեզվի ինստիտուտի շենքը քանդվել է և գողտրիկ եկեղեցին տեսանելի է բոլոր կողմերից[4]։

Թվագրություն

խմբագրել

Եկեղեցու հին կառույցի պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264 թվականով։ Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարով, իսկ հյուսիսային պատին՝ 1609 թվականով թվագրված արձանագրություններ։ Ըստ Աշխարհբեկ Քալանթարի եկեղեցու բազիլիկն ըստ կառույցի տեսակի դասական բազիլիկայի խիստ բնորոշ և կայուն տիպ է և ամենաուշը 7-րդ դարի կառույց էր, իսկ ներկայումս պահպանված Սուրբ Աստվածածին մատուռը, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը կառուցվել է 10-րդ դարում[5]։

Պատմություն

խմբագրել

11-15-րդ դարերի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել։ Մի հանգամանք, որը վկայված է հենց իրեն՝ Կաթողիկեի արձանագրություններում, սրանցից 14-րդ դարի սկզբի 1301-1318 թվականների արձանագրություններում եկեղեցու նվիրատուները ժամատեղացս հոգնակի ձևն են օգտագործում։ 15-րդ դարում բազիլիկան վեր է ածվում մատուռի համար ժամատան, իսկ մատուռը դառնում է նրա համար սեղան՝ բեմ[5] Եկեղեցին կարող էր շատ ավելին պատմել, եթե կարողանար խոսել[6]։

Կաթողիկե եկեղեցին ունեցել է քահանաների օթևան, որտեղ ապրել են Մովսես Սյունեցին, Մելիքսեթ և Սահակ կաթողիկոսները։ Այստեղ է գրվել Առաքել Դավրիժեցու պատմության ընդօրինակումը` երևանցի ձեռագրեր ընդօրինակող գրիչ Ավետիք երեցի կողմից[7]։

Եկեղեցին վերակառուցվել է 1693 թվականին Երևանի մեծ երկրաշարժից հետո, սակայն ինչպես եզրակացնում է Երվանդ Շահազիզը՝ այն բոլորովին կործանված չի եղել և վերաշինվել է, ըստ երևույթին, հնի ձեւով և ոճով հնի մնացորդների վրա[8]։

21-րդ դարում եկեղեցին գտնվում է Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի անկյունում։ 2009 թվականի հուլիսի 4-ին Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ կատարվեց Սբ Աննա եկեղեցու և Վեհափառ հայրապետի երևանյան նստավայրի հողօրհնեքի արարողությունը` Գարեգին Բ կաթողիկոսի առաջնորդությամբ։ Նրա շուրջ խոյանում է եկեղեցական կառույց։

Կրակոցների տեղերը պատերին

խմբագրել

Եկեղեցու հարավային պատին առկա են կրակոցների հետքեր, որոնք ըստ քաղաքային լեգենդի՝ թողել են Երևանը պաշարած բոլշևիկները։ Սակայն Կաթողիկեի 1936 թվականի ապամոնտաժումից առաջ եկեղեցին չափագրած ու արձանագրությունները վերծանած Կարո Ղաֆադարյանը պնդում է, որ դրանք կարող էին առաջացած լինել միայն պարսից շահ Աբբասի՝ Երևանը գրավելու մարտերի ժամանակ՝ 1604 թ․, որովհետև մինչ այդ Հայաստանում հրազեն չի գործադրվել, իսկ 1609 թ․ արձանագրած այդ պատը ծածկվել է ժամատան մասերով, հետագայում՝ 1679 թ․ երկրաշարժից, երբ փլվել է ժամատունը, այդ պատը ծածկվել է մեծ եկեղեցու ավանդատների պատերի մեջ ու բացվել համապատասխանաբար միայն 1936-ին[2]։

Կառուցապատման ժամանակացույց

խմբագրել
  • Կաթողիկե եկեղեցի, 13-րդ դար, գմբեթարդ կառույց` ուղղանկյուն հատակագծով։
  • 1642 թվականին կցակառուցվել է եռանավ բազիլիկ տիպի նոր եկեղեցին, ճարտարապետ՝ Գրիգոր Ուստա։
  • 1936 թվականին քանդվել է կցակառույց եկեղեցին։
  • 1950 թվականին կատարվել են վերականգնման աշխատանքներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Կարո Ղաֆադարյան, Երևան. Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Երևան 1975
  3. Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971
  4. Հայաստանի Ազգային Արխիվ, ֆ. 1063, ֆ. 409, ց. 1
  5. 5,0 5,1 Աշխարհբեկ Քալանթար, հայաստան Քարե դարից միջնադար, Երևանի կաթողիկեն, Երևան 2007 (ձեռագիրը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում)
  6. https://mediamax.am/am/news/society/9844/
  7. Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002
  8. Շահազիզ, Երվանդ (2003). Հին Երևանը. Երևան: Մուղնի հրատարակչություն. էջեր 207. ISBN 99941-33-01-2.

Արտաքին հղումներ

խմբագրել